ԱՐՑԱԽԸ ԿՈՐՍՎԱԾ ՉԷ․ ՀԱՅ ԱԶԳԸ ՉՈՒՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ․ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված հայտնի Հռչակագիրը անշրջելի չէ։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը վստահ չէ, որ այդ փաստաթղթի կետերը կյանքի են կոչվելու, կամ տարածաշրջանային դերակատարներից Ռուսաստանը և Իրանը համաձայնելու են «Թրամփի ուղու» ծրագրի իրականացմանը։ Այս մասին քաղաքագետ Թևան Պողոսյանը նշեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ խոսելով տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակի մասին։
«Ասում են, որ [ճանապարհը] 99 տարով տրվելու է Միացյալ Նահանգներին։ Իսկ մենք վստա՞հ ենք, որ դա կյանքի է կոչվելու ընդհանրապես։ Օրինակ՝ ես չունեմ այդ վստահությունը։ Իսկ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը և Իրանը վերջնական համաձայն են, որ դա կյանքի կոչվի։ Իսկ ո՞վ է ասել, որ նույնիսկ Ադրբեջանը կամ Թուրքիան են ցանկանում, որ դա կյանքի կոչվի։ Եթե լինելու է մեկ այլ երկրի վերահսկողություն կամ ներկայություն, դա իրենց երազանքը չէ և ցանկությունը չէ։ Այնպես որ, այդ րոպեին դա է անհրաժեշտ եղել իրենց շահերի համար՝ գնացել, ստորագրել են՝ Թրամփին չնեղացնելու համար։ Բայց ո՞վ է ասել, որ ամեն ինչ այնպես է լինելու, ինչպես Թրամփն է հայտարարել։ Թրամփը 4 տարի հետո գնալու է, ինքն էլ ընդամենը վկա է»,- մեկնաբանեց Թևան Պողոսյանը։

Ազգային ժողովի նախկին պատգամավորի խոսքով՝ վաշինգտոնյան փաստաթուղթը ստորագրվել է լեգիտիմություն չունեցող իշխանության ղեկավարի կողմից, հետևաբար՝ հայ ժողովուրդը որևէ պարտավորություն չունի հրաժարվելու թշնամու նկատմամբ վրեժխնդրությունից՝ ինչպես նշված է փաստաթղթի 5-րդ կետում։
«Հայ ժողովուրդը չունի նման պարտավորություն՝ մերժելու կամ բացառելու վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Այդ պարտավորությունն ո՞վ է ստորագրել՝ գործող իշխանությունները։ Եթե հայ ազգն ասում է՝ չեմ ընդունում այդ անհասկանալի փաստաթուղթը, որն ընդամենը հռչակագիր է, այդպիսի հռչակագրեր հազարավորներ են եղել, ինչո՞ւ է մեզ թվում, թե ինչ-որ մեկն ինչ-որ մի բան է ստորագրել՝ դա դաջված է քարի վրա։ Միջազգային քանի՞ պայմանագրեր են չեղարկվել՝ նույնիսկ ամենաբարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունների կողմից ստորագրված։ Իսկ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից ստորագրված փաստաթղթի հետևից ինչո՞ւ եք ընկել։ Իշխանությունը պետք է ունենա լեգիտիմություն։ «Լեգալ»-ը և «լեգիտիմություն»-ը պետք է կարողանանք տարանջատել»,– նշեց Թևան Պողոսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ գործող վարչախմբի բոլոր գործողություններն ուղղված են մեկ նպատակի՝ ամեն գնով պահելու իր իշխանությունը և հնարավորության դեպքում վերարտադրվելու։ Իսկ Եկեղեցին թիրախավորելը՝ ինչպես և Արցախի հանձնումը, կրթական համակարգի քայքայումը և բանակի թուլացումը, ըստ Թևան Պողոսյանի՝ պետականության քայքայման գործընթացի մի մասն է․
