
Մեղավոր են փնտրում. Պապոյանը մրցակցության հանձնաժողովին է մեղադրում, հանձնաժողովը՝ էկոնոմիկայի նախարարին

Վերջին օրերին հեղուկ գազի գինը Հայաստանում կտրուկ բարձրացել է։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրեց շուկան ու, ինչպես սովորաբար լինում է, արձանագրեց, որ մրցակցային խախտումներ չկան, իսկ թանկացումներն օբյեկտիվ են։ Գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով։
«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունի ընդամենը 9 տնտեսվարող սուբյեկտ։
Միաժամանակ պարզվել է, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել հետևյալ հանգամանքներով՝
- հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ,
- Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով,
- սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով ՀՀ քիչ բեռնատարների մուտքով,
- սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացմամբ, ինչը գերազանցել է առաջարկը։
Այսպիսով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է եղել՝ ինչպես ծախսերի ավելացմամբ, այնպես էլ՝ շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով»,- եզրակացրեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ըստ էության, սխալ հանելով էկոնոմիկիայի նախարարին։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարը գազի թանկացման մեղավորությունը փորձում էր դնել մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վրա։
Գրեթե ամենօրյա ռեժիմով թվեր էր հրապարակում Վերին Լարսն անցնող հեղուկ գազով բեռնված մեքենաների վերաբերյալ՝ տպավորություն ստեղծելով, թե այստեղ առաջացած խնդիրները լուծվել են։ Ու եթե դրանից հետո էլ գազի գինը չի իջնում, նշանակում է՝ մեղավորը մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է։ Ի պատասխան էկոնմիկայի նախարարի, շուկայի ուսումնասիրության վերաբերյալ եզրակացությամբ՝ հանձնաժողովն արձանագրեց, որ Վերին Լարսում ներմուծման հետ կապված խնդիրների վերացման վերաբերյալ Գևորգ Պապոյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հեղուկ գազ ներմուծողները Վրաստանում բախվել են լոգիստիկ խնդիրների հետ, ինչը դարձել է ներքին շուկայում գների բարձրացման պատճառներից մեկը։
Թե լոգիստիկ ի՞նչ խնդիրների մասին է ակնկարկում հանձնաժողովը, փակագծերը չբացվեցին։ Բայց տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն, մինչ իշխանություններն անգործության են մատնված, Վերին Լարսում շարունակում են խոչընդոտներ ստեղծել Հայաստան հեղուկ գազի ներմուծումների ճանապարհին։ Կան խոսակցություններ, որ սահմանն անցնելու համար բեռնատարների վարորդներից գումարներ են պահանջում, ինչն էլ, դատելով մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունից, նպաստել է տեղափոխման ծախսերի ավելացմանն ու գազի գների բարձրացմանը։
Վերջին շրջանում առաջին անգամ չէ, որ խոսվում է Վրաստանում հայկական բեռնափոխադրողների և ոչ միայն հեղուկ գազ տեղափոխողների համար արհեստական դժվարությունների ստեղծման ու փող կորզելու մասին։ Ժամանակին, ի պատասխան նման խոսակցությունների, էկոնոմիկայի նախարարը նույնիսկ որոշել էր դիմել իրավապահներին։ Դիմեց-չդիմեց՝ հայտնի չէ, բայց ինչպես վկայում են մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիտարկումները, այդ խոսակցություններն այնքան էլ անհիմն չէին։
Երբ պետական մակարդակով չեն կարողանում լուծումներ գտնել, մեղքը փորձում են իր վրա բարդել, տնտեսվարողներն էլ ստիպված են լինում խնդիրներն իրենց ձևերով լուծել։ Դա էլ, բնականաբար, բերում է անհարկի ծախսերի ավելացման ու գների բարձրացման, ինչն ի վնաս սպառողների է։ Նախկին 120-ի փոխարեն, նրանք ստիպված են անհամեմատ ավելի բարձր գին վճարել հեղուկ գազի համար։ Սա լրացուցիչ ծախս է՝ ինչպես քաղաքացիների գրպանի, այնպես էլ՝ տնտեսության համար։
Հաշվի առնելով հեղի գազի լայն կիրառումն ու ազդեցությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա, այն նաև գնաճային ճնշման տարրեր է պարունակում։
Այն խոչընդոտները, որոնց արդեն տևական ժամանակ Վրաստանում բախվում են թե՛ արտահանողները, և թե՛ ներմուծողները, մտածելու տեղիք են տալիս։ Ինչքան էլ խնդիրները կոծկելու ու լղոզելու նպատակով գևորգպապոյանները գնացող-եկող բեռնատարների թվեր հրապարակեն ու հայտարարեն, թե ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ հաջողվել է կարգավորել իրավիճակը, հաջորդ պահին իրենք էլ բացահայտում են իրենց ստերը։
Ընդ որում՝ խնդիրները շարունակում են մնալ՝ ինչպես հեղուկ գազի ներմուծման, այնպես էլ՝ կոնյակի արտահանման պարագայում, չնայած Գևորգ Պապոյանն իրեն համոզել է, թե կոնյակի արտահանման հիմնախնդիրն էականորեն լուծված է։ Էկոնոմիկայի նախարարի վերջին գրառումներն իրենք են փաստում, որ կոնյակի արտահանումների շուրջ առաջացած իրավիճակը լիարժեք լուծում չի ստացել։ Մասնակի լուծումն էլ այն է, որ հայկական կոնյակը, լինելով Վրաստանի համար ընդամենը տրանզիտ ապրանք, պետք է պարտադիր որակի ստուգում անցնի այդ երկրում։ Թե ինչո՞ւ, որևէ հոդաբաշխ բացատրություն չկա։
Մեծ-մեծ խոսելուց բացի, այդպես էլ չկարողացան հիմնավորել, որ այդպես չպիտի լինի, որ տրանզիտ ապրանքը որակի ստուգման ենթարկելու իրավասություն չունեն։ Փոխարենը՝ Վրաստանը հասավ իր ուզածին ու հիմա հատ առ հատ ստուգում է հայկական բեռնատարների տեղափոխած կոնյակի որակը՝ պարզապես, եթե նախկինում դա 1 ամսում էր անում, հիմա անում է 2 շաբաթում։ Ու քանի որ որակի ստուգման հերթերում սկզբնական շրջանի ընդհատումներն օբյեկտիվորեն այլևս չկան, թվում է, թե կոնյակի արտահանման խնդիրները լուծվել են։
Իրականում ոչ մի խնդիր էլ չի լուծվել ու առաջվա նման հայկական կոնյակը հարկադիր ստուգման է ենթարկվում Վրաստանում, որի իրավունքը վրացական մաքսային մարմինները չունեն։ Այդ անօրինականությունը դադարեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ Գևորգ Պապոյանն ուրախանում է, որ ստուգումների արդյունքում հայկական կոնյակի որակը 90-95 տոկոսով համապատասխանում է ստանդարտներին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