Կասկածելի ակտիվություն․ բրիտանական փողերը՝ Հայաստանում, հայկական փողերը՝ Շվեյցարիայում

Ֆինանսական միջոցների հոսքերը Հայաստան այս տարի կրկին ակտիվ են։ Ճիշտ է, չեն հասել 2023թ. մակարդակին, երբ արձանագրվեց հոսքերի պիկը, բայց անցած տարվա ցուցանիշներից բավական առաջ են անցել։

Ավելացել է՝ ինչպես դրսից ուղարկվող գումարների մուտքը, այնպես էլ՝ Հայաստանից արտահոսքը։

Տարվա առաջին կեսին ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստան կազմել են 2 մլրդ 756 մլն դոլար, ինչը նախորդ տարվանից ավելի է 231 մլն դոլարով։ Ավելի քան 9.1 տոկոսանոց աճ է գրանցվել 6 ամսվա ընթացքում։

Նույն ժամանակահատվածում արտահոսքը Հայաստանից կազմել է 2 մլրդ 168 մլն դոլար. Ավելացել է 239 միլիոնով։ Ներհոսքի համեմատ՝

Կարդացեք նաև

արտահոսքի աճն ավելի ակտիվ է եղել՝ հասնում է 12.4 տոկոսի։ Սա այնքան էլ չի բխում Հայաստանի շահերից, բայց դա այն է, ինչ Կենտրոնական բանկն արձանագրել է այս տարվա առաջին կեսին բանկերի միջոցով իրականացվող ֆինանսական շարժերի վիճակագրության մեջ։

Ֆինանսական այս հոսքերի մեջ տարօրինակ ակտիվություն է նկատվել հատկապես Շվեյցարիայի ու Մեծ Բրիտանիայի պարագայում։ Երկու դեպքում էլ կտրուկ աճ է արձանագրվել։ Սակայն, եթե Շվեյցարիայի պարագայում ակտիվ է եղել գումարների արտահոսքը Հայաստանից, Մեծ Բրիտանիայի պարագայում ներհոսքն է ոչ պակաս կտրուկ ավելացել։

Այս տարվա առաջին կեսին Մեծ Բրիտանիայից Հայաստան է փոխանցվել ավելի քան 103 մլն դոլար։ Հիմնական գործընկեր երկրների համեմատ՝ այս գումարը գուցե շատ մեծ չէ, բայց ակտիվությունը շատ բարձր է եղել։ Որևէ այլ երկրից ֆինանսական մուտքերի այսպիսի բարձր ակտիվություն չի նկատվել։ Նախորդ տարվա համեմատ այդ երկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցած գումարները գրեթե 2.5 անգամով ավելացել են։

Անցած տարվա առաջին կեսին դրանք ընդամենը՝ 42 մլն դոլարի, 2023թ. առաջին կեսին էլ՝ 32 մլն դոլարի կարգի էին։

Թե ո՞րն է եղել այս տարվա առաջին կեսին բրիտանական կապիտալի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, Կենտրոնական բանկի կողմից բանկային համակարգով կատարված ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկատվության մեջ չես գտնի։ Նաև ոչ միշտ է, որ հնարավոր է լինում այս հոսքերի միջոցով գտնել նման ակտիվության հիմքերը։ Բայց այն, ինչ տեսնում ենք, փաստ է։ Նախորդ տարվա համեմատ՝ ֆիզիկական անձանց փոխանցումների 145 տոկոսանոց աճ է գրանցվել։

Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի պարագայում շատ ակտիվ է եղել գումարների արտահոսքը Հայաստանից։ Տարվա առաջին կեսին քաղաքացիների անունով կատարված փոխանցումներն այդ երկիր ավելացել են 183 տոկոսով։ Նախորդ տարի կազմել էին ընդամենը 121 մլն դոլար, այս տարի հասել են 343 միլիոնի՝ 2.8 անգամով շատ։

Վեց ամսում 222 միլիոն դոլարով ավելացել են։

Շվեյցարիա Հայաստանից նախկինում էլ զգալի քանակությամբ գումարներ են գնացել։ Սակայն այն, ինչ կատարվել է այս տարի, գերազանցել է նախորդ շրջանի բոլոր ռեկորդները։ Որպեսզի հնարավոր լինի ավելի լավ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել, նշենք, որ 2023թ. ֆինանսական հոսքերի պիկին, Շվեյցարիա արտահոսքն տարվա առաջին կեսին Հայաստանից եղել էր 166 մլն դոլարի սահմաններում։ Այս տարի առնվազն կրկնակի ավելին է։

