
Քաղաքացիների «լավ ապրելու» առասպելն ու ՔՊ–ականների իրական հղփացածությունը

Իրական կյանքում չեն կարողանում բան փոխել, ամեն անգամ մի անհեթեթություն են հորինում՝ մարդկանց մոտ լավ ապրելու իմիտացիա ստեղծելու համար։ Արդեն տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը համառորեն ուզում է համոզել, որ կյանքը Հայաստանում մեծապես լավացել է, որ մարդիկ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան նախկինում։
Համոզում-համոզում է, բայց հավանաբար մարդիկ լավ չեն համոզվում, դրա համար էլ նույն բանն անընդհատ կրկնում է ու փորձում տարբեր ձևերով մատուցել։ Մատուցում է, բայց էլի բան չի ստացվում։ Դրանում, իհարկե, զարմանալու ոչինչ չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանի ասածներով չէ, որ մարդիկ դատում են, թե ինչպես է փոխվել իրենց կյանքը, ինչքանով են ավելացել իրենց եկամուտները, ինչքանով են աճել ծախսերը։
Այն, որ 50 հազար մարդ Վարդավառին եղել է Սևանի ափին, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, լավ ապրելու չափանիշ չէ։ Նախկինում էլ մեծ թվով քաղաքացիներ Վարդավառը նշում էին Սևանի ափին, գուցե ավելի շատ, գուցե ավելի քիչ, բայց այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում դա համարել լավ ապրելու չափանիշ։ Միայն Նիկոլ Փաշինյանը կարող է ամեն չեղած բանից քարոզչական փուչիկ սարքել։ Դեռ չենք ասում, թե նրան ինչպես է հաջողվել հաշվել, որ ոչ ավել, ոչ պակաս՝ 50 հազար մարդ է Վարդավառը նշել Սևանում։ Բայց եթե նույնիսկ այդպես է, դա չի նշանակում, որ Հայաստանի բնակչությունը սկսել է ավելի լավ ապրել։ 50 հազարը բնակչության ընդամենը 1,7 տոկոսն է։ Ու եթե Սևանում Վարդավառը նշելն է լավ ապրելու չափանիշը, ապա ստացվում է, որ բնակչության 98,3 տոկոսը լավ չի ապրում կամ նման հնարավորություն չի ունեցել։
Լավ ապրելու չափանիշ չէ նաև այն, որ ԵՄ տուրիստական վիզաներ ստանալու հերթերը 6-7 ամիս են ձգվում։ Դա նշանակում է, որ առաջ ավելի հեշտ էր վիզա ստանալը, քան հիմա, չնայած իշխանությունների եվրաինտեգրման ձգտումներին ու եվրոչինովնիկների հետ սկսած սիրախաղերին։
Արհեստական ստեղծված հերթերի պատճառով է, որ վիզա ստանալն ամիսներով ձգվում է, իսկ իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել իրենց եվրոպացի հովանավորների հետ՝ լուծելու այդ խնդիրը ու քաղաքացիներին ազատելու անտեղի քաշքշուկներից։ Թեև չի բացառվում, որ հատուկ են այդպես անում՝ հետագայում վիզային ռեժիմի ազատականացման խոստումները Հայաստանի քաղաքացիների վրա ավելի թանկ ծախելու համար։
Տուրիստական վիզա ստանալու հերթերը նաև նշանակում են, որ մարդիկ նախընտրում են իրենց հանգիստը դրսում անցկացնել, քան Հայաստանում, որովհետև Հայաստանում ամեն ինչ այնքան է թանկացել, որ դրսում հանգստանալն ավելի էժան է, քան ներսում։ Սրա պատճառով է, որ շատ հաճախ մարդիկ նախընտրում են դուրս գնալ, չնայած դրսում հանգստանալն էլ քչերին է հասու։
Սևանում Վարդավառը նշելը կամ վիզա ստանալու հերթերն ամենին էլ լավ ապրելու չափանիշներ չեն։ Պարզապես, երբ իրական կյանքում առաջընթաց չկա, այսպիսի ճղճիմ քարոզչական փուչիկներով են փորձում խաբել ու կերակրել հասարակության։ Դրանից մարդկանց կյանքում բան չի փոխվում, հատկապես, երբ ամեն առավոտ առերեսվում են ապրելու դժվարություններին, համատարած թանկացումներին ու իրենց խղճուկ աշխատավարձերին։
Անշուշտ, կան մարդիկ, ովքեր վերջին տարիներին փոխել, այն էլ ինչպես են փոխել իրենց կյանքը։ Նախկինում սուրճի, պիլեսոսի, հեռուստացույցի, լվացքի մեքենայի փող չունեին, այսօր մեծահարուստների հաճույքների մեջ են։ Արտասահմաններից հետ չեն գալիս, թանկարժեք հյուրանոցներից ու ռեստորաններից են օգտվում, պադավատներով ու բարձրարժեք մեքենաներով են շրջում, լիաթոք օգտվում են իշխանության ընձեռած հնարավորություններից։ Այնքան են հղփացել, որ Երևանի քաղաքապետն արդեն ուղղաթիռով է Երևանից Սևան գնում։
Պարզ է, որ այս մարդկանց կյանքը ոչ թե 50 տոկոսով, այլ տասնյակ ու հարյուրավոր անգամներով է լավացել։ Եվ ինչո՞ւ չպիտի լավանար, երբ պետության գանձարանը սեփականի գրպանի տեղ են դրել, պետական լծակներն օգտագործում են՝ բիզնես ու հարստության տեր դառնալու համար։
Սրանք են հիմա Նիկոլ Փաշինյանի շրջապատը, ու նրանցով է հավանաբար չափում, թե ինչքանով է Հայաստանում լավացել կյանքը։ Նրանց համար այլևս էական չէ, թե ինչքանով են թանկացել ապրելու պայմանները։ Կարևորը՝ նրանց եկամուտները հիմա կիլոմետրերով առաջ են անցել թանկացումներից։ Գուցե այլևս չեն էլ զգում թանկացումները։
Փոխարենը՝ թանկացումների համն ամեն քայլափոխի ճաշակում են այն քաղաքացիները, որոնց եկամուտները ոչ մի կերպ չեն տեղավորվում անընդհատ ավելացող ծախսերի մեջ։ Իսկ այդպիսի քաղաքացիները Հայաստանում շատ են, ճնշող մեծամասնությունը։
Միայն 600 հազար թոշակառու ու նպաստառու կա, որոնց թոշակներն ու նպաստները վերջին 7-8 տարիների ընթացքում ընդամենը մի քանի հազար դրամով են ավելացել։
200 հազար աշխատող քաղաքացի կա, որոնք ամբողջ ամիս աշխատում են ու ստանում ընդամենը 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձ։
180-200 հազար էլ գործազուրկ կա, որոնք ընդհանրապես եկամուտ չեն ստանում, բայց պիտի ապրեն։
Գրեթե 1 մլն մարդ կա ընդգրկված միայն այս 3 խմբում։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը քարոզչական հնարքների դիմի, այս մարդկանց կյանքը դրանից չի լավանա։
Երբ իրենց աշխատավարձերը հարյուր-հազարներով են ավելացնում, իսկ թոշակներն ու նպաստները կամ նվազագույն աշխատավարձը՝ մի քանի հազար դրամով, պարզ է, որ այսպես էլ պետք է լինի։ Դրա համար էլ վերջին տարիներին Հայաստանում սոցիալական բևեռացումն էապես խորացել է։
Հասարակության մի փոքր հատված կա, որի եկամուտները, անշուշտ, ավելացել են, երբեմն էլ կտրուկ ավելացել են, բայց շատ ավելի մեծ հատվածի մոտ գրեթե ոչինչ չի փոխվել։ Չնայած բոլորի հետ նրանք հավասարապես բախվել են այն համատարած թանկացումներին, որոնք տեսնում ենք ամեն քայլափոխի։
Այսօրվա գները, լինի՝ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների թե ծառայությունների, անհամեմատելի են անգամ 3-4 տարի առաջվա հետ, 7-8 տարի առաջվա մասին նույնիսկ չենք խոսում։ Էական չէ՝ պաշտոնապես Հայաստանում գնաճ կա՞, թե՞ չկա, բա՞րձր է, թե՞ ցածր։ Եթե 3-4 տարի առաջ Երևանում, պայմանական ասած՝ 50 կամ 100 հազար դրամով կարողանում էիր մեկ ամիս ապրել, այսօր այդպես ապելու համար կրկնակի ավելին է պետք։
Սրանում համոզվելու համար Նիկոլ Փաշինյանը կարող է դուրս գալ փողոց ու հարցնել ցանկացած քաղաքացու։ Նաև հարցնել, թե այդպիսի թանկացումների պայմաններում ինչքանով են ավելացել քաղաքացու եկամուտները։
Թե չէ, վիճակագրական այն աճերը, որոնց հետ խաղեր է տալիս, քաղաքացիների ճնշող մեծամասնությանը չի վերաբերում։ Ում էլ վերաբերում է, կազմում են հասարակության չնչին մասը։ Մնացածը գոյության կռիվ են տալիս, որովհետև նրանց եկամուտները չեն հասցնում ծախսերի հետևից։ Այդ մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին մտածելու փոխարեն՝ այսպիսի քարոզչական հնարքներով փորձում են լավ ապրելու պատրանք ստեղծել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