Ի՞նչ են մտածել իշխանական պատգամավորները՝ կողմ քվեարկելով մի բանաձևի, որով հարցականի տակ են դնում վրացական իշխանության լեգիտիմությունը. Գառնիկ Դանիելյան

Օրվա իշխանությունների անպատասխանատու քայլերի պատճառով լարվում են հայ֊վրացական հարաբերությունները. ահազանգում է ընդդիմադի պատգամավոր Գանիկ Դանիելյանը։ Ֆեյսբուքի իր էջում նա մանրամասնում է. «Եվրանեսթի ԽՎ վերջին լիագումար նիստի շրջանակում Երևանում ընդունված բանաձևին հայ իշխանական պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում։

Առանց այդ էլ, վերջին շրջանում վրացական կողմի հետ հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն թվում՝ չնայած պատկան մարմինների հավաստիացումներին, թե ամեն ինչ կարգին է։

Դրա հետևանքները ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական։ Վրաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի զարգացումը մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն։ Վրաստանի տարածքով իրականացվում են տարանցիկ բեռնափոխադրումներ դեպի երրորդ երկրներ։ Իհարկե, այստեղ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, և ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ։ Վերջին ցայտուն օրինակներից է վրացական սահմանին ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտումը։

Այս խնդիրները, գուցեև, ունեն քաղաքական ենթատեքստ, բայց իշխանությունը հենց նրա համար է, որ ձեռքի տակ եղած լծակների բանեցմամբ հասնի խնդիրների լուծման։ Մինչդեռ, սրանք զբաղված են ամեն ինչով՝ եկեղեցու դեմ արշավով, ընդդիմադիրներին հալածելով, բացի իրենց բուն գործառույթներն իրականացնելուց։

Ի՞նչ են մտածել իշխանական պատգամավորները՝ կողմ քվեարկելով մի բանաձևի, որով հարցականի տակ են դնում վրացական իշխանության լեգիտիմությունը։

Տպավորություն է, որ օրվա իշխանությունն այսպիսի քայլերի է գնում հստակ նպատակադրմամբ՝ վատթարացնելու Վրաստանի հետ հարաբերությունները։

Բնականաբար, այս քայլերն ունենալու են հետևանքներ, ինչից տուժելու է մեր տնտեսությունը, ծանր կացության մեջ են հայտնվելու տնտեսվարողները»:

Տեսանյութեր

Լրահոս