Հակահարվածի օպերացիայի ձախողման խնդիրն Օնիկ Գասպարյան-Ջալալ Հարությունյան տանդեմի շրջանակում է. ԳՇ նախկին պետը պետք է խոսի. Տիգրան Աբրահամյան
2025 թվականին մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի հետ կապված, որտեղ տեղեկացվում էր՝ դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող (հանրությանը հայտնի է՝ որպես «Լելե Թեփե օպերացիա»)՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ:
Այս պահի դրությամբ «Լելե Թեփեի» գործի շրջանակում դատարանում ներկայացվել է բանակային հայտնի հակահարվածի օպերացիային առնչվող փորձագիտական եզրակացությունը: Իսկ «Ցորի» հրամանատար Արթուր Օհանյանը հոկտեմբերին կայացած դատական նիստերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ է արել:
Նշենք, որ գնդապետ Արթուր Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 19-ից լինելով ՊԲ N զորամասի հրամանատար, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով նույն զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել, դրանք կատարել է ոչ պատշաճ` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։
Մասնավորապես, ըստ մեղադրանքի, որը մայիսին տարածել էր Գլխավոր դատախազությունը, «2020թ. հոկտեմբերի 6-ին, Ա.Օ.-ն, ՊԲ հրամանատարի կողմից ստանալով կարգադրություն` հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր–լեռ Լյալյա–Իլյագի ուղղությամբ և վերականգնել ճեղքված բնագիծը, նույն օրն իրականացված նախապատրաստական աշխատանքների և 2020թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հակահարձակման ժամանակ չի պահպանել զինվորական ծառայության կարգը սահմանող իրավական ակտերի պահանջները»:
Այսինքն, ըստ մեղադրական եզրակացության, նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները սահմանված ելման շրջան են հասել և դեպի խնդրի կատարման վայր շարժվել ռազմական տեխնիկայի ու անձնակազմի անհամեմատ քիչ քանակությամբ՝ ձախողելով տրված մարտական առաջադրանքը, քանի որ, օրինակ, ենթակա ստորաբաժանումների միջև փոխգործակցություն չի ապահովվել, ուժերը ու միջոցներն անկանոն են բաշխվել, չի պլանավորվել հակառակորդին հանդիպելու դեպքում մարտի ներգրավվելուց հետո հետագա գործողությունների շրջանակը:
Այս գործով մեղադրյալ են նաև տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը և մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը՝ ռազմական դրության ժամանակ):
Իր հերթին՝ 1lurer.am-ի հետ զրույցում հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը նշել էր.
«2020թ. հոկտեմբերի 5-ին հակառակորդին հաջողվում է հարավային թևում ճեղքել յուրային ստորաբաժանումների կողմից զբաղեցրած բնագծերը: Ստեղծված իրավիճակը վերականգնելու, բնագիծը ճեղքած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու նպատակով ՊԲ հրամանատարի կողմից որոշում է կայացվում իրականացնել հակահարձակում և այն իրականացնել, այսպես կոչված, Հորադիզ բնակավայրի ուղղությամբ»:
Նույն ռեպորտաժում ասվում էր, որ առաջադրանքի կատարումը դրվել է 2 զորամասի վրա. առաջինը պետք է Հորադիզ բնակավայրի արևելյան ուղղությամբ իրականացներ հակահարձակում և այդ հատվածում զբաղեցներ բնագծեր, իսկ Արթուր Օհանյանի ղեկավարած զորամասը պետք է հարձակման անցներ Հորադիզի արևմտյան ուղղությամբ և վերականգներ ճեղքված բնագիծը:
«2020թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան սկսվում է օպերացիայի իրականացումը, և եթե առաջին զորամասին որոշակիորեն հաջողվում է բնագծեր զբաղեցնել նախանշված հատվածներում, ապա երկրորդ զորամասն ինչ–ինչ պատճառներով չի կարողանում սահմանված ժամկետում, սահմանված քանակությամբ անձնակազմով հասնել զբաղեցրած բնագծեր»,- պնդել էր Հանրային մեղադրողը՝ չգաղտնազերծելով առաջին զորամասի «ինքնությունն» ու ղեկավարությանը:
168.am-ը մանրամասն անդրադարձել էր այս թեմային: Մեր տեղեկություններով, Արթուր Օհանյանին նախ փորձել են մեղադրել պարտականությունների կատարումից հրաժարվելու կամ պարտականությունների չկատարման համար, սակայն, երբ չեն կարողացել դա ապացուցել, որոշել են անփութության մեղադրանք առաջադրել:
Հակահարվածի ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվում բարձրաստիճան զինվորականները

Վերադառնանք «Ցորի» զորամասի հրամանատարի դատարանում արված հայտարարություններին: civilnet.am-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ի դատական նիստի ժամանակ Արթուր Օհանյանը՝ ի պատասխան դատախազի ներկայացրած փորձագիտական եզրակացության, հայտարարել է, որ եթե թերացել են բանակի հրամանատարը, շտաբի պետը, ծառայության պետերը, ինչո՞ւ են բրիգադի կամ գումարտակի հրամանատարները մեղադրյալի կարգավիճակում:
