![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը դիտարկում է Իրանո՞վ Նախիջևանին կապվելու տարբերակը․ ի՞նչ կոնսենսուս չի կարողանում ստանալ Ադրբեջանը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Nikol-ALiev-1.jpg)
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հերթական անգամ անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների և, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Մենք կարևորում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը հնարավորինս արագ ավարտվի և խաղաղություն հաստատվի»,- CNN TURK-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, թուրք պաշտոնյան պատասխանել է. «Մեզ համար արժեքավոր քննարկումները շարունակվում են: Իհարկե, պետք է հաշվի առնենք նաև երկրների ազգային անվտանգությունը: Ադրբեջանն ու Հայաստանն այս հարցը քննարկում են»:
Ընդգծելով, որ կա նաև Իրանի այլընտրանքը, Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ այս տարբերակը նույնպես քննարկման սեղանին է. «Ամեն դեպքում, այս միջանցքն է անցնելու: Մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ կանցնի Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով: Մենք նույնպես հետևում ենք իրավիճակին»։
Փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այցելել էր Իրան, որտեղ հանդիպել էր Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանայիի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ քննարկել էր միջազգային կազմակերպությունների և 3+3 ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։
Իսկ X-ում նա գրել էր, թե քննարկման ընթացքում Աղբենդ-Նախիջևան և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները նշվել են որպես տարածաշրջանային և անդրտարածաշրջանային կարևոր նախագծեր, որոնք ծառայում են երկու երկրների ընդհանուր շահերին։ Աղբենդ-Նախիջևան տրանսպորտային ճանապարհն այն է, ինչն իրանական կողմն Ադրբեջանին առաջարկեց, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական պահանջի ֆոնին։ Թեհրանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին և հայտարարել, թե Իրանը երբեք չի համաձայնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխության։ Մասուդ Փեզեշքիանը նշել էր, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է: «Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»,- ասել էր նա:
Վերջերս ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիսի ժամանակ անդրադարձել էր վերոնշյալ թեմային՝ ասելով, որ Իրանի դիրքորոշումն ամբողջությամբ հստակ է: «Մենք հստակորեն և՛ Ռուսաստանին, և՛ մյուս երկրներին հայտնել ենք մեր դիրքորոշումը: Դուք «Զանգեզուրի միջանցք» եք անվանում, ես չեմ ցանկանում «միջանցք» բառն օգտագործել, այնուամենայնիվ, մենք մեր հստակ դիրքորոշումն արտահայտել ենք: Ինչ վերաբերում է Հայաստանի հարավին, ապա այն կարևորությունը, որ այն ունի Հայաստանի և Իրանի համար, տարբեր է այլ երկրների պարագայում, այսինքն, Հայաստանի հարավի կարևորությունը տարբեր երկրների համար տարբեր կարող է լինել: Մեր դիրքորոշումը հստակ է՝ այն, ինչ կունենա միջանցքի տրամաբանություն, մենք դեմ ենք: Մենք դեմ ենք այն ճանապարհին, որը կլինի միջազգային վերահսկողության ներքո: Մենք հստակ այդ մասին արտահայտվել ենք: Եվ այս հարցում որևէ երկրի նկատառումները մենք հաշվի չենք առնելու»,- ընդգծել էր դեսպանը:
Իսկ իրանական տարբերակի մասին խոսելիս՝ դեսպանն ասել էր՝ այն երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, գտնվում է Իրանի ինքնիշխանության ներքո, և մաքսային կանոնակարգերը իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ «Ադրբեջանական կողմին առաջարկեցինք նոր կետով շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան, այն ավելի կարճ է՝ 50 կմ»,- հստակեցրել էր դեսպան Սոբհանին։
«168 ժամի» հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ թուրք նախարարի դիտարկումը նշանակում է, որ այս հարցի վերաբերյալ դեռևս աշխարհաքաղաքական կոնսենսուս չկա։ Սա էլ, նրա խոսքով, տպավորություն է ստեղծում, թե Իրանի ճնշումները, որոնք ուղղված էին հայկական ճանապարհի արտոնյալ կարգավիճակի դեմ, տեղ են հասել, կամ Ադրբեջանը ժամանակավորապես փոխել է գործելակերպը։ Ըստ նրա, ակնհայտ է, որ Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են հայկական ճանապարհի շուրջ համաձայնության գալ, այն էլ՝ արտոնյալ պայմաններով և անխոչընդոտ, ինչպես ադրբեջանցի պաշտոնյաներն են հայտարարում։
«Իրանական ճանապարհին համաձայնելը ստիպված տակտիկական քայլ է, որը նպատակ ունի այս հարցում մեղմել Իրանի դիրքորոշումը կամ ժամանակ շահել։ Կարծում եմ, որ սրանք պարզապես քննարկումներ են, չեմ կարծում, թե Ադրբեջանը սա այս փուլում դիտարկում է՝ որպես միակ տարբերակ, և հրաժարվել է իր հավակնություններից ՀՀ-ով անցնող ճանապարհի հարցում։
Ըստ ամենայնի, աշխարհաքաղաքական սպասում կա, որը վերաբերում է Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններին և նրանց նոր դիրքավորումներին, այդ թվում՝ Անդրկովկասում, ինչպես նաև այս կարևոր հարցում։ ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից և դրա հետևանքով նրանցից յուրաքանչյուրի նոր դիրքավորումը բոլոր ռեգիոններում շատ բաներ է փոխելու, ուստի քանի դեռ նոր ստատուս-քվո չկա, թերևս փորձ կարվի ժամանակ շահել»,- նկատեց վերլուծաբանը։ Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում դադարը ևս պայմանավորված է այդ հանգամանքով։ «Ինչպես տեսնում ենք, կողմերի դիրքորոշումներում փոփոխություն, առաջընթաց չկա, հնչում են հայտարարություններ, մեղադրանքներ, լարվածությունը պահպանվում է, չկան բանակցություններ, սակայն իմ տպավորությամբ՝ կա սպասում աշխարհաքաղաքական նոր իրավիճակի հաստատման և ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության հստակեցման»,- ասաց նա։
Իր հերթին ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ այս մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ռեգիոնում բանակցություններ են ծավալվում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, այդ թվում՝ Իրանի։ Ըստ նա՝ դա նաև ցույց է տալիս, որ Իրանի դիրքորոշումները կարևոր են։ Սակայն, Սիմոնովի խոսքով, այս ամենը ցույց է տալիս նաև այն, որ չնայած ցանկությանը՝ հասնել լուծման այս հարցում արագ, չի հաջողվում արտաքին խաղացողների, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի դիրքորոշումների պատճառով։
«Ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը նաև չի ցանկանում ռուսական միջնորդություն, հետևաբար՝ նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ ռեգիոնալ ապաշրջափակում։ Ադրբեջանը նաև վստահաբար նախընտրում է Հայաստանի տարածքով կապվել Նախիջևանին, սակայն ընդհանուր առմամբ ռեգիոնում կոնսենսուս չկա։ Դա է պատճառը, որ Ադրբեջանի հարաբերությունները լարված էին Իրանի հետ, ներկայումս էլ՝ Ռուսաստանի հետ, այսինքն՝ ռեգիոնում ակտիվ գործընթացներ են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Սիմոնովը գտնում է, որ Թուրքիան այս փուլում պասիվացել է Հարավային Կովկասում և կենտրոնացել զարգացումների վրա Մերձավոր Արևելքում։ «Հարավային Կովկասում պասիվ բանակցությունների պատճառը նաև Թուրքիայի այս դիրքավորումն է»,- ասաց նա։