Առողջապահական ենթակառուցվածքը դիմակայուն չէ արտակարգ իրավիճակներին․ Հաշվեքննիչ պալատն արձանագրում է, մասնագետները՝ ահազանգում 

Հաշվեքննիչ պալատը մարտից մինչև հոկտեմբեր ուսումնասիրել է առողջապահական կրիտիկական ֆիզիկական ենթակառուցվածքների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը և ներկայացրել եզրակացություն, որն արձանագրում է. 

«Առողջապահության նախարարության կողﬕց առողջապահական համակարգի ենթակառուցվածքային պատրաստվածության բացերի գնահատման, մշտադիտարկման և կառավարման ինստիտուցիոնալ կարողությունները սահմանափակ են»։

Հակիրճ ձևակերպմամբ՝ հաշվետվությունն ահազանգում է՝ Հայաստանում առողջապահության համակարգը պատրաստ չէ դիմակայել աղետներին:

Ի մասնավորի՝ Հաշվեքննիչ պալատն արձանագրել է՝ «արտակարգ իրավիճակներին համակարգի ենթակառուցվածքային պատրաստվածության խզումն արդյունավետորեն չի գնահատվում և մշտադիտարկվում», «գնահատման հաստատված ﬔթոդաբանության բացակայության պայմաններում՝ արտակարգ իրավիճակներում համակարգի ենթակառուցվածքային կարիքները լիարժեքորեն չեն բացահայտվում», «համակարգի ենթակառուցվածքային պատրաստվածության խզման կառավարման թույլ ինստիտուցիոնալ առաջնորդության պայմաններում՝ առնչվող պետական գործառույթներն արդյունավետորեն չեն հասցեագրում հիմնախնդիրը», «սահմանված չեն ԱԻ-ներին առողջապահական համակարգի՝ որպես ﬔկ ﬕավորի, ենթակառուցվածքային պատրաստվածության արդյունավետ ծրագիր» և այլն։

Կարդացեք նաև

 Այս հաշվետվության մի քանի ուշագրավ դրվագների մասին

Հաշվեքննություն իրականացնող մարմինը հաշվետվության մեջ պատասխանել է՝ «ինչո՞ւ իրականացվեց հաշվեքննությունը» հարցին՝ ի մասնավորի արձանագրելով. «Արտակարգ իրավիճակները (ԱԻ) ձևավորում են անմիջական սպառնալիքներ մարդու կյանքի և առողջության համար։ Հնարավոր մարդկային կորուստների չափը ﬔծապես կախված է առողջապահական համակարգի արձագանքման կարողությունից։

Ներկայումս Հանրապետության հիվանդանոցային մահճակալների թիվը շուրջ 12.000 է՝ ևս 4000 մահճակալի ծավալման հնարավորությամբ։ Սակայն, արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ կարիքը կարող է գերազանցել համակարգի առկա կարողությունները։ Աﬔնաէական ռիսկն ուժեղ երկրաշարժն է, որի դեպքում ծանր ու ﬕջին ծանրության վիրավորների թիվը կարող է հասնել ﬕնչև 120.000-ի։

Մյուս էական ռիսկը ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակն է»։

Վերջինի դեպքում ՀՊ-ն իր եզրակացության այդ հավելվածը չի հանրայնացրել՝ առաջնորդվելով գաղտնիության սկզբունքով։

ԱՆ-ում ԱԻ-ների ռիսկի կառավարման գործընթացի կոորդինացման կարողությունները սահմանափակ են սա ևս արձանագրում է ՀՊ-ն՝ տեղեկացնելով, որ, օրինակ, ԱՆ կազմում գործում է Արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժինը, որի 4 հաստիքներից կեսը թափուր է, այդ թվում՝ բաժնի ղեկավարի պաշտոնը։

ԱԻ-ներին պատրաստվածության, պլանավորման մասով գլխավոր խորհրդատու-համակարգողի պաշտոնը ևս թափուր է, իսկ համալրված 2 պաշտոնների մասնագիտացումն առավելապես վերաբերում է զորահավաքային նախապատրաստության և քաղպաշտպանության բնագավառներին։

Հաշվեքննիչ պալատն այս և  այլ արձանագրումներից զատ՝ նաև առաջարկություններ է ներկայացրել հաշվեքննության օբյեկտին՝ Առողջապահության նախարարությանը։

Ի թիվս այդ առաջարկությունների՝ ՀՊ-ն նշել է, որ պետք է մշակել (ըստ անհրաժեշտության՝ ﬕջազգային գործընկերների տեխնիկական աջակցությամբ) և հաստատել առաջնահերթ ռիսկի գործոններով պայմանավորված՝ ԱԻ-ի յուրաքանչյուր տեսակի դեպքում առողջապահական համակարգի (որպես 1 ﬕասնական ﬕավորի) ենթակառուցվածքային (այդ թվում՝ մահճակալային, կրիտիկական սարքավորումների, կենսական համակարգերի) կարիքների, առկա կարողությունների (ներառյալ՝ ծավալման առկա կարողությունների) և խզման համալիր գնահատման (ինչպես ագրեգացված, այնպես էլ՝ ապաագրեգացված մակարդակում) ﬔթոդաբանություն,

