Կորցրեցի 3 միլիոն դոլար, բնակարանս. ծանր էր, բայց երբ նպատակդ միլիարդանոց բիզնեսն է, կարող ես 30 միլիոն էլ կորցնել. Վահրամ Միրաքյան

«Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր Վահրամ Միրաքյանն է.

Հարցազրույցի կարևորը թեզերը՝ ստորև.

-Չստացված գիտնական եմ, գիտությունների թեկնածու, որը մինչև 30 տարեկանը զբաղվում էր գիտությամբ, հետո որոշեց զբաղվել բիզնեսով։

-Չստացված գործարար եմ նաև. ասում եմ՝ չստացված, որովհետև ստացված կարող եմ համարել, եթե բիզնեսը հասնի միլիարդի։ Կարծում եմ՝ ցանկացած գործարարի նպատակը պետք է լինի՝ իր բիզնեսը հասցնել միլիարդի։

Կարդացեք նաև

-Առաջին անգամ բիզնեսով սկսեցի զբաղվել, երբ որոշեցի շենքերի տանիքներին ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպել։ Օրինակ՝ այդ ընթրիքի ինքնարժեքը 50 հազար դրամ էր, ես վաճառեցի 100 հազար դրամով, դրա հիման վրա նաև կայք ստեղծեցի, հետո օրիգինալ նվերների վաճառքի համար հարթակ դարձավ այդ կայքը։

-Բիզնես սկսեցի անել զրոյից. առանց ֆինանսական ռեսուրսի կարող ես բիզնես անել, բայց առանց սոցիալական կապիտալի (ծանոթներ, ընկերներ)՝ ոչ։

-Փոքր բիզնեսներից հետո 2018 թվականին սկսեցինք բանանի ներկրմամբ զբաղվել ընկերոջս հետ։ Նման բիզնեսում պետք է մեծ ֆինանսական կապիտալ ունենալ՝ դեմպինգին դիմանալու համար։ Մենք դա չունեինք, չդիմացանք։

-Հայաստանում բիզնեսմեններին իրենց անհաջողությունները չեն ներում. բավական բարդ գործ է սնանկացման հասնելը։

-Գործարարի համար պարտադիր է անընդհատ սխալվելը, պարզապես խնդիրն այն է, որ նույն սխալը երկու անգամ չկրկնես։

-Կայացրեցի որոշում, որը սխալ էր. դա ինձ համար արժեցավ մոտ 3 միլիոն դոլար։ Բնակարաններս կորցրեցինք նաև ես և ընկերս։ Ծանր էր։

-Անընդհատ նոր բան անելն ապրելակերպ է. եթե դու տեսլական ունես միլիարդանոց ընկերություն ստեղծելու, այդ ճանապարհին 3 միլիոն դոլարն ի՞նչ է, որ չկորցնես։

-Այո՛ ասում են՝ բիզնեսը հայրենիք չունի, փողը հայրենիք չունի, բայց գործարարն ունի։

-Կյանքում իմ թռիչքն ապահովող կետը եղել է ոչ կոմֆորտ վիճակում հայտնվելը։

-Ժամանակ առ ժամանակ ինձ անհարմար վիճակի մեջ եմ դնում, որ զարգանամ։

-Հարաբերություններ կառուցելիս պետք է կենտրոնանալ առաջին հերթին՝ տալու, և ոչ թե՝ վերցնելու վրա։

-«Մանթաշյանց» ակումբի նպատակն է՝ միավորել ամբողջ աշխարհում հայկական ներուժը. մենք ոսկե սնդուկի վրա ենք նստած ու տեղյակ չենք դրանից։ Մենք ամբողջ աշխարհում ահռելի մեծ տնտեսական ներուժ ունենք։

Հարցազրույցի ընթացքում Վահրամ Միրաքյանին խնդրեցինք հարց ուղղել «Կապիտալի ուժը» հաղորդաշարի հաջորդ հյուրին

Հարցը՝ ստորև.

Ո՞րն է այն ճնշման կետը, որ Ձեր կյանքում դարձել է փոփոխությունների սկիզբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս