Վտանգավոր է, երբ ՀՀ ինքնիշխանությանը վերաբերող հարցերում խոսում են արևմտամետության կամ ռուսամետության մասին

Նախորդ օրն ԱԺ-ն վավերացրեց «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրությունը: Խորհրդարանում այս արձանագրության վավերացմանն ամենասուր ընդդիմացողներից մեկը նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էր: Մենք խնդրեցինք պարոն Արզումանյանին ներկայացնել իր մոտեցումներն այս արձանագրության վերաբերյալ:

– Արձանագրությունը Հայաստանի կողմից վավերացվել է, ի՞նչ վտանգ է այն ներկայացնում Հայաստանի համար:

– Այդ արձանագրությունը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, և դա ամենամեծ վտանգն է: Մինչ այդ նման հարցերը կարգավորվում էին ՀԱՊԿ կանոնադրությամբ, որտեղ ասվում է, որ եթե ՀԱՊԿ անդամ որևէ երկիր ցանկություն ունի իր երկրի տարածքում տեղակայել ոչ ՀԱՊԿ անդամ երկրի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ, ապա պետք է սկսի բանակցություններ ՀԱՊԿ անդամ երկրների հետ, այդ հարցը համաձայնեցնելու ուղղությամբ: Խոսքը, իհարկե, առաջին հերթին վերաբերում է ՌԴ-ի հետ համաձայնեցնելուն:

Այս արձանագրության մեջ կա մի կետ, որն ասում է, որ նման օբյեկտ կարող է տեղակայվել միայն ՀԱՊԿ անդամ երկրների գրավոր համաձայնության դեպքում: Դա նշանակում է, որ հիմա Ղազախստանը, Ղրղըզստանը կամ Տաջիկստանը պետք է տան համաձայնություն, որ Հայաստանն իր տարածքում որևէ երկրի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղակայի: Երկրորդ խնդիրը դա «ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ» եզրույթի բացատրությունն է, որը ոչ մի տեղ չի տրվում:

Կարդացեք նաև

«Ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ» կարող է լինել ցանկացած բան. ՆԱՏՕ-ի գրադարանից սկսած, մինչև ինֆորմացիոն կենտրոն կամ հոսպիտալ: Օրինակ, մեր հարևան Վրաստանում ամերիկյան բանակի կողմից կառուցվեցին մի շարք հոսպիտալներ, որոնք մնացին վրաց ժողովրդին, ինչպես Գյումրիում կա ռուսական հոսպիտալ, որից օգտվում են նաև մեր քաղաքացիները:

– Իսկ հատկապես ինչի՞ն էին հակադրվում ձեր ընդդիմախոսները:

– Բանավեճն ի սկզբանե խեղաթյուրվեց. և արձանագրության քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ. որ մեզ անհրաժեշտ է մնալ ՀԱՊԿ-ում, ինչ կանեն թուրքերը, եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք, որ ՆԱՏՕ-ն մեզ անդամակցության հրավեր չի ուղարկել: Բայց սա ոչ մի կապ չունի արձանագրության բովանդակության հետ. և նման քննարկումը տանում է կատարյալ աբսուրդի: Այսօր մենք չենք բարձրացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, դա մեր քաղաքական օրակարգում չկա. մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, բայց դա չի նշանակում, որ մենք մեր Սահմանադրությունը ոտնահարելով` պետք է ստորագրենք մեզ հրամցվող ցանկացած փաստաթուղթ, որպեսզի մեր «մեծ եղբայրը» մեզանից չնեղանա:

– Արդյոք ՀՀԿ խմբակցության անդամները չե՞ն գիտակցում ձեր նշած վտանգները, որ միաձայն կողմ քվեարկեցին արձանագրության վավերացմանը:

– ՀՀԿ շարքերում կան անկախական գործիչներ, ովքեր դեռ մինչև ԽՍՀՄ փլուզումն են պայքարել հանուն Հայաստանի անկախության, կան երիտասարդ գործիչներ, ովքեր բավական լիբերալ հայացքների տեր են, այնպես որ, այդ կուսակցության անդամների առնվազն կեսը քաջ գիտակցում է, թե ինչ խնդիրներ է առաջացնում այս արձանագրությունը: Բայց քանի որ մենք գիտենք, թե ինչպես են ձևավորվում իշխանական կուսակցությունների խմբակցությունները, և ինչ պայմաններով են մարդիկ մտնում խմբակցություն, դրա համար էլ գիտենք, թե ինչպես են քվեարկում՝ ինչպես կասի «պախանը»:

– Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ արձանագրությանը կողմ քվեարկեցին ոչ միայն իշխանության, այլ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ:

– Շատ բացասական եմ դրան վերաբերվում, բայց «ընդդիմություն» ասելով` ո՞ւմ նկատի ունեք:

– ՀԱԿ խմբակցության անդամներ Գագիկ Ջհանգիրյանին և Լյուդմիլա Սարգսյանին:

– Ժամանակին ՀԱԿ-ի հետ մեր տարաձայնությունների պատճառը նաև այն էր, որ լինելով տարբեր գաղափարախոսության ներկայացուցիչների կոնգլոմերատ, ՀԱԿ-ը չուներ ընդհանրական պատկերացումներ մեր արտաքին քաղաքական կողմնորոշումների վերաբերյալ: Կային ընդգծված պրոռուսական գործիչներ, ովքեր բոլորից պրոռուսական դիրքորոշում էին արտահայտում: Լավ է, որ Նիկոլ Փաշինյանն իր մեջ ուժ գտավ և քվեարկեց իր խղճի թելադրանքով:

– Ասում եք, որ արձանագրությունը հակասահմանադրական է, իսկ ինչո՞ւ չդիմել Սահմանադրական դատարան և վիճարկել դրա օրինականությունը:

– Այստեղ կա մի կազուս. այն փաթեթում, որը ներկայացված էր խորհրդարան, կա մի փաստաթուղթ, դա Սահմանադրական դատարանի եզրակացությունն է արձանագրության վերաբերյալ, որտեղ կա մի նախադասություն, ըստ որի` արձանագրությունը չի հակասում Սահմանադրության 9-րդ հոդվածին:

Այդ կետում գրված է. «ՀՀ արտաքին քաղաքականությունը իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, բոլոր պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու նպատակով»: Սա ուղղակի աբսուրդ է, սա նույնն է, եթե ասես, որ արձանագրությունը չի հակասում «Սարի սմբուլ» երգի տեքստին, և այդ երգից ինչ-որ մեջբերում անես:

– Բայց հակասում է Սահմանադրության առաջին կետին, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է:

– Վերջացավ: Այո, ինքնիշխան պետություն է, անկախ պետություն է, բայց Սահմանադրական դատարանը մեզ սովորեցրել է, որ իր որևէ վճիռ իր մեջ հստակություն չի պարունակում: Գիտենք, որ եղել են դեպքեր, երբ վճռին նախորդող առաջաբանում փորձ է արվում տալ վիճահարույց հարցերի պատասխանը, կամ վերջաբանում ասվում է, որ մեկ տարի հետո վստահության հանրաքվե անցկացնենք, որն այդպես էլ չի իրականացվում:

Այնպես որ, ՍԴ վճիռներն աբսուրդի ժանրից են: Գործադիրը ՍԴ-ին ասում է, որ սա մեզ համար անհրաժեշտ է, և նրանք գրում են, որ չի հակասում Սահմանադրությանը, և այդ պահին մտքից եկած որևէ հոդվածով հիմնավորվում է:

– Եթե Սահմանադրական դատարան դիմելը բացառում եք, տեսնո՞ւմ եք այլ ճանապարհ` այս արձանագրությունից բխող վտանգը չեզոքացնելու համար:

– Նախ` դրա մասին հասարակությունը պետք է իրազեկվի: Վտանգավոր է, երբ այստեղ փորձ է արվում խոսել արևմտամետության կամ ռուսամետության մասին, քանի որ սա վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգին, և հասարակությունը պետք է ստիպի իշխանությանը, որ նա սպասարկի մեր ազգային շահերը: Հետագայում, իհարկե, կան մեխանիզմներ` ինչպես արձանագրությունները հետ կանչելու, այնպես էլ` ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, բայց դա ապագա սերունդների խնդիրն է:

Ես սպասում եմ նրան, թե երբ կբարձրանա Հայաստանում որևէ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղակայելու հարցը, և Տաջիկստանը կամ Ղազախստանը դրան դեմ կարտահայտվի: Այ այդ դեպքում հնարավոր կլինի ավելի առարկայական քննարկել այս արձանագրության գործողությունը շարունակելու նպատակահարմարության հարցը:

– ԱՊՀ երկրներից մի քանիսում կան ոչ միայն «ռազմական ենթակառուցվածքի» օբյեկտներ, այլև ռուսական բազաներ, հիմա Հայաստանը պետք է տա իր համաձայնությո՞ւնը, որ դրանք շարունակեն մնալ այդ երկրների տարածքում:

– Այդ հարցը Հայաստանում չի լուծվելու, եթե վաղը Ռուսաստանը նման հարց բարձրացնի, ապա պահանջելու է իր ամենահավատարիմ գործընկերոջից դեմ արտահայտվել: Այնպես որ, ինձ համար մնում է անհասկանալի, թե ինչ կապ ունի Ղրղըզստանի ամերիկյան ռազմաբազան Հայաստանի ազգային շահի հետ, և ինչու պետք է մենք փչացնենք մեր հարաբերությունները բարեկամ երկրների հետ:

Նույնիսկ Շավարշ Քոչարյանն իր ելույթում նշեց, որ այս արձանագրությունն այնքան էլ Հայաստանին չի վերաբերում, որ Ռուսաստանը խնդիրներ ունի Միջին Ասիայում, բայց այդ դեպքում, առավել ևս, մեր ի՞նչ գործն է` խառնվել մի տարածաշրջանի ներքին գործերին, որի հետ կապված չենք ոչ աշխարհագրորեն, ոչ մշակութային և ոչ էլ այլ առումներով:

– Իսկ հնարավոր է, չէ՞, որ Ղրղըզստանը չվավերացնի արձանագրությունը, և այն չտարածվի այդ երկրի վրա:

– Արձանագրության մեջ կա մի հետաքրքիր դրվագ, որն ասում է, որ արձանագրությունն ուժի մեջ է մտնում չորս երկրների խորհրդարանների կողմից վավերացնելուց հետո: Կարծում եմ, ինչպես միշտ, մենք առաջիններից ենք վավերացնում, տեսնենք, թե ովքեր կլինեն մյուս երեքը, և այդ դեպքում դժվար է ասել, թե ինչպես կընդունի այս արձանագրությունն այն երկիրը, որը չի վավերացրել արձանագրությունը:

– «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քննարկե՞լ է իր մասնակցությունն ապագա նախագահական ընտրություններին:

– Ի սկզբանե, երբ որոշվեց, որ մենք «Ժառանգության» հետ միասնական ցուցակով ենք հանդես գալիս, մենք հայտարարեցինք, որ սա տեսնում ենք` որպես երկարաժամկետ համագործակցություն, որը կընդգրկի նաև նախագահական ընտրությունները, և դրան հաջորդող Երևանի ավագանու ընտրությունները: Մեր կողմից նախագահի թեկնածու առաջադրելու որևէ որոշում չկա, հավակնություն ունեցող էլ չունենք: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ հավանաբար կառաջադրվի, և եթե նա առաջադրվի, մենք մեր խոսքի տերը պետք է լինենք, և պետք է աջակցենք մեր միասնական թեկնածուին:

– Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի հասցեին հնչեցին մեղադրանքներ` պայմանավորվածություն խախտելու, «քցելու» առումով: Կարո՞ղ է դա ազդել հետագա պայմանավորվածությունները կյանքի կոչելու առումով:

– Խաչատուր Քոքոբելյանը շուտով կլինի հանրապետությունում, և այդ խնդիրները կհարթվեն, քանի որ կա երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածությունը շարունակելու ցանկություն:

Տեսանյութեր

Լրահոս