
Մոտենում է Փաշինյանի հերթական ստերի բացահայտման ժամանակը

ՔՊ-ական վարչախումբն ընտրություններին է մոտենում թղթի վրա մնացած ծրագրով։ Չնայած ջանում են ներկայացնել, թե կատարել են տված խոստումները, բազմաթիվ ծրագրեր մնացել են անկատար։ Խոսքը քաղաքական կամ աշխարհաքաղաքական ծրագրերի մասին չէ, որոնք ամբողջությամբ տապալել են, խոսքը սոցիալական, տնտեսական, կրթական ծրագրերի մասին է, որոնք չեն կատարել։
Խոստացել էին վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Ծայրահեղ աղքատությունը վերջին 5 տարիներին մնացել է նույն մակարդակի վրա։ Այսօր էլ Հայաստանի բնակչության 1 տոկոսից ավելին շարունակում է ծայրահեղ աղքատ լինել։
Աղքատության մակարդակն էլ գրեթե չի փոխվել, չնայած պաշտոնապես արձանագրվող բարձր տնտեսական աճերին։ Տնտեսական աճեր են գրանցում, բայց հասարակության աղքատ հատվածը դրանից ոչինչ չի ստանում։ Տնտեսական աճի արդյունքներն իրենք են վայելում, իսկ բնակչության գրեթե 40 տոկոսը շարունակում է ապրել աղքատության մեջ։ Նրանցից շատերի եկամուտներն անցած 5 տարիներին ավելի քիչ են աճել, քան թանկացումներն են։ Այդ մարդկանց կյանքը լավանալու փոխարեն՝ վատացել է, սկսել են ավելի վատ ապրել, քան նախկինում էին ապրում։
Նրանց մեջ մտնում են ոչ միայն հարյուր-հազարավոր կենսաթոշակառուները, նպաստառուները, անապահով ընտանիքները, այլև աշխատողները։ Այսօր Հայաստանում շուրջ 200 աշխատող կա, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ։ Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ այդ մարդիկ հիմա ավելի վատ են ապրում, եթե հաշվի առնենք, որ այս ընթացքում նվազագույն աշխատավարձն ընդամենը 7000 դրամով է բարձրացել։
Այդպիսի քանի՞ 7000-ով են ավելացել այս մարդկանց ծախսերը։
Նվազագույն աշխատավարձը խոստացել էին մինչև 2026թ. դարձնել 85.000 դրամ։ Չեն դարձրել, հիմա էլ փորձում է մանևրել, իբր՝ ուզում են բարձրացնել, բայց վախենում են հասարակության արձագանքից։ Լավ է չեն ասում, թե հասարակության արձագանքից վախենալուց է, որ թոշակներն էլ չեն բարձրացնում։
Խոսքը՝ բազային կենսաթոշակի մասին է։ Բազային կենսաթոշակը բարձրացնելու փոխարեն, որը պիտի վերաբերեր բոլոր թոշակառուներին, հետվճարով են փորձում խաբել, այն պարագայում, երբ թոշակառուների գրեթե կեսը չեն կարողանում օգտվել դրանից։
Ովքեր էլ օգտվում են, մասամբ են օգտվում։ Սրանով մի կողմից ուզում են ցույց տալ, թե հետվճարով թոշակ են բարձրացրել, մյուս կողմից՝ փող են խնայում թոշակառուների վրա, որպեսզի իրենց շռայլ ծախսերը կատարեն։
Զուտ այն պատճառով, որ հետվճարից հարյուր-հազարավոր թոշակառուներ չեն օգտվում կամ մասամբ են օգտվում, առնվազն մի քանի անգամ ավելի քիչ գումար են հատկացնում, քան կհատկացնեին բազային կենսաթոշակները բարձրացնելու համար։ Դրա համար էլ նախապատվությունը տալիս են հետվճարներին, գումար են խնայում թոշակառուների, նաև աանպահով ընտանիքների հաշվին։
Մինչև 2026թ. նվազագույն կենսաթոշակի չափը պիտի հասցնեին՝ պարենային զամբյուղի, իսկ միջին կենսաթոշակի չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Երկուսն էլ չեն կատարել։ Միջին կենսաթոշակն այսօր Հայաստանում ընդամենը 49.000 դրամ է, ամենացածրը տարածաշրջանում, առաջիկայում էլ, դատելով կառավարության քայլերից՝ բարձրանալու հեռանկարներ չկան։ Լավագույն դեպքում հաջորդ տարի կարող է դառնալ 50-51.000 դրամ։ Մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում հասնում է 80-81.000 դրամի։ Տարբերությունը 30 հազար դրամի կարգի է։ Նվազագույն կենսաթոշակն էլ պարենային զամբյուղից քիչ է 8000-9000 դրամով։
Գործազրկությունը պիտի իջեցնեին 10 տոկոսից։ Այսօր այն 13-14 տոկոսի շրջանակներում է։ Շուրջ 170.000 քաղաքացի շարունակում է գործազուրկ լինել։
Ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական ծրագրերն են տապալել։ Ներդրումները պիտի հասցնեին ՀՆԱ 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 6 տոկոսին։ Ներդրումներն, առավել ևս՝ օտարերկրյա ներդրումներն քաղցր հուշ են դարձել Հայաստանի տնտեսության համար։
Օտարերկրյա ուղղակի ներդրումները նույնիսկ ՀՆԱ 3.5 տոկոսին չեն հասնում։ Եվ դա զարմանալի չէ, այն ամենից հետո, ինչ անում են ներդրողների, խոշոր ներդրողների նկատմամբ։ Ոչնչից միլիարդատեր, խոշոր գործարար ու ներդրող են կալանավորում։ Չհաշված, որ պետական ռեկետով են զբաղված՝ խլում են մարդկանց սեփականությունը։ Փայ են մտնում խոշոր ընկերություններում։
Խոշորներին, հատկապես ոչ յուրայիններին՝ նեղում են, փոքրերին էլ հանգիստ չեն տալիս։ Խոստացել էին վերացնել խոչընդոտները, նպաստավոր պայմաններ ապահովել նրանց գործունեության համար։ Հարկային բեռը բարձրացրին, այնպիսի ճնշման տակ դրեցին, որ փոքր բիզնեսի հազարավոր ընկերություններ փակվել են ու շարունակում են փակվել։
Այսպես էլ տնտեսություն են զարգացնում, մշակող արդյունաբերության ծավալներն են ընդլայնում։ Արդեն այս տարվա վերջին մշակող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում պիտի հասցրած լինեին 15 տոկոսի։ Հազիվ 9-10 տոկոս է։ Նույնիսկ ավելի ցածր, քան 5 տարի առաջ, երբ այսպիսի ուղենիշ էին սահմանել իրենց համար։
Նույն «արդյունավետությամբ» էլ մյուս տնտեսական ծրագրերն են իրականացրել։
Հինգ տարում 15 ջրամբար պիտի նախագծեին ու կառուցեին։ Ո՞վ գիտի, այս ընթացքում քանի՞ ջրամբար են կառուցել։
7 տարում հազիվ կարողացան ավարտել Վեդու ջրամբարի շինարարությունը, որի հիմքերը դեռ նախկիներն էին դրել, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր մասնակցել հիմնարկեքին։
Ջրամբարի կառուցումը պիտի կառուցած-ավարտած լինեին 2021թ.։ Այս տարի մի կերպ ավարտեցին։
Ջրամբարները պիտի կառուցեին, որպեսզի Սևանից ավելի քիչ ջուր վերցնենին։ Սևանից վերջին տարիներին լրացուցիչ ջրառի պակաս չի եղել։ Նախատեսվածից նույնիսկ ավելի շատ են վերցնում, դրա համար էլ այսօր լճի մակարդակը շատ ավելի ցածր է, քան նախկինների ժամանակ էր, ովքեր «դատարկում» էին Սևանը, որպեսզի դրա վրա փող աշխատեին։
Ինչպես ջրամբարներ են հիմնում, որպեսզի փրկեն Սևանը, այնպես էլ դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցում։ Մինչև 2026թ., այսինքն՝ մինչև այս տարվա վերջ պիտի կառուցած լինեին 300 դպրոց ու 500 մանկապարտեզ։ Ոչ միայն կառուցած, այլև հիմնովին կահավորած պիտի լինեին։
2021-2025թթ. շահագործման են հանձնել ընդամենը 56 դպրոց։ 40 դպրոցի շինարարությունն այս ամսին պիտի սկսեն։ Բազմաթիվ դպրոցներինը նույնիսկ չեն էլ սկսել։ Այնինչ՝ այս տարվա վերջին դպրոցաշինության ծրագիրը պիտի ավարտած լինեին, դպրոցները՝ կահավորված։ Դրանց մեծ մասը ոչ միայն պատրաստ չէ, այլև շատերի կառուցումը չի էլ մեկնարկել, նախագծման փուլում է կամ նախագծման փուլ էլ չի հասել։
Չորս տարի է՝ թմբկահարում են, թե ուսուցիչների աշխատավարձերը թռիչքաձև աճել են։ Երբեմն անգամ 450-500.000 դրամ ստացող ուսուցիչների են մատնացույց անում, ոչինչ, որ այդպիսիների թիվը մատների վրա կարելի է հաշվի։
Չորսը տարվա ընթացքում ուսուցիչների ընդամենը 20 տոկոսի աշխատավարձերն են բարձրացրել, երբեմն հազիվ 30-40.000 դրամի չափով։
30-31.000 ուսուցիչներից բարձրացել է ընդամենը 6000-6.500 աշխատավարձը։
24-25.000-ի աշխատավարձերը մնացել են նույնը։ Նրանք 4 անգամ ավելի շատ են, բայց երբ աշխատավարձերից են խոսում, նրանց մասին չեն հիշում։ Միայն այն 6000-6.500-ին են հիշում ու աչք մտցնում։ Մնացած 24-25.000-ին անտեսում են։
Հատուկ այնպես են արել, որ մեծամասնությունը չկարողանա օգտվել աշխատավարձերի բարձրացումից։ Բայց այնպես են ներկայացնում, թե աշխատավարձեր են բարձրացրել։
Առջևում ընրություններ են, որոնք կարող են դառնալ Փաշինյանի հնգամյա ստերի բացահայատման շքահանդես: Եթե հարկե հասարակությունը դեռևս չի կորցրել հիշողությունը:
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