«Այսօրվա գործող իշխանությունները փորձում են պահել իրենց իշխանությունը, իսկ հնարավորության դեպքում՝ վերարտադրվել, և իրենց համար ընտրել են թիրախ, որն ազգային է, ունի արժեքներ, մեր հայ տեսակի ինքնության հիմքն է, և դրա դեմ պետք է պայքարեն։ Արցախը հանձնեցին, կրթական համակարգը քայքայում են, Եկեղեցու դեմ, որն ուներ իր անկախությունը, պայքարում են, բանակն էլ թուլացրել են։ Սրանք այն չորս գլխավոր սյուներն են, որոնց վրա կանգնած է հայոց պետականությունը։ Այստեղ քայլերը գուցեև հաշվարկելի էին այն սցենարային ընկալման մեջ, որտեղ, Մոնթեից՝ Ավոյից ավելի խելոք չեմ լինելու, ոչ էլ կարող եմ Մոնթեից ավելի պայծառատես լինել, որն ասել է․ «Կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը»։ Այդ պետականության քայքայման գործընթացն է»։
Այս համատեքստում Թևան Պողոսյանը տեղին է համարում Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի այն հանրահայտ խոսքերը, որ «եթե կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը», բայց սկզբունքորեն համամիտ չէ այն մարդկանց հետ, ովքեր ասում են, թե Արցախը կորսված է։ Թևան Պողոսյանի խոսքով՝ Արցախը ժամանակավորապես օկուպացված է, իսկ հետագան կախված է յուրաքանչյուրից։
«Ինչո՞ւ ենք մենք համարում, որ վե՛րջ, ամեն ինչ ավարտված է։ Այո՛, մենք ունեցել ենք կորուստներ, բայց ունեցել ենք նաև ժամանակահատվածներ, երբ կարողացել ենք ոչ միայն ազատագրել մեր պատմական տարածքները, այլև մեր պետականության հզորացմանը նպաստելով՝ նույնիսկ երկու հայկական պետություն ձևավորել։ Ինչ-որ մեկը կարող է ասել, որ մենք դա չենք արել ու չենք կարող կրկնե՞լ»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։

Նաև հավելեց հետևյալը․
«Եթե կա հայ, ում սրտում, հոգում և գիտակցության մեջ կա Արցախ, Արցախը կորսված չէ, Արցախը ժամանակավոր օկուպացիայի մեջ է, որի մասին պետք է հիշենք։ Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպես պետք է Հայաստանը դիմագրավի ներկա մարտահրավերներին, նորից պետք է վերհիշեմ Մոնթեի խոսքը․ «Կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը»։ Այլևս Հայաստան չի լինելու։ Ձեր տված հարցը ես լսում եմ՝ էս մեկը եթե կորցրել ենք, բա Հայաստա՞նն ինչ է լինելու։ Ոչ մի բան չի, հայոց պետականություն չի լինելու։
Հարցը ժամանակն է՝ 5 տարվա մեջ, 1 տարվա մեջ, թե, ասենք, 30 տարվա մեջ։ Բայց եթե արդյունքը նույնն է լինելու, ի՞նչ տարբերություն՝ քանի տարուց դա տեղի կունենա։ Գալիս ենք նույն անտարբերության խնդրին՝ չգնամ այսօր ընտրություններին կամ անտարբեր մնամ, մի հատ էլ մտածեմ, թե հետո իմ բալիկը կամ թոռնիկը կլինե՞ն այստեղ, թե՞ ոչ։ Ի վերջո, այդ անտարբերությունն ինչի՞ հանդեպ է՝ տվյալ անհատի՞, թե՞ երեխայի ճակատագրի։ Երբ ասում են՝ «անտարբեր եմ քաղաքականության նկատմամբ», դա նշանակում է՝ «ես անտարբեր եմ իմ բալիկների, ապագա թոռնիկների ու կոռնիկների կամ նույնիսկ այսօրվա նկատմամբ»։ Հավասարազոր նախադասություն է։ Եթե մարդն իր տեսակով միայն իր սեփական մարմինն է սիրում, ուրեմն մենք մեծագույն խնդիր ունենք հասկանալու՝ ինչով ենք մենք ուրախանում, հպարտանում կամ բոլորին ասում, թե մենք հայ ենք։ Ունես սրտիդ մեջ, հոգուդ և գիտակցության մեջ՝ Արցախը կորսված չէ»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

