Փարիզի դատախազը բացառել է Լուվրի կողոպուտի գործում լուրջ հանցավոր խմբավորման ներգրավվածությունը
Լուվրի թանգարանից 102 մլն դոլար արժողությամբ զարդերի կողոպուտն իրականացվել է մանր հանցավոր խմբի, այլ ոչ թե կազմակերպված հանցավորության խմբի կողմից։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է Փարիզի դատախազ Լորա Բեկոն։
Նա նշել է, որ այս պահին ձերբակալված չորս անձանցից, այդ թվում և կասկածյալներից մեկի ընկերուհու գործերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գործ ունեն ոչ թե բարդ գործողությունների պատրաստ պրոֆեսիոնալ խմբի, այլ մանր հանցագործների հետ։
Հարցին, թե արդյոք իշխանությունները վստահ են, որ գողությունն իրականացրած չորս հոգանոց խմբի երեք անդամն այս պահին ձերբակալված է, Բեկոն ասել է, որ «առնվազն մեկը դեռ հայտնաբերված չէ»։
Նա չի բացառել, որ կարող են լինել այլ ներգրավված անձինք ևս։ Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։
Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուվրի թանգարանից գողություն կատարելու գործով ներգրավված երկու կասկածյալները, ովքեր ձերբակալվել էին օրեր առաջ, մասամբ ընդունել են իրենց ներգրավվածությունը հանցանքի կատարման գործում։ Ձերբակալված տղամարդկանց հնարավոր է եղել հայտնաբերել հանցանքի վայրում թողած ԴՆԹ հետքերով։
Նրանցից մեկն Ալժիրի 34-ամյա գործազուրկ քաղաքացի է, ով 2010 թվականից ի վեր ապրում է Ֆրանսիայում։
Նրան ձերբակալել էին օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը՝ 39-ամյա տղամարդը, արդեն գտնվում էր դատական հսկողության տակ՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գողության գործով։Հետագայում ձերբակալվել էին ևս 5 անձինք, որոնցից 3-ը հետո ազատ են արձակվել։

