Ի՞նչն է այդպես վախեցրել Նիկոլ Փաշինյանին

Թեև հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին որևէ խոսք չկա, վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում են վերանայել պետական ապարատի աշխատավարձերը։ Նույնիսկ որոշումն արդեն կայացրել են, բայց իբր վախենում են բարձրաձայնել։

Վախենում են, որովհետև դա առիթ է տալու, որպեսզի ակտիվ հասարակության 97 տոկոսն իր իմացած բոլոր հայոյանքներն ուղղի իշխանությունների հասցեին։ Դրա համար հիմա մտածում են, թե ինչ տարբերակներ գտնեն՝ հասարակությանը հերթական անգամ խաբելու ու նրանց զայրույթը մեղմելու համար։

Այն, որ հասարակության ակտիվ հատվածի ճնշող մեծամասնությունը դեմ է պետական ապարատի աշխատավարձերի բարձրացմանը, զարմանալու ոչինչ չկա։ Խոսքն այն իշխանության մասնակցությամբ ձևավորված պետական ապարատի մասին է, որի գործունեությունը Հայաստանը կանգնեցրել է գոյաբանական խնդիրների առաջ։

Այսպիսի իշխանության ու պաշտոնյաների աշխատավարձերը ոչ թե պետք է բարձրացնել, այլ ընդհանրապես զրկել աշխատավարձից ու դուրս շպրտել պետական համակարգից։

Կարդացեք նաև

Այդ ո՞ր լավ արածի համար պիտի բարձրացնեն պետական պաշտոնյաների, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։

Նիկոլ Փաշինյանը փորձում է պետական համակարգի աշխատավարձերի ցածր լինելով արդարացնել այն, որ լավագույն մասնագետները չեն գալիս այստեղ աշխատելու։ Այնինչ՝ խնդիրը ոչ թե աշխատավարձերն են, այլ այն, որ նորմալ մասնագետները չեն ուզում իրենց անունը կապել այս իշխանության հետ։ Իշխանություն, որ իր կառավարման 7-8 տարիներին միայն արհավիրք ու կորուստներ է բերել երկրի գլխին։

Նախկինում պետական համակարգում աշխատավարձերը շատ ավելի ցածր էին, բայց մարդիկ, մասնագետները չէին հրաժարվում այդպիսի աշխատավարձերով աշխատել։ Հիմա ամաչում են այսպիսի կառավարության կազմում աշխատել, որքան էլ այսօրվա աշխատավարձերն անհամեմատ ավելի բարձր են, քան նախկինում, դեռ չհաշված համատարած պարգևավճարներն ու հավելավճարները։

Անգամ նման շռայլությունները շատերին չեն գայթակղում։ Չեն ուզում համագործակցել մի իշխանության հետ, որտեղ բոլոր հարցերը մեկ մարդ է լուծում։ Նա և՛ վարչապետ է, և՛ նախագահ, և՛ նախարար, և՛ նախարարության վարչության ու բաժնի պետ, և՛ մասնագետ, և՛ ամեն ինչի գիտակ։ Բոլոր հարցերը նա է վճռում ու ոչ մի մասնագետի, խորհրդատուի կարիք չունի։

Մասնագետի կարծիքը նրա համար կարևոր չէ։ Ավելին՝ մասնագիտական կարծիք հայտնելու համար կարող են մարդկանց պարզապես դուրս շպրտել պետական ապարատից։ Այնպես, ինչպես արեցին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի հետ, ինչ է թե՝ նա մասնագիտական գնահատական էր հնչեցրել՝ ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ Արբիտրաժային դատարանի որոշման կապակցությամբ։

Պետական ապարատում այսօր ինչպե՞ս են պաշտոնների, առավել ևս՝ բարձր պաշտոնների նշանակում։ Գլխավոր առավելությունը ՔՊ-ական լինելն է, իշխանություններին հնազանդ ծառայելը, Նիկոլ Փաշինյանի հրահանգներն անտրտունջ կատարելը։ Մասնագիտականն էական չէ։ Դրա համար էլ իրավաբանը կարող է ղեկավարել առողջապահության նախարարությունը, ուսուցիչը՝ պաշտպանության նախարարությունը, բժիշկը՝ սոցիալական ապահովության նախարարությունը, և այդպես շարունակ։