Հոկտեմբերի 27-ին կայացած նիստում, ըստ civilnet.am-ի, Սեյրան Օհանյանի որդին դարձյալ ուշադրություն է հրավիրել, որ հակահարվածի ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվում բարձրաստիճան զինվորականները:
«Այդ մարդիկ հիմա ողջ ու առողջ են, մի մասն էլ պաշտոններ են զբաղեցնում, գեներալի ուսադիրներ են կրում։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ ձախողվել է ընդհանուր հակահարվածը։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու»,- շեշտել էր նա:
Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մի դրվագը վերաբերում էր հենց հակահարձակման հայտնի օպերացիային, որը հաստատել էր Նիկոլ Փաշինյանը, բայց որոշ ժամանակ հետո որոշվել էր նշանակել ռազմագիտական փորձաքննություն, որից հետո Ջալալ Հարությունյանն արդարացվել էր՝ դատարան չհասած: Եվ ոչինչ, որ մինչ այդ Քննչական կոմիտեն պնդում էր, որ ՊԲ հրամանատարը ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները, նշանակված փորձագիտական եզրակացության մեջ էլ խոսվում է կազմակերպչական սխալների, թերի պլանավորման մասին:
168.am-ն այս տարվա մարտին գրել է, որ թեև հակահարվածի հայտնի օպերացիայի դրվագով Ջալալ Հարությունյանն արդարացվել է, բայց գործը չեն փակել:
Նշենք, որ «Լելե Թեփե»-ի օպերացիայի համատեքստում դեռ 2021թ. ապրիլին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էր Փաշինյանը մեղադրական սլաք ուղղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ: Իսկ 2023 թվականին քննիչ հանձնաժողովում էլ Փաշինյանը հակահարձակման օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա, թեև անձամբ մասնակցել էր դրա քննարկմանը և հաստատել այն:

Ի դեպ, 2022թ. նոյեմբերին 44-օրյայի օրերին Արցախի ԱԽ քարտուղար եղած Սամվել Բաբայանը News.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը Քյանդ-Հորադիզ օպերացիայի հետ առնչություն ունի, և, որ մամուլից հայտնի, այսպես ասած, «Լելե Թեփե» անվանումը ստացած գործողության հետ ինքը որևէ կապ չունի: Իսկ առաջին անգամ Քյանդ-Հորադիզ օպերացիայի մասին նա խոսել էր 2021թ. ապրիլին՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում: Եվ, ուզենք թե չուզենք, վերը նշված գործի հետ որոշակի առնչություն ունի:
Հակահարվածի օպերացիայի, դրանից բխող տարբեր գործողությունների շուրջ զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ, հաշվի առնելով նաև վերոնշյալ դրվագները:

Հակահարվածի օպերացիայում՝ որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, Օնիկ Գասպարյանն ունի դերակատարություն
«Այս օպերացիայի ձախողման հիմքում կային գործոններ, որոնք ոչ այդքան կապված էին համապատասխան գործողություններն իրականացնող ստորաբաժանումներից կամ բրիգադներից, որքան օպերացիայի պլանավորումից: Եվ կարծում եմ, այդ հակահարվածի օպերացիայի տապալումը, մեծ առումով, կախված էր ավելի շատ կենտրոնական ապարատում որոշումներ կայացնողների գործողություններից, քան ավելի ներքևի օղակներից: Որովհետև այն պայմանները, որոնք պետք է լինեին հակագրոհ կամ հակահարված իրականացնելու համար, դրանք գոյություն չունեին, և դա հաստատվում է նաև դատական նիստերի ընթացքում:
Առաջին հերթին հակագրոհ չի կարելի իրականացնել մի պայմանում, երբ հակառակորդի հարձակումը դեռևս կանգնեցված չէ: Երկրորդ, ճիշտ գնահատում չի եղել հետախուզական միջոցներով՝ որքան հակառակորդ կա, և հայկական կողմն ինչ ուժերով կարող է այդ օպերացիան իրականացնել, նաև՝ ՀՕՊ միջոցներն անհրաժեշտ աջակցություն չեն ապահովել, և այլն: Այսինքն, կրկնում եմ, որ գլխավոր խնդիրները կապված են վերևից իջած որոշումների և դրանց նախապատրաստության հետ: Ինչ վերաբերում է ներքևի օղակներին, իհարկե, կարելի է այդ ուղղությամբ ևս աշխատել, ուսումնասիրել, հասկանալ՝ այդ իրավիճակում ով ինչպես է գործել, ով ինչ խնդիր է կատարել, կամ չի կատարել: Բայց այս օպերացիան որևէ պայմանում չէր կարող հաջողվել, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանների ձևավորում տեղի չի ունեցել»,- ասաց նա:
Ի դեպ, մի առիթով մեզ հետ զրույցում Սեյրան Օհանյանը ևս նշել էր, որ պայմանները թույլ չեն տվել, որ հակահարվածի օպերացիան իրականացվի, և, որ՝ «հակառակորդը պետք է կանգնեցվեր, նրան պետք է հզոր խոցում հասցվեր, նաև՝ հակահարվածող կառույցներին պետք էր աջակցություն, «նրանց թևերը պետք է ապահովված լինեն, որպեսզի նրանց կողմից խնդիրը կատարելուց հետո աջ և ձախ կողմերը նույնպես նման գործողություններ կատարեն և վերջնական կանգնելու կամ բնագիծ գրավելու վայրում ապահովեն հակագրոհները»:
Անդրադառնալով այս հարցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դերակատարմանը և պատասխանելով մեր դիտարկմանը, որ ԳՇ նախկին պետը, մեր տեղեկություններով, դեմ է եղել հակահարվածի օպերացիային, սակայն, ի վերջո, այն գործի է դրվել և լուրջ ազդեցություն ունեցել պատերազմի ելքի վրա, Տիգրան Աբրահամյանը շեշտեց.
«Այս թեմայով մեծ թվով մանրամասներ հայտնի չեն դեռ: Կան տեղեկություններ, որ մտահղացման հեղինակը եղել է Սամվել Բաբայանը, բայց եթե նույնիսկ այդպես է, գործառույթների առումով միգուցե նա կարող էր դիրքորոշում հայտնել, բայց պլանավորումը և որոշումների կայացումը դրանից դուրս է եղել: Եվ այս պարագայում, այս օպերացիայում՝ որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, Օնիկ Գասպարյանը, բնականաբար, ունի իր մեծ դերակատարությունը: Եվ թե որքանով է նա դեմ կամ կողմ եղել, որքանով է դրա վրա ազդել Նիկոլ Փաշինյանի և Սամվել Բաբայանի դերակատարությունը, այս պահին դժվար է ասել: Հստակ կլինի, երբ Օնիկ Գասպարյանը կխոսի: Բայց, կրկնում եմ՝ որպես ԳՇ պետ, Օնիկ Գասպարյանն այդ օպերացիայում և դրա տապալման հարցում, իհարկե, պատասխանատվություն ունի:
Մյուս կողմից, օպերացիայի ձախողման համատեքստում խնդիրը, ըստ իս, Օնիկ Գասպարյան-Ջալալ Հարությունյան տանդեմի շրջանակում է. ՊԲ-ն գլխավորել է Ջալալ Հարությունյանը, վերջինը վերջնական որոշում կայացրել է Օնիկ Գասպարյանի գիտության պայմաններում, և ենթադրաբար ամբողջ իրավիճակն Օնիկ Գասպարյանին ներկայացվել է: Իսկ թե ո՞վ, ո՞ր օղակում ամբողջ ճշմարտությունը չի ներկայացրել, կամ՝ գուցե իրական տեղեկատվության պայմաններում է նման վտանգավոր գործողություն նախապատրաստվել, հարցի մյուս կողմն է: Բայց քանի դեռ ամբողջական դետալները հայտնի չեն որոշումների կայացման, այս պահին վերջնական և միանշանակ գնահատական հնարավոր չէ տալ»:
Պատգամավորի խոսքով, մի բան հստակ է՝ այն իրավիճակը, որ եղել է ռազմաճակատում և կոնկրետ այդ ուղղությամբ, որևէ հնարավորություն չէր տալիս հաջողություն արձանագրելու, ուստի դժվար է ասել՝ դրա չձախողման պայմաններում ի՞նչ կարող էր տեղի ունենալ:
Արդյո՞ք բանակային հակահարվածի հայտնի օպերացիային անդրադարձ կա 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցում՝ հարցին, Տիգրան Աբրահամյանը, ով արդեն զեկույցին ծանոթացել է, պատասխանեց.
««Լելե Թեփե» օպերացիայի հետ կապված շատ «աննշան» ձևակերպումներ կան: Եվ այն մարդիկ, որոնք առհասարակ տեղյակ չեն այդ օպերացիայից, զեկույցի այդ հատվածը կարդալու դեպքում ոչ միայն որևէ բան չեն հասկանա, այլև չեն էլ իմանա, որ այս օպերացիան բավականին ծանր ազդեցություն է ունեցել պատերազմի հետագա ընթացքի վրա, որովհետև մեծ հարված են ստացել ՊԲ ռեզերվային ուժերը, ինչը նաև զորքի բարոյահոգեբանության վրա է հետք թողել»:

