Հռոմի կենտրոնում պատմական աշտարակը մասամբ փլուզվել է. տուժել է չորս մարդ

Հռոմի կենտրոնում պատմական աշտարակը մասամբ փլուզվել է: Վենետիկի հրապարակի և Կոլիզեյի միջև հառնող 29 մետրանոց Torre dei Conti-ն փլուզվել է առնվազն երկու անգամ. հաղորդում է Reuters-ը: Երկրորդ փլուզումը տեղի է ունեցել փրկարարների՝ դեպքի վայր ժամանելուց հետո:

Չորս աշխատող վիրավորվել է, հաղորդում է BBC-ն: Նրանցից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել և հրաժարվել հոսպիտալացումից: Երրորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, և տեղական իշխանությունները հայտնում են, որ նրա կյանքը վտանգված է: Չորրորդ աշխատողը մնացել է փլատակների տակ:

«Մենք փորձում ենք նրան կենդանի դուրս բերել, բայց իրավիճակը դժվար է՝ հետագա փլուզման վտանգի պատճառով»,- Reuters-ին ասել է ազգային հրշեջ ծառայության խոսնակ Լուկա Կարին:

Կոնտի աշտարակը 13-րդ դարի սկզբին պատվիրել է Հռոմի պապ Ինոկենտիոս III-ը՝ իր ընտանիքի համար: Շենքում մի ժամանակ տեղակայված էին Հռոմի քաղաքապետարանի գրասենյակները, բայց 2006 թվականից ի վեր շենքը չի օգտագործվում և վերանորոգվում է չորսամյա նախագծի շրջանակում, որը պետք է ավարտվի հաջորդ տարի:

Տեսանյութեր

Լրահոս