Եվրոպական առևտրային վարկերով՝ դեպի Ռուսաստան․ ԵՄ-ի թանկ օժանդակության լույսն ու ստվերը

Հայ ժողովրդին սիրաշահելու քաղաքական ակնկալիքով, Եվրամիությունը 2021թ. խոստացավ ֆինանսական մեծ օժանդակություն հատկացնել Հայաստանին. հայտարարեց հինգ տարում մինչև 2,6 մլրդ եվրոյի աջակցություն տրամադրելու մասին։

Գումարները պետք է ուղղվեին պատերազմից տուժած Սյունիքի դիմադրողականության ամրապնդմանը, «Հյուսիս-Հարավ» մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարման և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի զարգացմանը՝ որպես կանաչ և խելացի քաղաք:

Սրանք ԵՄ-ի հետ նախատեսված ծրագրի առաջնահերթություններն էին։

ԵՄ հայտարարությունից հետո, իշխանությունները յոթերորդ երկնքում էին հայտնվել։ Այն համարում էին իրենց իշխանության մեծագույն ձեռքբերումն ու դեմոկրատական արժեքների հաղթանակը։ Անցել է գրեթե 4 տարի, սակայն հայտարարված օժանդակությունը դեռևս տեղ չի հասնում։

Կարդացեք նաև

2,6 միլիարդ եվրոյից մինչև հիմա չնչին գումարներ են տրամադրվել։

Տրամադրվածներն էլ եղել են հիմնականում վարկեր, այն էլ՝ շուկայական տոկոսներով վարկեր։

Ծրագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ հայտարարված 2,6 միլիարդի 10 տոկոսն էլ չի ստացվել. 4 տարում հազիվ 200-210 միլիոն եվրո, որի շատ փոքր մասն է եղել դրամաշնորհ, մնացածը շուկայական տոկոսներով վարկերն են։

Դրամաշնորհն էլ տրվել է հիմնականում ոստիկանության բարեփոխումների շրջանակներում։ Բարեփոխումներից հետո էլ տեսնում ենք, թե ինչքանով է բարեփոխվել ոստիկանությունը։ Եվրամիության փողերով «բարեփոխված» ոստիկանությունը դարձել է իշխանության հլու կամակատարը։ Կարող են 40-50 հոգով ծեծել Ազգային ժողովի պատգամավորին, ու դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չկրի։

Ոստիկանության վայրագություններն ու բռնությունները համատարած են։ Չեղած տեղից գործեր են կարում անցանկալիների նկատմամբ, իսկ ակնհայտ անօրինականություններն անտեսում են ու թաքցնում։

Եվրամիության դրամաշնորհով «բարեփոխված» ոստիկանության աշխատանքի արդյունքը երևում է նաև նրանով, որ Հայաստանում հանցագործությունները կտրուկ ավելացել են, ծաղկում է թմրամոլությունը։

Սա է Եվրամիության փողերով ոստիկանության բարեփոխման արդյունքը։

Եվրամիության խոստացած 2,6 մլրդ եվրոյից մինչև հիմա տրամադրված գումարները եղել են հիմնականում վարկեր, շատ հաճախ՝ բարձր տոկոսներով շուկայական վարկեր։ Եվ սա իշխանությունները մեծահոգություն են համարում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, իրենց բերած դեմոկրատական արժեքների արդյունքն ու լրջագույն ձեռքբերումը։ Կարծես մինչ այդ՝ նույն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կամ Ասիական զարգացման բանկը Հայաստանին վարկեր չէին տրամադրում։

Միշտ էլ տրամադրել են, նույնիսկ ավելի էժան վարկեր, ու միշտ էլ Հայաստանը վարկեր վերցնելու խնդիրներ չի ունեցել, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից կամ Ասիական զարգացման բանկից։ Այլ բան, որ նախկինները շատ ավելի զգուշավոր էին վարկեր ներգրավելու առումով, ի տարբերություն այսօրվա իշխանավորների, որոնք ագահորեն վարկեր ու պարտքեր են վերցնում՝ մեծապես ծանրացնելով պետության պարտքի բեռը։

Այդպիսի թանկ փողեր համաշխարհային ֆինանսական շուկայում միշտ էլ կարելի է գտնել։ Դրա համար բոլորովին պարտադիր չէ Եվրամիության «հովանավորությունը», ինչպես հիմա փորձում են ներկայացնել։

Նման հովանավորությունը որևէ կերպ չի փոխում այդ գումարների բնույթը, անկախ նրանից՝ դա կհամարվի օժանդակությո՞ւն, թե՞ աջակցություն։ Իրականում խոսքն առևտրային վարկերի մասին է, որոնք հատկացվելու դեպքում գալու են ավելանալու այն հսկայական պարտքերին, որոնք վերջին տարիներին կուտակել են այս իշխանությունները։

Հայաստանի նկատմամբ Եվրամիության «հոգատարությունը» երևում է նաև նրանում, թե որքանով է այն օժանդակել մեր տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը, եվրոպական շուկաներին հասանելիության հնարավորությունների ավելացմանը։

Փաստն այն է, որ Եվրամիության ներդրումները Հայաստանում, ինչպես միշտ, նվազագույն մակարդակի են։

Իսկ եվրոպական շուկաներ հայկական ապրանքներն արտահանելու դժվարությունները մի բան էլ ավելացել են։

2022թ. դադարեց Հայաստանի համար գործող ԵՄ «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը, իսկ նոր ռեժիմի վերաբերյալ բանակցությունները, ինչպես օրերս խոստովանեց էկոնոմիկայի նախարարը, հեշտ չեն ընթանում։

Եվրամիության հետ Հայաստանի տնտեսության ինտեգրացման ու արտաքին առևտրի դիվերսիֆիկացման առումով «ձեռքբերումն» այն է, որ Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունները վատագույն մակարդակում են։ Ամենավատ ժամանակաշրջանում անգամ չի եղել այնպես, որ Եվրամիության հետ Հայաստանի արտահանման բաժինը լինի 4,2 տոկոս, ինչպես հիմա է։

Մինչ իշխանությունները ԵՄ անսահման աջակցությունից ու օժանդակությունից են խոսում, ԵՄ երկրների բաժինն անգամներով կրճատվել է։

Կրճատվել է ոչ միայն կշռով, այլև ֆիզիկական ծավալներով ու ֆինանսական արժեքով։

Անցած տարվա 9 ամսում արտահանումը Եվրամիության երկրներ 575 մլն դոլար էր, այս տարի դարձել է 444 միլիոն։ Գրեթե 23 տոկոսով նվազել է։

Այսպես է մեր տնտեսությունն ու արտահանումը դիվերսիֆիկացվում եվրոպական շուկաների հաշվին։

Եվրամիության երկրների կշիռը հայկական արտահանման մեջ 5 անգամ ավելի փոքր է, քան միայն Ռուսաստանինը։ Ու դա անգամ այն պարագայում, երբ այս տարի Ռուսաստանի բաժինն ավելի քան կիսով չափ կրճատվել է։

Ձևական հայտարարություններն ու դատարկ խոսքերը չեն, որ բնութագրում են ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Դրանք երևում են կոնկրետ փաստերով ու արդյունքներով, որոնք իրենք են խոսում իրենց մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս