Բաժիններ՝

ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը, ում տնտեսագիտության դոկտորի աստիճանն այսօր ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ռեկտորի պաշտոնում այսօր  ընտրված Դիանա Գալոյանի  օգտին քվեարկել էր նիստին  ներկա կառավարման խորհրդի 26 անդամից  22-ը: Իսկ մյուս թեկնածուն՝  Տիգրան Մարտիրոսյանը, ստացել էր 1 ձայն: 3 հոգի  դեմ էր քվեարկել բոլորին, անվավեր էր ճանաչվել զրո քվեաթերթիկ: Նշենք, որ խորհրդի անդամները 32-ն են, սակայն նիստին մասնակցել է 26-ը:

Այսօր նաև  ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց անվավեր ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ ԲՈԿ-ը 09.07.2020թ.-ին ընդունել էր թիվ 103ա հրամանը ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ. թիվ  5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:  2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով մասնագիտական հանձնաժողով էր ստեղծվել Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով։ Ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը եզրակացրել է, որ Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են հատվածներ, որոնք կրկնում են ատենախոսության մեջ նշված աղբյուրների հղումները: Ինչը հիմք է տվել պնդելու, որ «Դիանա Գալոյանին տնտեսագիտական  գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելիս խախտվել է Կանոնակարգի 11-րդ կետը, այն է` պարտավոր լինելով ատենախոսության մեջ նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր, Դիանա Գալոյանը դա չի կատարել», ինչպես  նշված է ԲՈԿ որոշման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս