Ի՞նչ ծրագրեր ուներ Հիտլերի Գերմանիան Հայաստանի և տարածաշրջանի հետ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ

Հայրենական Մեծ պատերազմը, որը տեղի է ունեցել 1941-1945 թվականներին, մարդկության պատմության ամենադաժան ու մասշտաբային հակամարտություններից էր, որը նշանավորվեց Խորհրդային Միության ժողովուրդների աննախադեպ դիմադրությամբ և հերոսությամբ։ Այն սկսվեց 1941 թ. հունիսի 22-ին, երբ նացիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա՝ խախտելով չհարձակման պայմանագիրը։

Պատերազմին մասնակցեցին միլիոնավոր զինվորներ ու քաղաքացիական անձինք։ ԽՍՀՄ ժողովուրդը, միավորելով իր ուժերը, կարողացավ կանգնեցնել գերմանական բանակի առաջխաղացումը՝ վճռորոշ ճակատամարտերում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հիտլերյան Գերմանիան իր ծրագրերում և ռազմավարական փաստաթղթերում կարևոր ուշադրություն էր դարձնում Կովկասի տարածաշրջանին, հաշվի առնելով դրա ռազմավարական դիրքը, բնական պաշարները՝ նավթ և մետաղներ: Սրանից զատ, տարածքը հանդիսանում է նաև կամուրջ՝ Մերձավոր Արևելք ներթափանցելու համար։

Կարդացեք նաև

Հիտլերի Գլխավոր շտաբի ծրագրերում նախատեսվում էր Կովկասի նվաճումը որպես Սովետական Միությունը փլուզելու և նավթային պաշարների վերահսկման միջոց։ Գերմանական քարոզչությունը ժամանակ առ ժամանակ փորձում էր շահարկել հակախորհրդային տրամադրությունները Հայաստանի որոշ շրջանակներում՝ փորձելով օգտագործել դրանք ԽՍՀՄ-ում ապակայունացում ստեղծելու համար: Հատկանշական է, որ այդ շրջանում Գերմանիան ծառայության էր հրավիրել մի շարք հայ գործիչների, ովքեր գտնվում էին հայրենիքից դուրս՝ օտարության մեջ, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը համարում էին Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու հնարավորություն:

Այդ կապակցությամբ ստեղծվել էր Հայկական ազգային խորհուրդը, որը գործում էր Գերմանիայի ռազմական իշխանությունների հետ համագործակցությամբ: Հետաքրքրական է, որ այդ նույն շրջանում արտասահմանում ապրող հայկական մի շարք կառույցներ, ինչպես նաև հայտնի անհատներ կոչ էին անում արտասահմանում ապրող հայերին իրենց ուժերը միավորել և պայքարել ֆաշիզմի դեմ:

Այդ ընթացքում նացիստական Գերմանիան ստեղծեց մի շարք օժանդակ ստորաբաժանումներ՝ խորհրդային ռազմագերիներից։ Դրանցից մեկը Հայկական լեգեոնն էր, որում կար մոտ 20 հազար հայ: Նրանք հիմնականում կա՛մ գերի ընկած խորհրդային զինվորներ էին, կա՛մ սփյուռքահայեր, որոնք հակասովետական տրամադրություններ ունեին։ Լեգեոնը կազմված էր մի քանի գումարտակներից: Լեգեոնն օգտագործվում էր հիմնականում հակապարտիզանական գործողություններում:

Վերադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հիտլերյան Գերմանիայի կողմից Կովկասի հետ կապված ծրագրերին, հարկ է նշել, որ այդ շրջանում իրավիճակն ավելի էր բարդանում, որը կապված էր նաև Թուրքիայի հետ: Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պահպանեց պաշտոնական չեզոքություն, սակայն տնտեսական և դիվանագիտական առումով որոշակի համագործակցություն ուներ Գերմանիայի հետ։ 1941 թվականին Թուրքիան և Գերմանիան ստորագրեցին բարեկամության պայմանագիր, ինչի շրջանակում Թուրքիան սկսեց քրոմի հումք մատակարարել նացիստական Գերմանիային։ Սրան զուգահեռ՝ Թուրքիան ԽՍՀՄ-ի հետ սահմանին կենտրոնացրեց 26 դիվիզիա՝ թիկունքային սպառնալիք ստեղծելով սովետական բանակի համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային բանակում կռվող հայերի թիվը հասնում էր շուրջ 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին։ 200 հազար հայ զինվոր ու սպա զոհվեց, պաշտպանելով Խորհրդային Միությունը և իր հայրենիքը: Այդ ամենի լուռ վկաներն են Հայաստանի ու օկուպացված Արցախի յուրաքանչյուր բնակավայրում գտնվող հուշաքարը, որը նվիրված է պատերազմի մասնակիցներին, զոհվածներին, անհետ կորածներին:

1945 թվականի մայիսի 9-ը դարձավ խորհրդային ժողովուրդների պատմության ամենահիշարժան օրերից մեկը։ Հիտլերյան Գերմանիայի կապիտուլյացիայով ավարտվեց Երկրորդ համաշխարհայինը՝ մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը։ Հայ ժողովուրդը, լինելով Խորհրդային Միության կազմում, այս պատերազմում իր արժանի մասնակցությունն ունեցավ։

Մոտ կես միլիոն հայ կռվեց ռազմաճակատներում, հազարավոր հայորդիներ արժանացան մեդալների ու պարգևների, ունեցանք հերոսներ և մարշալներ: Այդ հաղթանակը մեզ մշտապես հիշեցնում է, որ ազատությունն ու խաղաղությունը ձեռք են բերվում ծանր գնով և պահվում են պատասխանատվությամբ ու արժանապատվությամբ։ Հարկ է նշել հատկապես այն, որ հիտլերյան Գերմանիայի՝ մեր տարածաշրջանի և Հայաստանի հետ կապված ծրագրերը ևս կյանքի չկոչվեցին: Այդ ամենն իրականություն չդարձավ մոտ 80 տարի առաջ մայիսի 9-ին ձեռք բերված հաղթանակի շնորհիվ: Հակառակ դեպքում գուցե Հայաստանն այլ ապագա և ճանապարհ ունենար 80 տարի առաջ:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս