
Օպերային երգչի անունից խաբել են թոշակառու կնոջը

Սանկտ Պետերբուրգում խարդախները խաբել են թոշակառուին՝ երգիչ Յոնաս Կաուֆմանի անունից։ Այս մասին հաղորդում է Фонтанка-ն։
Հրապարակման տվյալներով՝ օգոստոսի 27-ին անհայտ տղամարդը զանգահարել է 69-ամյա կնոջը և ներկայացել որպես երգիչ Յոնաս Կաուֆման։
Նա հայտնել է, որ կնոջն ուղարկել է 400 հազար եվրո գումարով ճամպրուկ, սակայն ծանրոցը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 188,350 ռուբլի մաքսային տուրք։ Տուժողը պահանջվող գումարը փոխանցել է բանկոմատի միջոցով։
Որոշ ժամանակ անց թոշակառուն հասկացել է, որ տուժել է խաբեբաների գործողություններից և դիմել է ոստիկանության բաժանմունք՝ հայտարարությամբ։