Գումարների արտահոսքի տեմպերով Շվեյցարիան հավասարվել է Արաբական Միացյալ Էմիրություններին։ Բայց եթե առաջինի դեպքում հոսքերը կտրուկ ավելացել են, ԱՄԷ պարագայում նույնիսկ մի փոքր նվազել են։

Հայաստանից գումարների արտահոսքի տեմպերով այս տարի առաջատարը եղել են ԱՄԷ-ն ու Շվեյցարիան։ Այդ երկրներ քաղաքացիների փոխանցած գումարները գերազանցել են՝ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ՝ Միացյալ Նահանգներին։ Հայաստանից Ռուսաստան ֆիզիկական անձանց փոխանցումները 6 ամսում կազմել են 339 մլն դոլար։

ԱՄՆ պարագայում արտահոսքը 289 միլիոնի կարգի է։

Սակայն, ի տարբերություն Շվեյցարիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Նահանգները և հատկապես Ռուսաստանը շարունակում են լինել այն 2 հիմնական երկրները, որտեղից մեծ գումարներ են գալիս Հայաստան։

Ռուսաստանից մուտքերը կրկին ակտիվացել են։ Եթե անցած տարվա առաջին կեսին այդ երկրից փոխանցվել էր 1 մլրդ 642 մլն դոլար, այս տարի ստացվել է 1 մլրդ 772 միլիոն՝ 130 միլիոնով ավելի, քան անցած տարի։

Իհարկե, Ռուսաստանից ֆինանսական փոխանցումների պիկն արձանագրվել է 2023թ.։ Այն ժամանակ տարվա առաջին կեսին այդ երկրից Հայաստան էր մտել 2 մլրդ 131 մլն դոլար։ Գրեթե 360 միլիոնով ավելի շատ, քան այս տարի։

Դրանով հանդերձ, այնպես չէ, որ այս տարի Ռուսաստանից քիչ հոսքեր են եկել։ Նախկինի նման հիմնական գումարները գալիս են հենց այդ երկրից։ Մուտքերի 64-65 տոկոսը Ռուսաստանից է։ Սակայն, ի տարբերություն այլ երկրների՝ Ռուսաստանից գալիս է առավելապես ռուսական ռուբլի։

Տարվա առաջին կեսին ֆիզիկական անձանց փոխանցումների 62 տոկոսից ավելին եղել են ռուբլով մուտքերը։ Դրանք կազմել են 1 մլրդ 718 միլիոն դոլարի կարգի։

Ռուսաստանից այլ տարադրամներով շատ քիչ փոխանցումներ են արվել՝ ընդամենը 54 միլիոն։ Մնացածը ռուբլին է։

Դոլարով ու եվրոյով փոխանցված գումարները Հայաստան էապես ավելի քիչ են, քան ռուբլու հոսքերն են։ 2 մլրդ 756 մլն դոլարից 624 միլիոնն է դոլարով։ Ընդ որում, դոլարային մուտքերը ֆիզիկական անձանց փոխանցումների մեջ նույնիսկ մի փոքր նվազել են։ Նախորդ տարի 627 միլիոնի շրջանակներում էր։

Եվրոյով կատարվող փոխանցումներն էլ ավելի քիչ են. 6 ամսում՝ 359 մլն դոլարի չափով։

Սրանք գումարներ են, որոնք, սակայն, հիմնականում Հայաստանում չեն մնում։ Դատելով նրանից, թե այդ գումարները հատկապես որ երկրից են գալիս, կարելի է ասել, որ դրանք շարունակում են ֆինանսավորել Ռուսաստանի տնտեսության ու ապրանքային շուկաների մատակարարումները։ Դրանով է պայմանավորված, որ ֆինանսական միջոցների մուտքերի ակտիվությունն ուղեկցվում է նաև ակտիվ արտահոսքով։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, առաջին տարին չէ, որ Հայաստանն առևտրային բավական մեծ հոսքեր է ապահովում Ռուսաստանի համար։ Որպես այդպիսին, տնտեսությունն ու քաղաքացիները դրանից գրեթե ոչինչ չեն ստանում, փոխարենը՝ մեծապես շահում են բանկերը՝ մեծ գումարներ աշխատելով այս հոսքերը սպասարկելու վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս