«Ինձ թվում է՝ հիմա պետք է կա՛մ վարչապետը ստորագրի իմ հրաժարականի դիմումը, կա՛մ էլ ինձ կանչի իր մոտ զրուցելու». ԲՈԿ նախագահ

Հուլիսի 17-ին կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստը, որի ժամանակ երկու թեկնածուներից ռեկտոր ընտրվեց նույն բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Ի դեպ, ընտրությանը չէր խանգարել այն հանգամանքը, որ նույն օրը Դիանա Գալոյանը աստիճանազրկվել էր ԲՈԿ-ի որոշմամբ :

Նիստի ընդմիջման ժամանակ Դիանա Գալոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բողոքարկել է  ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը, ինչը վարչական վարույթը կասեցնելու հիմք էր:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից 168.am-ը հետաքրքրվել էր ՝ ՀՊՏՀ ռեկտորի հետ կապված նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել: Ի պատասխան՝ հայտնել էին.

«Դիանա Գալոյանի վարչական բողոքների հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հարուցել է բողոքարկման վարույթներ: Բողոքարկվող հրամանների կատարումը կասեցվել է մինչև բողոքների վերաբերյալ ըստ էության որոշումների կայացումը»:

Այսօր արդեն թե՛ ԿԳՄՍ նախարարությունը, թե՛ Դիանա Գալոյանը հայտարարությամբ տեղեկացրեցին, որ ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է ՀՊՏՀ նորընտիր ռեկտորի բողոքները:

«Սիրելի՛ ընկերներ,
Ինչպես արդեն հայտնել էի, ԲՈԿ նախագահի բացառիկ ապօրինի հրամանների մասով վերադասության կարգով վարչական երկու բողոք էի ներկայացրել ԿԳՄՍՆ։ Տեղեկացնում եմ, որ երկուսն էլ բավարարվել են և ԲՈԿ նախագահի այդ խայտառակ անօրինական հրամաններից մեկը՝ վարույթ հարուցելու հրամանը, ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ գիտական աստիճանից զրկելու հրամանը՝ առոչինչ։ Ապացուցվեց, որ ԲՈԿ նախագահը իրեն վերագրել է գործառույթներ, որոնք օրենքով իրեն վերապահված չեն, ինչպես և ես պնդում էի ի սկզբանե։ Պետք է նշեմ, որ ատենախոսությանս հետ կապված ցանկացած հետագա շահարկման մասով դատական հայց եմ ներկայացնելու։ Արդեն տևական ժամանակ է, որոշ մարդիկ իրենց անձնական շարժառիթներից և ամբիցիաներից դրդված՝ թիրախավորել են անձս և կանգ չառնելով նույնիսկ պաշտոնեական լիազորությունները անցնելու և ինքնիրավչության քրեորեն պատժելի արարքների առջև՝ ապատեղեկատվության և կեղծիքի տարածման միջոցով արշավ են սկսել իմ և ՀՊՏՀ-ի դեմ, ինչը անպատասխան չեմ թողնելու։ Այսօր դեռ այսքանը, իսկ ֆեյսբուքյան «փոթորիկների» սիրահարները ապօրինությունների համար դեռ պատասխան են տալու դատարանում։
Առո՛ղջ եղեք»,- գրել էր Դ. Գալոյանը:

168.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Նա  նշեց՝ իրեն զարմացրել է այն, որ նախարարությունը շտապել է տարածել բողոքները բավարարելու մասին նորությունը.

«Այն փաստը, որ նախարարությունն այսօր այդպես հպարտորեն հայտարարել է նորությունը, թե  առոչինչ է եղել հրամանը, հերթական ապացույցն է, որ նախարարությունն այս հարցում շատ շահագրգռված է և անկողմնակալ չէ»:

Սմբատ Գոգյանը նկատեց՝ հենց այդ հանգամանքն է եղել իր հրաժարականի պատճառը.

«Մայիսի 14-ին, երբ դիմում էի գրել,  հստակ  խնդիրներ եմ առաջ քաշել, որոնք նախարարությունը չի էլ հերքել: Ասեմ ավելին, նախարարը դեռևս հուլիսի 22-ին ինձ ուղղված գրությամբ ասել էր, որ իմ որոշումը սխալ էր,  այսինքն՝ ինքը չխորհրդակցելով  վարույթն իրականացնող, վարույթն անցկացնող մարդկանց հետ, իր դիրքորոշումն ուներ, հետևաբար՝ ինչո՞ւ պետք է իր հրամանը ուրիշ լիներ»:

Ի դեպ, ԲՈԿ նախագահն իր հրաժարականի  դիմումի ընթացքի մասին տեղեկություններ չունի, այդուհանդերձ հարցին, թե այս զարգացումները հաշվի առնելով՝ ի՞նչ ենթադրություններ ունի, Սմբատ Գոգյանը պատասխանեց.

«Ինձ թվում է՝ հիմա պետք է կա՛մ վարչապետը ստորագրի իմ հրաժարականի դիմումը, կա՛մ էլ ինձ կանչի իր մոտ զրուցելու»:

Նկատենք՝ ամիսներ են անցել  Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարական ներկայացնելու օրվանից, սակայն վարչապետին մակագրված հրաժարականի դիմումի պատասխանը դեռ հայտնի չէ: ԲՈԿ նախագահը դեռ աշխատում է, և, ինչպես ինքը նշեց՝ սպասում հանգուցալուծման:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սմբատ Գոգյանի հետ ու զրուցել նրա հրաժարականի պատճառների մասին: Հանդիպումը եղել էր փակ. մանրամասներ Սմբատ Գոգյանը չհայտնեց:

Խնդրով ևս մեկ փակ հանդիպում տեղի էր ունեցել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել մայիսի 14-ին: Ֆեյսբուքյան գրառմամբ նա անդրադարձել էր պատճառներին. «ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․

1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետների տարբերությանը, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։

  1. 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ, եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»:

Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ է նշանակվել 2018 թվականի հուլիսին։

 

Տեսանյութեր

Լրահոս