Մասնագետ լինելը, կառավարման հմտություններ ու փորձ ունենալը երկրորդական են այս իշխանության համար։ Ինչպես նախարարներին ու մյուս բարձր պաշտոնյաներին են ընտրում, այնպես էլ նրանք են իրենց ենթականերին ընտրում։ Պետական ապարատը վերածել են սեփական բոստանի, լցրել ծանոթ-բարեկամներով, ընկերներով, քեռի-մորքուրներով, հեռու ու մոտ հարազատներով։

Իսկ Նիկոլ Փաշինյանը երբևէ իրեն հարց տվե՞լ է, թե ինչո՞ւ է հասարակությունն այդպես սվիններով ընդունում պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։ Պատասխանը շատ պարզ է։ Առանց այդ էլ վերջին տարիներին պաշտոնյաների աշխատավարձերը ոչ պակաս կտրուկ բարձրացել են, ի տարբերություն, ասենք, կենսաթոշակների, նպաստների, բազմաթիվ այլ ոլորտներում աշխատավարձերի բարձրացումների։

Ժամանակին, երբ բարձրացնում էին իրավապահ համակարգի աշխատավարձերը, կրկնապատկում-եռապատկում էին ոստիկանների աշխատավարձերը, ասում էին՝ ժողովրդի համար ենք անում։ Անում ենք, որ լավ աշխատեն, արդար աշխատեն, պայքարեն հանցագործությունների դեմ։ Արդյունքներն այսօր տեսնում ենք՝ հանցագործությունները ողողել են երկիրը, ամեն քայլափոխի մարդ են սպանում, մարդ են դանակահարում, թալանում են, ընդդիմադիր համայնքապետի են վերացնում։

Էլ չենք ասում, որ թմրամոլությունը վխտում է երկրում, անգամ դպրոցներ է հասել։

Եվ ո՞ւր է այն ոստիկանությունը, որի աշխատավարձերը բարձրացնում էին, որպեսզի հանցագործության դեմ ավելի լավ պայքարի, որպեսզի պաշտպանի հասարակությանը հանցագործներից։  Իրենց բան ու գործը թողած՝ զբաղված են մեկ մարդու ու նրա իշխանության պաշտպանությամբ։ Դրա համար էլ ժամանակին հատկապես ոստիկանների աշխատավարձերն էին բարձրացնում։ Բարձրացնում էին ոչ թե նրա համար, որ ավելի լավ պայքարեն հանցագործությունների դեմ, այլ նրա համար, որպեսզի ավելի հավատարիմ ծառայեն Նիկոլ Փաշինյանին։

Նույնը նաև իրավապահ մյուս կառույցների, նաև դատարանների դեպքում է, որոնք դարձել են խաղալիք մեկ մարդու ձեռքին։ Նրա հրահանգներով քրեական գործեր են սարքում անմեղ մարդկանց վրա, ամիսներով ու տարիներով պահում կալանքի տակ։

Սրա համար են ուզում բարձրացնել պետական ապարատի աշխատավարձերը։ Ոչ թե նրա համար, որ հասարակությանը լավ ծառայեն։

Հասարակությունը, առավել ևս՝ հասարակության ակտիվ հատվածը շատ լավ տեսնում է, թե ինչ է կատարվում պետական ապարատում, ինչպես է այն աշխատում ու ինչքանով է ծառայում հասարակության խնդիրների լուծմանը, պետության առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարմանը, դրա համար էլ պատրաստ չէ հանդուրժել, որպեսզի նրանք մի բան էլ ավելի բարձր աշխատավարձեր ստանան։ Չեն ուզում իրենց վճարած հարկերից կերակրել մարդկանց, ովքեր աչքակապությամբ են զբաղված, ովքեր իրենց անելիքը համարում են ոչ թե գործ անելը, ժողովրդին ծառայելը, այլ ստելը, խաբելը, իշխանությունն ամեն գնով պահելը։

Պետական ապարատը դարձրել են միջոց, որպեսզի ընտրություններում իրենց համար զանգված ապահովեն։ Ու հիմա, երբ պատրաստվում են, իբր վախենալով՝ բարձրացնել պետական ապարատի աշխատողների աշխատավարձերը, դա անում են սպասվող ընտրություններից առաջ նրանց պարզապես սիրաշահելու ու կաշառելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս