Կառավարությունը ձախողել է  

Նիկոլ Փաշինյանի ու իր ղեկավարած կառավարության ձախողումների շարքը շատ ընդգրկուն է, գրեթե ամեն տեղ դա կարելի է տեսնել։ Ձախողել են ամբողջ պետական կառավարումը, միտումնավոր կամ չիմացությամբ՝ քանդել են պետական ինստիտուտները, որի հետևանք է նաև այն, որում այսօր հայտնվել է Հայաստանը՝ իր անվտանգային բազմաթիվ խնդիրներով ու երկրի գլխին կախված սպառնալիքներով։

Բայց դրա մասին չէ, որ ուզում ենք խոսել։ Ձախողել են ոչ միայն ընդհանրապես պետության, այլև առանձին ոլորտների ու համակարգերի կառավարումը։

Երբ հեղափոխություն կոչված հայտնի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր ստանձնել վարչապետի պաշտոնը, Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը։

«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»,- ասում էր Հայաստանում իրենից բացի այլ վարչապետացու չպատկերացնող Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Նրա այս հայտարարությունից անցել է գրեթե հինգ ու կես տարի։ Այդ ընթացքում չի եղել որևէ տարի, որ գյուղատնտեսության ոլորտում աճ արձանագրվի։

Նույնիսկ ավելորդ է ասել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բոլոր կառավարությունները ձախողել են գյուղատնտեսության ոլորտում իրականացրած քաղաքականությունը։ Միայն այն, որ տնտեսության այս ճյուղում պերմանենտ անկում է գրանցվել, բավական է նման եզրակացության համար։

Բայց ինչն է ավելի կարևոր՝ դա տեղի է ունեցել պետական բյուջեից, իբր գյուղատնտեսությունը զարգացնելու համար, միլիարդավոր դրամներ ծախսելու պարագայում։

Միլիարդավոր դրամներ են հատկացրել տարբեր ծրագրեր իրականացնելու, խելացի կամ անխելք գոմեր կառուցելու, ջերմոցներ հիմնելու, բերքը կարկտահարությունից պաշտպանելու, ապահովագրելու, վարկեր տրամադրելու ու դրանց տոկոսները սուբսիդավորելու, նաև բազմաթիվ այլ հայտնի ու անհայտ բաների համար, իսկ արդյունքը եղել է այն, որ ամեն տարի, հաջորդ տարվա նկատմամբ, գյուղատնտեսության արտադրության ծավալները կրճատվել են։

Պետական բյուջեի գումարները ծախսել են, արդյունք չեն ստացել կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, բացասական արդյունք են ստացել։ Գյուղատնտեսությունը զարգացնելու, արտադրության ծավալներն ընդլայնելու փոխարեն, մի բան էլ արտադրության ծավալները կրճատվել են։

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ կառավարության իրականացրած ծրագրերը ձախողվել են, իսկ հատկացված միլիարդները կա՛մ չեն ծառայել իրենց նպատակին, կա՛մ տեղ չեն հասել, կա՛մ թալանվել են։

Բոլոր դեպքերում արդյունքը նույնն է՝ գումարներն անիմաստ ծախսել են կամ փոշիացրել։

Աճելու փոխարեն, գյուղատնտեսությունը նահանջ է գրանցել։ Իրականացված աշխատանքներն արդյունավետ չեն եղել։ Ծրագրերը նախաձեռնելուց առաջ՝ կառավարությունը չի կարողացել պատշաճ գնահատել դրանց արդյունավետությունը։ Գումարները երբեմն ծախսել են, վերջում նոր գլխի ընկել, որ չեն կարողացել վերահսկողություն իրականացնել դրանց նկատմամբ, ու այդպիսի պատճառաբանությամբ ծրագրերը դադարեցրել են։

Ո՞ւր են գնացել բյուջեի գումարները, ի՞նչ են արել, ինչո՞ւ է այդպես եղել, ոչինչ հայտնի չէ։

Զավեշտն այն է, որ ամեն քայլափոխի նախկինների թալանից, կոռուպցիայից ու պետական միջոցների վատնումներից խոսող կառավարության ղեկավարը ձախողված ծրագրերի ու անօգուտ ծախսված միլիարդավոր դրամների համար որևէ մեկին պատասխանատվության չի կանչել կամ պատժել։ Յուրայիններին չեն դատում։

Նախորդ հինգ տարում գյուղատնտեսությունը ոչ միայն հեղափոխական տեմպերով չի զարգացել, ինչպես ժամանակին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, այլև միայն հետ է գնացել, այն էլ՝ անընդմեջ, տարին՝ տարվա վրա։

Որպեսզի կառավարության ձախողումները հնարավոր լինի ավելի լավ պատկերացնել, բերենք գյուղատնտեսության վերջին տարիների արձանագրած դինամիկան։

2018թ. գյուղատնտեսության արտադրության ծավալների նվազումը կազմեց 7,4 տոկոս, բուսաբուծության մեջ անկումը նույնիսկ երկնիշ էր՝ անցնում էր 12 տոկոսից։

2019թ. գյուղատնտեսության անկումը 4,2 տոկոս էր, բուսաբուծության մեջ էլ հասնում էր 7,7 տոկոսի։ Եվ դա՝ նախորդ տարվա գյուղատնտեսության 7,4 և բուսաբուծության ավելի քան 12 տոկոս անկումից հետո։

2020թ. գյուղատնտեսության անկումը կազմեց 4 տոկոս։ 2021թ.՝ 1,4 տոկոս։

2022թ. էլ գյուղատնտեսության մեջ ոչ մեծ, բայց էլի անկում գրանցվեց, 0,7 տոկոսի չափով։

Կառավարության իրականացրած քաղաքականության արդյունքում հինգ տարի գյուղատնտեսությունը միայն անկում է գրանցել։ Այդքան անկումից հետո, ընթացիկ տարվա ինը ամիսների համար պաշտոնական վիճակագրությունը 1,7 տոկոս աճ է արձանագրել, բայց դեռ հարց է, թե մինչև տարվա վերջ դրանից ինչ կմնա։ Նախկինում էլի եղել են ժամանակավոր կամ վիճակագրական աճեր, որոնք հետո շտկվել են, ու տարին կրկին անկումային է եղել։

Այսքան անկումից հետո պատահական չէ, որ ՀՆԱ-ում ևս նվազել է գյուղատնտեսության տեսակարար կշիռը։

2017թ. այն հասել էր 15 տոկոսի, անցած տարի կազմեց ընդամենը 10,4 տոկոս։ Այս տարի նույնիսկ ավելի քիչ է. երկրորդ եռամսյակում հազիվ 7,1 տոկոս էր եղել։

Անիմաստ է նույնիսկ խոսել չմշակվող գյուղատնտեսական հողերի քանակի «շեշտակի նվազման և այդպիսի հողերի գոյության բացառման» մասին, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Հինգ ու կես տարի հետո ունենք այն, որ հողային ռեսուրսների մեծ մասը չի ծառայում իր նպատակին։

Խոսքը վարելահողերի՝ գրեթե 50, և արոտավայրերի 70 տոկոսի մասին է։ Այստեղ էլ բան չի փոխվել։

Այսքանից հետո զարմանալի չէ, որ Հայաստանում պարբերաբար սրվում են պարենի անվտանգության հետ կապված խնդիրները։ Դրանց պատճառը ձախողված կառավարության իրականացրած ձախողված քաղաքականությունն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս