Խաղաղության պատրանքը՝ Բաքուն շարունակում է գաղափարական հող նախապատրաստել ապագա պահանջների և հնարավոր սադրանքների համար

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված Երևան-Վաշինգտոն-Բաքու հռչակագրի ստորագրումից, ինչպես նաև Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Բաքվի՝ մասնավորապես Ալիևի կեղծ խաղաղության օրակարգը չափազանց կարճ տևեց: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը և հերթական անգամ խեղաթյուրելով պատմական փաստերը, Հայաստանի Հանրապետության տարածքները ներկայացրել է՝ որպես ադրբեջանական:

Նա, մասնավորապես, ասել է, իբրև թե ադրբեջանցիները երբեք չեն տառապել «անջատողականություն հիվանդությամբ», ընդհակառակը՝ նպաստել են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրել են։

Խոսելով Արցախի և, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի» մասին, նա նշել է, որ իբրև թե տարիներ շարունակ հայկական կողմը և Սփյուռքը խեղաթյուրել են Ադրբեջանի պատմությունը, այդ քարոզչությունը շարունակվում է, ուստի իրենք պետք է դրանց հակադարձեն իրենց «գիտական ​​ճշմարտություններով»:

«Ադրբեջանցիները պետք է իմանան իրենց հարուստ պատմությունը, իրենց հին պետական ​​ավանդույթները։ Մեր ժողովուրդը միշտ ապրել է հսկայական տարածքներում, և ադրբեջանցիները շարունակում են ապրել մեր ներկայիս սահմանների երկու կողմերում։ Ադրբեջանցիները երբեք չեն տառապել «անջատողականություն հիվանդությամբ». ընդհակառակը, նրանք նպաստում են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրում են։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ. մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Եվ պետական ​​​​մարմինները, և հասարակական կազմակերպությունները և, իհարկե, գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ։

Կարդացեք նաև

Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց ավելին պետք է լինի՝ գիտական ​​​​հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրատարակություններ, պատմական քարտեզներ։ 20-րդ դարի սկզբի ռուսական հին կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն՝ Սևանա լիճ չկա, կա Գյոյչա լիճ։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք կազմել է Ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք»,- այսպիսի ձևակերպումներով է հանդես եկել Հայաստանի հետ իբրև թե խաղաղություն հաստատած, սակայն համաձայնագիր չստորագրող Ադրբեջանի ղեկավարը:

Այստեղ ուշագրավն այն է, որ այս հայտարարությունները, որոնք ամենևին նոր չեն հայ հասարակության համար, Ալիևը կրկնում է նաև, այսպես կոչված, ձեռք բերված «խաղաղության» ժամանակահատվածում: Առավել ուշագրավ է, որ ՀՀ իշխանությունները ներքաղաքական դաշտում ակտիվ օգտագործում են Ալիևի հայտարարություններն այն մասին, թե Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել այն համատեքստում, որ ընդդիմությունը սխալվում էր, և, որ խաղաղությունից արդեն Ալիևն է խոսում:

Եվ ահա, ՀՀ իշխանությունների այս էյֆորիայի ֆոնին Իլհամ Ալիևը դեռևս չստորագրված, չամրագրված «խաղաղության» պայմաններում հայտարարում է, որ ՀՀ տարածքում ապրել են ադրբեջանցիներ, հայկական բնակավայրերն ունեն ադրբեջանական անվանումներ, և, որ այս ուղղությամբ Ադրբեջանը խորացված աշխատանք պետք է տանի գիտականորեն այս ամենն ապացուցելու համար:

Սրանք ցույց են տալիս Ադրբեջանի իրական հեռահար նպատակները: Ալիևի այս խոսքերը վկայում են, որ Բաքվի ռազմավարական մտածողության շրջանակում առանցքային են տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ և ռևիզիոնիզմը։

Եվ սրանք ամենևին էլ պատահական ձևակերպումներ չեն․ դրանք քաղաքական ուղերձ են՝ ուղղված թե՛ ներքին լսարանին, թե՛ արտաքին լսարանին, որին փորձելու են ապացուցել ՀՀ տարածքների, այսպես կոչված, ադրբեջանական լինելը:

Սա հերթական անգամ ապացուցում է, որ «խաղաղության օրակարգը», որի մասին խոսում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, գոյություն չունի, Ադրբեջանի դեպքում դա արտաքին փիառի և երբեմն որոշ արտաքին ճնշումներից խուսափելու գործիք է, քան քաղաքական նպատակ։

Ալիևի յուրաքանչյուր հայտարարություն, քայլ ու որոշում ապացուցում է, որ Ադրբեջանը պահպանում է նախկին ճնշման ու պատմական փաստերի մանիպուլյացիայի քաղաքականությունը՝ փորձելով ռեգիոնալ օրակարգ բերել նոր հակահայկական գաղափարներ։ Ստացվում է, որ տարածաշրջանում ձևավորվող «խաղաղության պատրանքն» իրականում ծածկում է նոր վտանգներ․ Բաքուն շարունակում է գաղափարական հող նախապատրաստել ապագա պահանջների և հնարավոր սադրանքների համար՝ փորձելով դրանք ներկայացնել պատմական արդարության վերականգնման անհրաժեշտության միջոցով։ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միևնույն ժամանակ իրեն թույլ է տալիս մեկնաբանել Հայաստանի ինքնիշխան տարածքների պատմությունը՝ դրանք անվանելով «պատմական ադրբեջանական հողեր»։

Այս երկակիությունը վկայում է, որ Բաքուն խաղաղությունը տեսնում է ոչ թե հավասար գործընկերների միջև համաձայնության, այլ Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործընթացի տեսանկյունից։

Բացի այդ, էական է նաև այն, որ Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը կարծես հիմնված է տարածքային կորուստների թեմայի վրա, և եթե այդ թեման դուրս գա ներքին օրակարգից, Ալիևի ռեժիմը կկորցնի շատ էական ներքաղաքական լծակ։ Հետևաբար՝ խաղաղությունը, որը ենթադրում է պատմական վեճերի փակման և փոխզիջման պատրաստակամություն, պարզապես անհնար է այս գաղափարախոսության պայմաններում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի ռեժիմի ղեկավարը պարզապես չի կարող հետաքրքրված լինել ներկայիս, այսպես կոչված, խաղաղության օրակարգով:

Խաղաղության օրակարգի շրջանակում Ադրբեջանը ոչ միայն ագրեսիվ հռետորաբանությամբ է հանդես գալիս, այլև  չի իրականացնում ՀՀ-ին ընդառաջ տարրական մարդասիրական քայլ, չկա իրական խաղաղության երկխոսություն, չեն վերադարձվում ռազմագերիներն ու բոլոր պահվող անձինք: Այս իրավիճակում խաղաղության օրակարգը վտանգավոր պատրանք է, որը կարող է ցանկացած պահի վերածվել նոր ճնշման կամ տարածքային պահանջի։

Տեսանյութեր

Լրահոս