«Գրեթե վստահ եմ՝ ՀՀ կառավարությունն իր վրա չի վերցնի այդ խայտառակության բեռը». ՀՊՏՀ նախկին ռեկտոր
Չնայած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթը ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա կասեցվել էր դատարանի արգելանքով՝ սակայն հուլիսի 17-ին կայացավ համալսարանի խորհրդի նիստը, որի ժամանակ երկու թեկնածուներից ռեկտոր ընտրվեց նույն բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Ի դեպ, ընտրությանը չէր խանգարել նաև այն հանգամանքը, որ նույն օրը Դիանա Գալոյանն աստիճանազրկվել էր ԲՈԿ-ի որոշմամբ :
Նիստի ընդմիջման ժամանակ Դիանա Գալոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բողոքարկել է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը, ինչը վարչական վարույթը կասեցնելու հիմք էր:
Երեկ արդեն թե՛ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարությամբ տեղեկացրեցին, որ ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է ՀՊՏՀ նորընտիր ռեկտորի բողոքները:
168.am-ը թեմայի շուրջ զրուցել էր ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Նա նշել էր. «Այն փաստը, որ նախարարությունն այսօր այդպես հպարտորեն հայտարարել է նորությունը, թե առոչինչ է եղել հրամանը, հերթական ապացույցն է, որ նախարարությունն այս հարցում շատ շահագրգռված է և անկողմնակալ չէ»:
Սմբատ Գոգյանը նկատել էր նաև, որ հենց այդ հանգամանքն է եղել իր հրաժարականի պատճառը. «Ինձ թվում է՝ հիմա պետք է կա՛մ վարչապետը ստորագրի իմ հրաժարականի դիմումը, կա՛մ էլ ինձ կանչի իր մոտ զրուցելու»:
ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նա ևս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության քայլերում անկողմնակալություն է տեսնում՝ հաշվի առնելով նախարարության կողմից Դիանա Գալոյանի բողոքների բավարարումը, և ի՞նչ է կարծում՝ կառավարությունն իր բարձրաձայնված խնդրով անաչառ կլինի՞:
Ռուբեն Հայրապետյանը նկատեց.
«Այլոց ատենախոսությունների վերաբերյալ վարչական բողոքները չեմ ուզում մեկնաբանել, ինձ դա իսկապես չի հետաքրքրում՝ հատկապես այն դեպքում, երբ ԿԳՄՍՆ-ն նույն կողմնակալության նպատակով արդեն այնքան անգամ է դիտավորությամբ օրենք խախտել, որ մեկ կողմնակալ որոշում այս կողմ կամ այն կողմ՝ էական ոչինչ չի փոխում:
Գիտեք՝ սա այն հարցը չէ, որ անաչառություն է պահանջում. դա մի քիչ բարձր բառ է. Տվյալ դեպքում բացահայտ խայտառակությունների շարք է տեղի ունեցել, որի արդյունքները Կառավարությունը չի կարող հաստատել, ըստ իս: Ես գրեթե վստահ եմ, որ ՀՀ կառավարությունն իր վրա չի վերցնի այդ խայտառակության բեռը և անվավեր կճանաչի ապօրինի մրցույթի արդյունքները»:
Հարցին, թե ի՞նչ ընթացքում է ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արգելանքը հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը և արդյո՞ք, ըստ Ռ. Հայրապետյանի, Կառավարությունը չի հաստատի արդյունքները, նա պատասխանեց.
«Վերաքննիչ բողոքի արդյունքում դատարանն իր որոշմամբ արձանագրել է երեք շատ էական հանգամանք՝
- մրցույթի արգելանքը հանելու պատճառաբանությունը եղել է անհիմն:
- մրցույթի արգելանքը հանվել է ապօրինի դատական նիստով, որի մասին հայցվոր կողմը՝ ես, պատշաճ կերպով չի ծանուցվել:
- օրենքի կոպտագույն խախտման միջոցով է ինձ արգելվել վերաքննիչ դատարան դիմել, որպեսզի արգելանքը հանվի և մրցույթը կայանա:
Ես չեմ հավատում, որ աշխարհի որևէ կառավարություն կարող է հաստատել դատարանի որոշմամբ արձանագրված այսպիսի խախտումների հետևանքով կայացած մրցույթի արդյունքները»:
Հիշեցնենք, ՀՊՏՀ խորհրդի անդամ Համլետ Թադևոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդել էր՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթն առոչինչ է, քանի որ խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի:
Ռուբեն Հայրապետյանն էլ ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ դիմել էր Գլխավոր դատախազությանը, Ոստիկանությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, Հատուկ քննչական ծառայությանը՝ ներկայացնելով ՀՊՏՀ ռեկտորի մրցույթին նախորդած մի շարք խախտումների մասին փաստերը:
«Արդյունքներն անվավեր ճանաչելով՝ հարցը չի փակվելու. սա քրեական է, հարգելինե՛րս»,- ավարտում է իրավապահ մարմիններին ուղղված դիմումը Ռուբեն Հայրապետյանը։
Հիշեցնենք նաև՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մայիսի 14-ին: Ֆեյսբուքյան գրառմամբ նա անդրադարձել էր պատճառներին. «ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետների տարբերությանը, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։
2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ, եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»: