Վտանգավոր թվեր են դրված բյուջեում. ցածր եկամուտ ունեցողների վիճակը վատանալու է. Վարդան Արամյան

Աշխարհում ընդունված կանոն կա. որքան տնտեսության մեջ հարկային արտոնության ռեժիմները սփռված են, այնքան այդ նույն տնտեսության մեջ ավելի շատ են խոռոչները, որոնցից փորձում են օգտվել խոշոր տնտեսվարողները, ուստի հենց նման խոռոչները բացառելու համար ճիշտ է հրաժարվել հարկային արտոնություններից։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Կառավարության առաջարկած Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին, որոնցով առաջիկայում տնտեսվարողները չեն կարողանա աշխատել շրջանառության հարկով, նման տեսակետ հայտնեց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։

«Իսկ քանի որ բյուջեով պլանավորած ցուցանիշների կատարման պարտավորությունը ֆինանսների նախարարությանն է նաև, ուստի նրանք, հիմքում դնելով հորիզոնական արդարության սկզբունքը, հիմա առաջարկում են հրաժարվել շրջանառության 5 տոկոսանոց հարկից, որովհետև արդար չէ, երբ նույն գործն անող մեկը վճարում է 5 տոկոս, մյուսը՝ 20 տոկոս հարկ։ Առաջարկված փոփոխությունը հենց այդ անհավասարության չեզոքացմանն է միտված»,- ասաց Արամյանը։

Նրա խոսքով՝ քանի որ անհատ ձեռնարկատերերն աշխատում են՝ սեփական ռիսկով և ոչ թե՝ գործատուի, ուստի նրանց բարձրացրած աղմուկը տեղին է, բայց, միաժամանակ, ֆինանսների նախարարության տիրույթից դուրս է, որովհետև բիզնեսների աճեցման տնտեսական քաղաքականության, տնտեսական պոտենցիալի զարգացման պատասխանատուն էկոնոմիկայի նախարարությունն է։

«Փոխարենը՝ Ֆինանսների նախարարության տիրույթում գտնվող խնդիր է շրջանառության հարկից հրաժարվելու ժամկետը։ Ինչո՞ւ են այդ օրենքը կիրառում տարվա կեսից. Այո՛, դա բավականին բարդ է լինելու, ուստի ցանկալի կլիներ, որ օրենքն ուժի մեջ մտներ 2026 թվականից։ Հարց՝ ինչո՞ւ են շտապում. շտապում են, որովհետև 2025 թվականի բյուջեով պլանավորած հարկերի ցուցանիշը խիստ անիրատեսական է, գրեթե անհնար է դա կատարել»,- ասաց Վարդան Արամյանը՝ հիշեցնելով՝ միայն վերջին 9 ամսվա կտրվածքով արդեն առկա է բյուջեով պլանավորածի համեմատ 150 միլիարդ դոլարի թերակատարում, ինչը մինչև տարեվերջ կավելանա 20 միլիարդ դոլարով։

Կարդացեք նաև

Միաժամանակ, Վարդան Արամյանն անարդարացի համարեց ՓՄՁ-ներին ավելի շատ հարկման բեռի տակ դնելուն զուգահեռ՝ նույն որոշումը միկրոձեռնարկատերերի համար չկիրառելու հանգամանքը, կամ ՏՏ ոլորտին տրված հարկային արտոնությունները։

Ըստ Արամյանի՝ ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն վարելու պարագայում միաժամանակ պետությունը պարտավոր է վերանայել, օրինակ, ՏՏ ոլորտին տրված հարկային արտոնությունների հարցը, կամ միկրոձեռնարկատերերին տրված արտոնությունը, ըստ որի, տարեկան 24 միլիոն դրամի շրջանառություն ապահովող միկրոձեռնարկատերերը, որոնք ամսական ունեն մինչև 2 միլիոն դրամի շրջանառություն, ազատված են հարկերից։

«Մինչդեռ ճիշտը պրոգրեսիվ հարկման համակարգն է։ Որքան մարդու եկամուտը մեծ է, այնքան ավելի շատ հարկ պետք է վճարի, որ չստացվի այնպես, որ և՛ շատ աշխատողը, և՛ քիչ վաստակող ուսուցիչը վճարում են նույն չափով՝ 20 տոկոս հարկ»,- ասաց Վարդան Արամյանը։

Հարցին՝ ինչո՞ւ Կառավարությունը որոշեց շատ աշխատողին և քիչ աշխատողին նույն հարկման բազայով հարկել, Վարդան Արամյանը պատասխանեց.

«Կա գիտելիքների պակաս և պոպուլյարության խնդիր. այս Կառավարությունը կրակն է ընկել իր պոպուլիստական հայտարարությունների ձեռքը. նախագծել է մի բյուջե, որը խիստ վտանգավոր է, և որպեսզի դա կատարի, պետք է գործողությունների գնա։ Հարուստներին ավելի շատ հարկելու առումով, դա բարդ խնդիր է, դրան չեն գնա։ Հարուստներն ունեն լոբբինգի ուժ։ Ունևորներն ունեն լոբբիստական ուժեր, իսկ Կառավարությունները պահպանողական են լինում այդ հարցում»,- ասաց Արամյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս