Նիկոլն ազգին դարձրեց ցեղատեսակ… Այսօր ազգին կարող է համախմբել մեկ հոգի՝ Վեհափառ հայրապետը, ինչո՞ւ չի անում, չգիտեմ. Վիգեն Ազատյան
Երեկ Հովհաննավանքի հերթական պղծությունից հետո, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հաջորդ կիրակի Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի տեր Թադե քահանա Թախմազյանի ձեռամբ մատուցվող «պատարագին», որի ընթացքում աղոթք կբարձրացնեն ընկած զինվորների հոգիների խաղաղության համար։
Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել և Հովհաննավանքում տեղի ունեցողը բնութագրել էր՝ որպես եկեղեցու պղծություն, քանի որ այդ միջոցառումը մատուցում էր կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը, մինչդեռ Տեր Թադե քահանա Թախմազյանը երեկ շտապեց Հովհաննավանք՝ Ստեփան Ասատրյանի հետ խորան բարձրանալու համար։ Հավանաբար, սա էլ ոգեշնչել է Նիկոլ Փաշինյանին, որ, օրինակ, հաջորդ կիրակի կարող է «տուր» կազմակերպել դեպի Թալին։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրիկից՝ Վիգեն Ազատյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցում ընկած զինվորների համար աղոթել, որդեկորույս ծնողներից որևէ մեկը մասնակցելո՞ւ է։
«Այդ անձը չի կարողանալու իր երազած թվաքանակն ապահովել։ Եթե մինչև առ այսօր կոպիտ չեմ արտահայտվել, հիմա հրապարակավ ասում եմ ու խնդրում եմ՝ անպայման գրել՝ այն որդեկորույս ծնողը, որը գնաց ու կանգնեց այդ վիժվածքի կողքին ու մասնակցեց այդ պատարագին, արժանի չէ իր երեխային ու պատասխան պետք է տա դրա համար։
Ըստ իս, սա իր այդ քայլով հիմա էլ ուզում է որդեկորույս ծնողների մեջ իրեն կողմնակից գտնել։ Որևէ ադեկվատ մարդ այսօր ուղղակի չի կարող սրա կողքին լինել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վիգեն Ազատյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ որևէ ընկած հերոս Նիկոլ Փաշինյանի համար թանկ չէ, հետևաբար՝ չգիտի, թե նրա «բեմականացումն» ինչո՞ւ է արվում։
«Նիկոլն է իմ տղային սպանել, ես դրա ապացույցներն ունեմ, ինքն է այս ամենը կազմակերպել, ինքն ազգին դարձրեց ցեղատեսակ։ Երբեմնի ամենահզոր, կազմակերպված ազգին դարձրել ենք, կներեք բառիս համար՝ «ամենաչմո» ազգը, ես չեմ ամաչում այդպես ասել։ Ինչ կա, սա է, բոլորդ էլ տեսնում եք»,- հավելեց Վիգեն Ազատյանը։
Ըստ նրա, եկեղեցու, հայրենիքի համար հայը միշտ էլ պատրաստ է ոտքի կանգնելու, այդ ամենը բոլորն էլ տեսել են՝ հիշեցնելով 2024 թվականի հունիսի 12-ը, նկատի ունենալով, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի մոտ էր հավաքվել, որի ժամանակ էլ տեղի ունեցավ բախում՝ ակցիայի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև։
«Ինչո՞ւ չկա այն մեկը, ով կասի՝ ազգ, կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ, այլ ոչ թե ուղղակի կգնան Ազատության հրապարակ։ Ինչ-որ քայլ պետք է արվի՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ, ժողովուրդ, սա ապրել չի, սա ի՞նչ է կոչվում։ Սրա վերջը այն է լինելու, որ ադրբեջանցիներին դիմավորելու ենք «Եռաբլուրում», եթե այս ազգը դրան պատրաստ է, ի՞նչ ասեմ։
Այսօր ազգին կարող է համախմբել մեկ հոգի՝ Վեհափառ հայրապետը, ինչո՞ւ չի անում, չգիտեմ, վախենում են քաղաքացիական պատերազմի՞ց։ Քաղաքացիականը հարյուր անգամ ավելի լավ է, քան թուրքի ոտքերի տակ պառկելը։ Սա է իմ կարծիքը, գուցե սխալ է, չգիտեմ, բայց եթե Վեհափառը կոչ չարեց՝ եկեղեցին ընկնելու է»,- ընդգծեց Վիգեն Ազատյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «նորոգում» է եկեղեցին և այդ համատեքստում լծվել է Վեհափառ հայրապետին հեռացնելու գործընթացին։ Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանն առաջինն է, ով կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին։
Նշենք նաև, որ Հովհաննավանքում տեղի ունեցողի վերաբերյալ Մայր Աթոռը պաշտոնական հայտարարություն էր տարածել, նշելով.
«Իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»։

