
Վրաստանում արձանագրվել է մթնոլորտային օդի աղտոտման աճ

Վրաստանի ազգային շրջակա միջավայրի գործակալությունը հայտարարություն է տարածել Արևելյան Վրաստանում մթնոլորտային օդի որակի վատթարացման վերաբերյալ։
Ըստ գործակալության՝ սեպտեմբերի 2-ից Արևելյան Վրաստանի տարածքում արձանագրվել է մասնիկային նյութերի՝ PM10 և PM2.5-ի կոնցենտրացիայի աճ։ Մասնագետների պարզաբանմամբ՝ այդ գործընթացը պայմանավորված է հարավ-արևելքից տարածվող անապատային փոշու զանգվածներով և ունի անդրսահմանային բնույթ։
Գործակալությունը տեղեկացրել է, որ մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումը շարունակվում է ավտոմատ չափիչ կայանների միջոցով։ Հետաքրքրվողները նաև կարող են տեղեկանալ տվյալներին և առողջապահական խորհուրդներին air.gov.ge պորտալում։
Հիշեցնենք, որ Վրաստանում օդի որակի վատթարացման մասին առաջին անգամ չէ, որ հայտարարվում է։ Նախորդ տարիներին նույնպես գրանցվել են նմանատիպ երևույթներ՝ պայմանավորված Սահարայի և հարավային տարածաշրջաններից եկող փոշու հոսքերով։ Օրինակ՝ 2022 և 2023 թվականներին գրանցվել էին անապատային փոշու ինտենսիվ տարածումներ, որոնք հանգեցրել էին օդում մասնիկային նյութերի ժամանակավոր բարձր կոնցենտրացիայի։ Այդ ժամանակ մասնագետները բնակչությանը խորհուրդ էին տվել խուսափել երկարատև բացօթյա ակտիվությունից և հնարավորինս սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրսում։