
Ինչու էր ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ից թաքցնում «Տիտանիկի» որոնումները

1985 թվականին «Տիտանիկում» իրականացված որոնողական աշխատանքները ԱՄՆ ռազմածովային ուժերի համար հանդիսանում էին գաղտնի գործողության քողարկման միջոց, CNN-ին ասել է օվկիանոսագետ Ռոբերտ Բալարդը, ով հայտնաբերել է խորտակված լայները։
«Այդ ժամանակ մարդիկ, գոնե շատերը, չգիտեին, որ «Տիտանիկի» որոնումները քողարկում էին գաղտնի ռազմական գործողություն, որը ես անցկացրել էի որպես ռազմածովային հետախուզության սպա։ Մենք չէինք ուզում, որ Խորհրդային Միությունն իմանար, թե որտեղ է մեր սուզանավը»,- բացատրել է օվկիանոսագետը «Տիտանիկի» հայտնաբերման 40-ամյակի կապակցությամբ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գործողության նպատակն էր հետախուզական տվյալներ հավաքել և ուսումնասիրել Ատլանտյան օվկիանոսում խորտակված ամերիկյան «Thresher» և «Scorpion» միջուկային սուզանավերը։ Դրա համար նրանք օգտագործել են Բալարդի կողմից մշակված «Արգո» անվամբ տեխնոլոգիան։ Այդ տեխնոլոգիայի միջոցով հնարավոր էր հեռակառավարվող հետազոտական մեքենայից տեսանյութ փոխանցել դեպի նավ։ Այնուհետև Բալարդը համոզել է ռազմածովային ուժերի ղեկավարությանը ժամանակ հատկացնել «Տիտանիկի» որոնումների համար, ինչը, ի վերջո, ծառայել է որպես գաղտնի ռազմածովային առաքելության քողարկում։
«Տիտանիկն» ուսումասնիրելու Բալարդի առաջին փորձը՝ 1977 թվականին, անհաջող էր, սակայն ձախողված փորձը համոզեց օվկիանոսագետին, որ «Արգո» տեխնոլոգիան կլինի խորտակված նավը հետազոտելու լավագույն միջոցը։
Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը, որը համարվում էր աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը, իր առաջին և միակ ճանապարհորդության ժամանակ բախվեց սառցաբեկորի և խորտակվեց 1912 թվականի ապրիլի 14-ին։
«Տիտանիկի» բեկորները հայտնաբերվել են 1985 թվականի սեպտեմբերի 1-ին՝ կանադական Նյուֆաունդլենդ կղզու ափից մոտավորապես 350 ծովային մղոն հեռավորության և մոտ չորս կիլոմետր խորության վրա։