Քաղաքացիների ֆինանսական շարժերը վերցնում են հսկողության տակ. Թիրախում դրսում աշխատած գումարներն են, որոնք պատրաստվում են հարկել

ՔՊ-ական վերնախավը վերջապես գիտակցեց, որ այդքան փափագած եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը կանգնեցրել են տապալման փաստի առաջ։ Այն ձևով, ինչ ձևով ուզում են պարտադրել հայտարարագրերի ներկայացումը, չի ստացվելու։ Քաղաքացիները համատարած բոյկոտում են հայտարարագրերի ներկայացումը՝ անտեսելով Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության անդամների հորդորները։

Չփրկեցին նույնիսկ սոցիալական կրեդիտներով քաղաքացիներին շահագրգռելու փորձերը։

Մարդիկ հասկացել են, որ եկամուտների հայտարարագրումն իշխանությունները փորձում են գործիք դարձնել ոչ միայն վերահսկելու իրենց ֆինանսական շարժերը, այլև իրենց վրա ազդեցություն ձեռք բերելու համար։ Դա է պատճառը, որ համատարած խուսափում են հայտարարագիր ներկայացնել։

Հաշված օրեր են մնացել դրա համար, սակայն հայտարարատու քաղաքացիների նույնիսկ 15 տոկոսը հայտարարագիր չի ներկայացրել։ Ներկայացրածների մեծ մասն էլ պետական համակարգի աշխատողներն են, որոնք պարտադրված են եղել դա անել։ Թեև ոչ բոլորն են ենթարկվել այդ պարտադրանքին։ Պետական համակարգում զբաղվածների մեծ մասը նույնպես հայտարարագրեր չի ներկայացրել։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ պետական համակարգում 200 հազարից ավելի զբաղվածներ կան։

Համատարած բոյկոտից հետո, իշխանությունները վախեցան, որ այդպես շարունակելը կարող է ծանր նստել իրենց վրա, հատկապես՝ առաջիկայում սպասվող ընտրությունների նախաշեմին։ Խելագարություն կլիներ 700 հազար քաղաքացու տուգանել՝ սկզբում 5 հազար, հետո՝ 10 հազար դրամով՝ հայտարարագիր չներկայացնելու համար։

Ուստի որոշել են հրաժարվել քաղաքացիներին հայտարարագիր ներկայացնել պարտադրելուց։ Քաղաքացիների փոխարեն՝ դա իրենք կանեն, բայց մասամբ։ Ովքեր երևացող եկամուտներից բացի, չերևացող եկամուտներ են ունեցել, օրինակ՝ արտագնա աշխատանք կատարողները, ստիպված են լինելու հայտարարագիր լրացնել ու պարզաբանումներ տալ ստացած եկամուտների վերաբերյալ, նաև այդ եկամուտներից հարկեր վճարել։

Այսինքն, անկախ նրանից՝ քաղաքացին ինքնուրո՞ւյն կներկայացնի հայտարարագիր, թե՞ ինքնաշխատ եղանակով այն կգեներացվի համակարգում, հարկայինի մահակը մշտապես կախված է լինելու մարդկանց վրա։ Հատկապես որ, պատրաստվում են ուժեղացնել վերահսկողությունը քաղաքացիների՝ դրսում աշխատած գումարների նկատմամբ։

Օրերս Պետական եկամուտների կոմիտեն մի երկարաշունչ հաղորդագրություն տարածեց՝ զգուշացնելով, որ «ավարտել են ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տվյալների փոխանակման այս տարվա գործընթացը»։

Առաջին հայացքից շատերին ոչինչ չասող այս ձևակերպման տակ թաքնված է քաղաքացիների դրսում աշխատած գումարները հարկելու իշխանությունների փափագը։

