Ո՞վ է Ալեն Սիմոնյանի աշխատակազմում քաղաքացիների զանգերին պատասխանող Աշխենը

«Աղջկաս ծննդաբերությունից հետո, դեռ երեխան 1 ամսական էլ չկար, աշխատանքից ազատեցին: Դատի տվեցինք, որ դեկրետում ոչ ոք իրավունք չուներ նրան ազատելու: Հիմա գործը Վճռաբեկում է: Այնտեղ էլ երկու ամիս է՝ դատական լսումները կատարվել են, պատասխան չկա, լայաղ չեն անում պատասխանեն… Գրել ենք ամեն տեղ: Այստեղ եկել էր Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը:

Առձեռն, երեխան էլ ձեռքին, աղջիկս դիմումը տարել, տվել էր նրան: Ասել էր՝ խնդրում եմ՝ թող ասեն՝ ինձ ինչի՞ համար են աշխատանքից ազատել… Մի 10 օր հետո զանգեցինք ԱԺ նախագահի աշխատակազմ, մի Աշխեն կար, պատասխանողն ինքն էր, ազգանունն էլ չասաց: Ինձ ասաց՝ հա դե, ի՞նչ եք ընկել էդ դիմումի հետևից, մարդ է, պատռել է, դեն գցել, ի՞նչ եք ուզում: Ասացի՝ ի՞նչ ես խոսում, մտածո՞ւմ ես՝ ինչ ես խոսում, հո խարաբ չե՞ս, աղջիկ ջան, Ազգային ժողովի նախագահին դու վարկաբեկում ես, դու գլխի՞ ես՝ ինչ ես խոսում: Ո՞նց, քաղաքացու դիմումը պատռել է, դե՞ն գցել… Ասաց՝ ասենք պատռել է, ի՞նչ պիտի անեք, ասացի՝ ոչ մի բան, ի՞նչ պիտի անենք… Էս երկրի ղեկավարներն իրենք են…»,- տարակուսանքով հարցման ժամանակ իր ընտանիքի գլխին եկած պատմությունն էր պատմում լոռեցի տղամարդը:

Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանի աշխատակազմի Աշխենը ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին ակտիվիստ, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝  Ալեն Սիմոնյանին անսահմանորեն նվիրված մի կին:

ԱԺ-ում ասում են՝ հենց սա է գնահատում Ալեն Սիմոնյանը, որ նրան կարճ ժամանակում բարձրացրել է կարիերայի աստիճաններով՝ ԱԺ նախագահի տեղակալի գործավարից դարձնելով ԱԺ նախագահի խորհրդական:

Կարդացեք նաև

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Աշխեն Հայրապետյանը պատասխանել է փաստորեն քաղաքացու՝ ԱԺ նախագահի ընդունարան կատարած զանգին: Այսինքն՝ փաստացի մարդը խորհրդական է, բայց կատարում է գործավարի գործառույթներ: Բայց անգամ դա չէ էական, այլ այն, որ ԱԺ նախագահի խորհրդականը չի գիտակցում իր պաշտոնի պատասխանատվությունը ու կարող է քաղաքացու գրած դիմումի մասին հանգիստ ասել՝ է հա, ի՞նչ է եղել որ, մարդ է, կարող է՝ պատռել է…

Դրանից բացի, ԱԺ նախագահն ունի հենց քաղաքացիների ընդունելությամբ զբաղվող օգնականներ և խորհրդականներ, և թերևս ճիշտ կլիներ, որ քաղաքացու նամակը հենց նրանց փոխանցվեր, ովքեր էլ ի պաշտոնե պիտի զբաղվեին դրանով:

Մեր տեղեկություններով՝ Աշխեն Հայրապետյանը միշտ և ամենուր ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, որովհետև նրա նման աշխատակից, ինչպես ԱԺ-ում են ասում, շատ հարմար է ունենալ. միշտ հասանելի է ու պատրաստակամ այս կամ այն բանն անելու համար:

Մամուլում շատ ավելի ուշագրավ տեղեկություններ կան Աշխեն Հայրապետյանի մասին:

Օրինակ՝ «ՔՊ-ական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթին պատմել էին, որ Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանի հագուստի արդուկի և կոստյումի ուսերի փոշիների հարցերով է զբաղվում: Վերջերս էլ նոր սարքավորում է ձեռք բերել՝ ուսերի փոշիները մաքրելու համար», և օրաթերթը ցանկացել էր իմանալ՝ ի վերջո, ի՞նչ գործառույթներ է իրականացնում Աշխեն Հայրապետյանը: Այս և այլ պարզ հարցերի ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը պատասխանել էր. «Աշխեն Հայրապետյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները և իր հաստիքին համապատասխան գործառույթները»:

Ի դեպ, Աշխեն Հայրապետյանը երեկ նաև Հովհաննավանքում էր Ալեն Սիմոնյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս