
«Անհասկանալի է. ստացվում է, որ կաթի տեխնոլոգը թեստը կարող է հանձնել ու դառնալ ռիելթոր». Անդրանիկ Հարությունովը՝ օրենքի նոր նախագծի մասին

Կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ ռիելթորական ոլորտի վերաբերյալ, որով նպատակ ունի կարգավորել այդ ոլորտը։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայումս ոլորտը Հայաստանում գործում է առանց որևէ օրենսդրական կարգավորման, և տարիների փորձը ցույց է տվել, որ դա բացասաբար է ազդել ոլորտի կայացման և զարգացման վրա։
Ըստ կոմիտեի՝ դա հանգեցրել է գործող կազմակերպությունների և անձանց կողմից մատուցվող ծառայությունների որակի նվազմանը:
Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ արդեն 3 տարի է՝ աշխատում են ռիելթորի մասին նախագծի վրա, որպես ասոցիացիայի անդամներ՝ Կադաստրի կոմիտեի հետ նախագիծը սկսել են քննարկել մոտ 1,5 տարի։
«Մենք ենք նախաձեռնել, որպեսզի մեզ հետ ևս այդ նախագիծը քննարկեն, իրենց հետ 2-3 հանդիպում ենք ունեցել, մենք իրենց առաջարկություններ ենք ներկայացրել։ Իրականում մենք ուզում ենք, որ մեր երկրում այս մասնագիտության մասով լինի կարգավորող օրենք։ Որևէ տեղ գրված չէ, թե անշարժ գույքի գործակալն ով է, ինչ գործառույթներ ունի, ինչի համար է պատասխանատու, ինչպես պետք է իր գործառույթն իրականացնի, և այլն։
Մեզ մոտ նման մասնագիտություն չկա, մեզ մոտ որևէ բուհ նման մասնագետ չի պատրաստում, նման մասնագետներ ստեղծում է շուկան։ Օրենքի նախագծի վերաբերլալ, որն իրեն բերել էին, մենք շատ նկատառումներ ունեինք, տվեցինք տարբեր հուշումներ, նախ, որ այն գրելուց ճիշտ կլիներ՝ մեզ հետ էլ աշխատեին, որովհետև մենք ենք աշխատում։ Օրենքի անունը դրել են «ռիելթորի մասին» օրենք, բայց այն ռիելթորի մասին չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Հարությունովը։
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ «ռիելթոր» բառը, որն ընտրել են Հայաստանում, հանդիսանում է Ամերիկայի ազգային ասոցիացիայի մտավոր սեփականությունը, որն աշխարհի որևէ երկրում չի օգտագործվում։ Այս մասին ևս ասել են օրենքի նախագիծը մշակողներին, սակայն նրանց կողմից չի ընդունվել և բառը նույնն է մնացել։
«Ուրախ ենք, որ օրենք ենք ունենալու, բայց այդ նախագծում կան բազմաթիվ վիճելի կետեր։ Այդ նախագծում գրվում է, որ անշարժ գույքի գործակալը պետք է ունենա ցանկացած մասնագիտությամբ բարձրագույն կրթություն։ Հիմա մեր ոլորտում կան մարդիկ, որոնք երկար տարիներ աշխատում են, ունեն փորձ, ընկերություններ, շատ վերլուծություններ են անում ու տալիս շուկային, բայց նրանք չունեն բարձրագույն կրթություն։ Այսինքն՝ ստացվում է, որ կաթի տեխնոլոգը կամ այլ մասնագետ, որը կապ չունի անշարժ գույքի գործակալի մասնագիտության հետ, կարող է թեստը հանձնել ու դառնալ ռիելթոր, բայց անշարժ գույքի գործակալը չի կարող այդ քննությունը հանձնել, որովհետև չունի բարձրագույն կրթություն, այս ամենը մեզ համար անհասկանալի է»,- հավելեց Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամը։
Նա նաև ասաց՝ Կադաստրի կոմիտեն շտեմարան է դնում, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են գույքը վաճառել, պարտադիր պետք է կոմիտեում գույքը նույնականացնեն, հետո միայն վաճառքի մասին հայտարարություն տան։
21-րդ դարում անշարժ գույքի վաճառքի մասին միայն կայքերում չեն տեղադրում հայտարարությունները, դրանք տեղադրում են նաև սոցիալական կայքերում, իսկ սոցկայքերի հետ որևէ մեկը չի կարող նույնականացում անել։
«Իմ ընկերությունը, օրինակ, հարկային պարտավորությունները միշտ կատարում է, թափանցիկ աշխատում է, մեր ոլորտում քաոս է տիրում։ Այսինքն՝ ոլորտում աշխատողների երևի 10 տոկոսն է իր պարտավորությունները նորմալ կատարում, արդյունքում ստացվում է անբարեխիղճ մրցակցություն։ Հետևաբար՝ ինքս կողմ եմ, որ օրենք լինի, բայց օրենքը տրամաբանական պետք է աշխատի, հետո դրա հետևանքները մեզ վրա է երևալու։ Այդ նախագծում կետեր կային, որ ասում էինք՝ ո՞վ է սա գրել, սա ի՞նչ կապ ունի մեր մասնագիտության հետ։
Ես չգիտեմ՝ ինչպես են վերահսկողությունն իրենք անելու, որովհետև այսօր ՊԵԿ-ն այդքան վարչարարություն չի կարող անել։ Հիմա շուկայում կա մոտ 2000 գործակալ, այդքանին ստվերից բերելու համար շատ լուրջ վարչարարություն է պետք»,- շեշտեց նա։