Ռուսաստանը Հարավային Կովկասում ազդեցության վերականգնման համար գործի է դնում տնտեսական գործիքակազմը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է՝ «Ռուսաստանի երկաթուղիները» տարածաշրջանի գործընկերների հետ քննարկում են ռուսաստանյան ապրանքների՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցման կազմակերպման հարցերը:

Օվերչուկը մասնավորապես նշել է. «Ադրբեջանական կողմը հաստատել է, որ հնարավոր է օգտագործել Ադրբեջանի երկաթուղիները՝ ռուսաստանյան արտադրանքն Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու համար։ Այս առումով ունենք շատ հետաքրքիր առաջընթաց։ Այժմ «Ռուսաստանի երկաթուղիները», տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին, լուծում են այդ փոխադրումների կազմակերպման հարցերը։ Միաժամանակ համապատասխան հանձնարարականներ են տրվել գյուղատնտեսության նախարարության գծով՝ այս նոր լոգիստիկ ուղղությունը զարգացնելու համար»։

Այստեղ հարկ է հիշեցնել վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած մի քանի իրադարձություն:

Երկար դադարից հետո հոկտեմբերի 9-ին Դուշանբեում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Իլհամ  Ալիևի հետ, որի ժամանակ ՌԴ ղեկավարը հերթական անգամ ներողություն խնդրեց ադրբեջանական կողմից ռուսական օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար՝ փորձելով մեղմել ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջացած տևական լարվածությունը:

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 13-14-ն Ալեքսեյ Օվերչուկն այցելեց Ադրբեջան, որտեղ մասնակցեց Ադրբեջանի և Իրանի կառավարական պատվիրակությունների եռակողմ հանդիպմանը՝ քննարկելով ռեգիոնալ ճանապարհների հարցերը:

Հոկտեմբերի 21-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն հանել է սահմանափակումները՝ իր տարածքով Հայաստան բեռների տարանցման վերաբերյալ։ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը: «Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հոկտեմբերի 24-ին էլ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերը խորացնելու հնարավորությունները։ Մասնավորապես՝ էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ համատեղ նախագծեր իրականացնելու ցանկությունը։

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, ով մշտապես հայտարարում էր, թե ռեգիոնում առանց Ռուսաստանի ապաշրջափակում հնարավոր չէ, առանցքային հայտարարություն է անում, ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանն առանցքային համաձայնությունների է հասել կողմերի՝ մասնավորապես Ադրբեջանի հետ բանակցություններում՝ տեղավորվելով հետվաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում:

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը մեզ հետ զրույցում ասաց, որ ակնհայտորեն սա ոչ միայն պարզապես տնտեսական նախաձեռնություն է, այլ ռազմավարական քայլ՝ որոշակիորեն վերականգնելու Ռուսաստանի դերակատարությունը և մասնակցությունը Հարավային Կովկասի հաղորդակցական ուղիների ձևավորման գործընթացում։ Նրա որակմամբ, սա ցույց է տալիս, որ Մոսկվան դուրս չի  մնում տարածաշրջանի ապաշրջափակման նոր իրականությունից, որը վերջին ամիսներին զարգանում է առանց ՌԴ ուղիղ մասնակցության ու վերահսկողության։

«Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո կային մի շարք հարցեր, որոնք պատասխան չունեին՝ ինչպես են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հարաբերվելու Հարավային Կովկասում Թրամփի միջնորդության, ինչպես նաև Մոսկվայի դիրքերի թուլացման ֆոնին: Այստեղ ոչ պակաս կարևորություն ուներ նաև այն հանգամանքը, որ Երևանի ու Բաքվի հետ Մոսկվայի հաղորդակցությունը ևս թույլ էր, խնդրահարույց: Եվ Ռուսաստանը, փաստորեն, առաջին քայլերն է անում ինտեգրվելու պայմանավորվածություններին այս իրավիճակում, հիշենք, որ գոյություն ուներ ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խումբ Ռուսաստանի հետ, որը, սակայն, չաշխատեց: Այժմ Ռուսաստանը փորձում է վերականգնել ազդեցությունը տնտեսական գործիքակազմի միջոցով։ Տարանցման գաղափարը ներկայացվում է տնտեսական շահերի շրջանակում, սակայն իրականում այն ունի նաև քաղաքական բնույթ։ Ռուսական բեռների անցումն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան նաև փորձ է՝ վերադարձնելու վստահությունը՝ ստիպելով Բաքվին ու Երևանին կրկին հաշվի նստել ռուսական ներկայության հետ»,- նշեց վերլուծաբանը:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել, որ այս գործընթացը կարող է մարտահրավերային լինել, քանի որ Երևանն ու Բաքուն ցույց են տալիս, թե փորձում են ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, իսկ ՌԴ միջնորդությունը նման իրավիճակում կարող է տարբեր կերպ ընկալվել։ Սակայն, նրա խոսքով, եթե պայմանավորվածությունը կա, ուրեմն պետք է ակնկալել, որ այն կիրագործվի:

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը ռեգիոնում պասիվության որոշ շրջանից հետո գործնական համագործակցության դաշտ տեղափոխվելու սկզբնական փուլում է, որում շեշտը դնում է տնտեսական փոխհամագործակցության վրա: Ինչպես տեսնում ենք, ՌԴ-ն նույնն անում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, էական շեշտադրումներ անելով հարաբերությունների հենց տնտեսական  շահավետության վրա: Սա, կարելի է ասել, Մոսկվայի համար բարդ իրավիճակում այն տնտեսական գործիքն է, որը կարող  է քաղաքականապես աջակցել ՌԴ դիրքերի պահպանմանը Հարավային Կովկասում: Պետք է հաշվի առնել՝  ներկայիս պայմաններում Մոսկվայի ազդեցության գործիքները զգալիորեն սահմանափակ են, քանի որ ՌԴ ողջ ռեսուրսն ուղղված է  այլ ուղղության։ Ռուսաստանի նմանատիպ մասնակցությունը ռեգիոնալ ապաշրջափակմանն ամենևին չի նշանակում,  որ ՌԴ-ն վերականգնում  է ռեգիոնում իր առաջատարի դիրքը, սա նշանակում է, որ Ռուսաստանը դուրս չի մնում ռեգիոնից, ունենում է համագործակցային ներկայություն, ոչ թե որոշիչ»,- պարզաբանեց նա:

Հատկանշական է նաև այն, որ ժամեր առաջ Թրամփը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մասին, ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինն իր հետ հեռախոսազրույցում նշել է, որ հենց ամերիկացի առաջնորդն է կարողացել առաջընթացի հասնել.  «Մենք ունենք Ադրբեջան և Հայաստան։ Դա շատ դժվար էր։ Փաստորեն, Պուտինը հեռախոսով ինձ ասաց. «Դա հիանալի էր, քանի որ բոլորը փորձեցին դա անել, բայց չկարողացան»։ Իսկ ես դա արեցի»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Եվ, փաստորեն, չի բացառվում, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ը ու ՌԴ-ն շարժվում են ոչ այնքան միմյանց բացառման, որքան համագործակցության սկզբունքով:

Տեսանյութեր

Լրահոս