«2025 թվականին Հայաստանն առաջին անգամ հարկման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով տեղեկություններ է փոխանակում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նախաձեռնած ավտոմատ փոխանակման համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ»,- հայտարարեց Պետեկամուտների կոմիտեն։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ՔՊ-ական իշխանությունը վավերացրեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Գլոբալ ֆորումի կողմից ընդունված մի փաստաթուղթ, որով հնարավորություն է ստանում տիրապետել այլ երկրներում Հայաստանի քաղաքացիների ունեցած ֆինանսական շարժերին։

Այս տարի բանկային համակարգի տվյալներ կստացվեն 47 երկրներից։ Հաջորդող տարիներին երկրների ցանկը կընդլայնվի ու կհամալրվի նորերով։

Տեղեկությունների ավտոմատ փոխանակումը վերաբերելու է այն բոլոր քաղաքացիներին, ովքեր ֆինանսական հաշիվներ ունեն այդ 47 երկրների բանկերում ու այլ ֆինանսական կազմակերպություններում։ Այդ հաշիվների շարժերի վերաբերյալ ամբողջ տեղեկությունը հասանելի կլինի հարկային մարմիններին։

Հիմա ամենակարևորը՝ ի՞նչ նպատակով է հարկայինը ստանալու այդ տվյալները։

«Տեղեկությունների փոխանակումն իրականացվում է բացառապես հարկման նպատակով»,- աչքալուսանք է տալիս Պետեկամուտների կոմիտեն։

Սա վերաբերում է Հայաստանի այն բոլոր քաղաքացիներին, ովքեր դրսում են աշխատում ու վաստակում իրենց ընտանիքի հացը։ Դրսում նրանց աշխատավարձերի ու այլ եկամուտների, ֆինանսական շարժերի վերաբերյալ տվյալներն այսուհետ կհայտնվեն հարկայինի տրամադրության տակ։ Ու եթե պարզվի, որ այդ եկամուտների դիմաց քաղաքացիները պատշաճ հարկեր չեն վճարել՝ ստիպված կլինեն վճարել։

Մի պահ հիշո՞ւմ եք, ինչ տեղի ունեցավ «խոպանչիների» հետ։ Նրանք նամակներ էին ստանում հարկայինից, որ դրսում գումարներ են աշխատել, որոնց դիմաց պետք է հարկեր վճարեն Հայաստանում։ Բարձրացված աղմուկից հետո, իհարկե, հրաժարվեցին դրանից, բայց, ինչպես տեսնում ենք, ժամանակավորապես։

Եթե այն ժամանակ խնդիրը վերաբերում էր միայն Ռուսաստանին, հիմա այդպիսի երկրների ցանկն ընդլայնվել է։ 47 երկրում աշխատող կամ եկամուտ ստացող Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն պարզաբանումներ տալ հարկային մարմիններին իրենց եկամուտների վերաբերյալ ու դրանից հարկեր վճարել։

Սա լինելու է լրացուցիչ միջոց՝ քաղաքացիներին հարկային պարտավորություններ առաջադրելու համար։ Դրսում նրանց աշխատած գումարները կհայտնվեն հարկայինի թիրախում։

Շատ հաճախ մարդիկ տնից-տեղից կտրվում են, որպեսզի դրսում գումար կարողանան վաստակել՝ իրենց ընտանիքները պահելու համար, իշխանություններն ուզում են այդ գումարների մի մասն իրենցով անել։

Պարտաստվում են նրանց և, ինչո՞ւ միայն նրանց՝ նաև մյուսներին, դնել հարկային մամլիչի տակ։ Եկամուտների հայտարարագրումը դրա համար են ուզում անել։

Կամայական պահի կարող են հանել քաղաքացու հայտարարագիրն ու գործ սարքել՝ եկամուտները թաքցնելու, հարկերը չվճարելու պատճառաբանությամբ։ Այն, որ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումից մարդիկ համատարած զգուշանում են, պատահական չէ։ Այդ համակարգի տակ բազմաթիվ խութեր են թաքնված, որոնք աստիճանաբար դուրս են գալիս ջրի երես։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս