Վրաստանը հոկտեմբերին 121 օտարերկրացու է արտաքսել
                                    Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները 2025 թվականի հոկտեմբերին երկրից արտաքսել են 121 օտարերկրացու, որոնք խախտել են միգրացիոն օրենքները:
Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Բանգլադեշի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Իրաքի, Հորդանանի, Կոտ դ’Իվուարի, Լիբանանի, Մարոկկոյի, Նիգերիայի, Պակիստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆիլիպինների, Չադի և այլ երկրների քաղաքացիներ: Նրանց մուտքը երկիր արգելվել է։
Հոկտեմբերին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ 2025 թվականի առաջին ինը ամիսներին երկրից արտաքսվել է ավելի քան 850 անօրինական ներգաղթյալ, ինչը աննախադեպ թիվ է և զգալիորեն ավելի բարձր, քան 2022, 2023 և 2024 թվականների ցուցանիշները միասին վերցրած։Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած միգրացիոն օրենսդրության նոր փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում սահմանված ժամկետից ավելի երկար մնալու դեպքում օտարերկրացին կտուգանվի 1000-ից 3000 լարիի չափով (369 դոլարից մինչև ավելի քան 1100 դոլար):
Տուգանքի չափը կախված կլինի Վրաստանում անօրինական գտնվելու տևողությունից: Տուգանքի հետ մեկտեղ, անօրինական միգրանտին կարգելվի մուտք գործել Վրաստան:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    