Մերկ էի և հագցրիր ինձ
«Մերկ էի և հագցրիք ինձ» (Մատթ․ 25.36), աստվածաշնչյան այս տողերը շատ անգամներ ենք լսել, բայց քչերս ենք հասկացել դրա իմաստը։
Հիմա հարց տանք մեզ՝ ո՞վ է մերկ մարդը։ Շատերիս կթվա՝ մերկը հագուստից զուրկ մարդն է, բայց իրականում այստեղ խոսքը ամենևին էլ ֆիզիկական մերկության մասին չէ, այլ աստծո արդարությունից և սրբությունից մերկացած մարդու մասին է, ով ունի բոլորիս օգնության և աջակցության կարիքը։ Մերկը Աստծո ներկայությունը վայելելու փափագից և հաճույքից դատարկված էակն է։ Մերկն Աստծո հետ ամեն տեսակի կապ, հաղորդակցություն և հարաբերություն դադարեցրած արարածն է։
Մարդկությունը իր հոգևոր մերկությունը ժառանգեց Ադամից։ Ահա թե ինչու է այդ մերկությունը հաճախ կոչվում «ադամական մերկություն»։ Աստված Ադամին մերկ չստեղծեց։ Ադամն այդ հոգևոր մերկության մեջ ընկավ Սատանայի պիղծ ձեռքով։ Սակայն, Աստվածորդին գթաց մարդուն և աշխարհ գալով, մերկացավ մարդու ձեռքով և մարդու համար (Մատթ․ 27:28), որպեսզի ազատագրի մեզ ադամական մերկությունից։ Ինչպես ֆիզիկապես մերկ մարդը չի ցանկանում իր նմանների մեջ գտնվել, այդպես էլ հոգեպես մերկ եղող մարդը չի ցանկանում Աստծո ներկայության մեջ ապրել։
Որպեսզի կարողանանք հոգևորապես մերկ եղողներին առաջնորդել Քրիստոսի արդարության պատմուճանին, նախ ինքներս պետք է արդարացած լինենք Քրիստոսի արյունով։ Շատ կարևոր է, որպեսզի գիտակցենք և թույլ տանք, որ Սուրբ հոգին թրծի և եփի մեզ հոգևոր կյանքի մեջ, և ուշադիր լինենք որպեսզի չկորցնենք փրկության հագուստը։ Այդ հագուստը միշտ հնարավոր է կորցնել։ Ահա թե ինչու է Քրիստոսն ասում․ «Ահա ես գալիս եմ գողի պես։ Երանի նրանց, ովքեր արթուն կմնան և իրենց հագուստները կպահեն, որպեսզի մերկ չշրջեն և իրենց ամոթույքը չերևա» (Հայտ 16:25):
Աստված արդար և փրկության արժանի է համարում մերկին հագցնող մարդուն, իսկ մերկին հագցնելը միայն նրա մարմնի համար հագուստ տալը չէ, այլ նաև Տիրոջ Խոսքով նրա հոգին ջերմացնելը։