-մշակել և հաստատել ﬔթոդաբանությամբ նախատեսվող հաշվարկների իրականացման համար անհրաժեշտ՝ ԲՀ-ներից ստացման ենթակա տվյալներն ամփոփող՝ ենթակառուցվածքային կարողությունների վերաբերյալ հաշվետվության ձև, դրա ներկայացման պարբերականության և ընթացակարգի վերաբերյալ կարգավորումներ՝ դիտարկելով հաշվետվողականության նշված գործընթացի թվայնացման հնարավորությունը՝ ԱՐՄԵԴ համակարգում աղետների ռիսկի տեղեկատվական կառավարման ենթահամակարգի ներդրման ﬕջոցով,

– սահմանված հաստատուն պարբերականությամբ գնահատել (մշտադիտարկել) առաջնահերթ ռիսկի գործոններով պայմանավորված ԱԻ-ի յուրաքանչյուր տեսակի դեպքում առողջապահական համակարգի ենթակառուցվածքային պատրաստվածության խզումը,

– սահմանել ԱԻ-ներում ԲՀ-ների բնականոն գործունեությունը երաշխավորող՝ ԲՀ-ների շենքերի կենսական համակարգերի (այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, թթվածնի) նվազագույն նորմատիվային պահանջներ՝ դրանք ներառելով հիվանդանոցային լիցենզիայի պարտադիր պահանջների կազմում, իրականացնել ԱՆ-ում ԱԻ-ների ռիսկի կառավարման (համակարգման) մարդկային ռեսուրսների կարիքի գնահատում և մշակել քայլեր մարդկային ռեսուրսների կարողությունների բացի հասցեագրման նպատակով։

Առաջարկություններ են ներկայացվել նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին․ ստուգել ԲՀ-ների կողﬕց ներկայացվող՝ ենթակառուցվածքային կարողությունների վերաբերյալ հաշվետվությունում պարունակվող ռեսուրսների փաստացի առկայությունը և վիճակը՝ ըստ անհրաժեշտության նախաձեռնելով նշված ստուգումների իրականացման համար տեսչական մարմիններին համապատասխան իրավասություններ տրամադրող օրենսդրական փոփոխություններ։

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը 168am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հաշվետվությանը և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք 2020 թվականի պատերազմից, համավարակից հետո կառավարությունն ու մասնավորապես առողջապահության գերատեսչությունը բավարար դասեր քաղել են՝ նշեց․

«2020 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը մեծ աղետների միջով անցավ՝ քովիդ, պատերազմ, ապա նաև՝ Լոռու մարզում ջրհեղեղը։

Մենք քովիդի հետևանքով ունեցանք մեծ թվով զոհեր․ ես նրանց համարում եմ զոհեր, որովհետև մահերի մեծ մասը ոչ համակարգված առողջապահության հետևանքով էին։ Այնուհետև պատերազմն էր․ կարծում եմ՝ հետագայում լուրջ փորձագիտական ուսումնասիրություն պետք է անցնեն պատերազմում բուժօգնության ցուցաբերման փուլերը, տեսակավորումը և այլն։

Իմ գնահատմամբ՝ դասեր չեն քաղվել։

Լոռու աղետի ժամանակ հակահամաճարակային գործողությունները, բնակչության պատրաստվածությունը՝ առողջապահական կոմպոնենտով աղետին դիմակայելու տեսանկյունից (այսինքն՝ ուսուցողական մասը, որը պետք է կազմակերպվեր Առողջապահության նախարարության կողմից), կատարվեց թերի․ կարելի է ասել՝ չկատարվեց»։

Առողջապահության փորձագետը ոչ միայն օբյեկտիվ համարեց ՀՊ արձանագրումները, այլև շեշտեց՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում եղել է հանրապետության տարբեր բուժամբուլատորիաներում, գնահատել շենքային պայմանների, ապաստարանների վիճակը՝ արձանագրելով աղետներին դիմակայունություն չունեցող վիճակ։

«Հատկապես սահմանամերձ գոտիների գյուղական ամբուլատորիաներն էին ոչ բարվոք վիճակում․ օրինակ, Խնձորեսկի բուժամբուլատորիան հենց վթարային շենքային պայմաններ ունի և ոչ միայն չի կարող դիմակայել աղետներին, այլև բուժօգնություն ապահովել այդպիսի իրավիճակներում, կամ՝ Դպրաբակի ամբուլատորիան։

Կարծում եմ՝ այս հարցերի վերաբերյալ պետք է լինի լուրջ ու հրատապ մոտեցում, մեծ աշխատանք  պետք է իրականացվի․ պետք է լինի և՛ կրթական կոմպոնենտը, և՛ նյութական ապահովվածության գույքագրումը, ռեզերվներ ստեղծվեն, որպեսզի հնարավոր լինի դիմակայունություն ապահովել։

Օրինակ, տարբեր ամբուլատորիաներ չունեն բնակչության քանակով ռեզերվ արված հասարակ դիմակներ, էլ չեմ խոսում՝ մնացյալ առավել լուրջ հարցերի մասին՝ դեղորայք, անհատական պաշտպանության միջոցներ և այլն»,-ամփոփեց Անուշ Պողոսյանը՝ նկատելով, որ նման աշխատանքների իրականացման համար պրոֆեսիոնալ մոտեցումը դեռ չի տեսնում։

Տեսանյութեր

Լրահոս