
Երգում են հայրենիքի սիրո մասին, բայց ուրիշ տեղ են ապրում. դե եկեք այստեղ ապրեք ու երգեք, այս ի՞նչէ․ Արտավազդ Բայաթյան
«Շատ ուրախ եմ, որ մեկ նվեր տվել եմ մեր ժողովրդին». «Ծնունդդ շնորհավոր»-ը շատ են սիրում, թող երգեն։ Երևի ամեն ինչ ասվում է երգում։ Լսել եմ շատ ծննդյան երգեր, որ ուզում ես մեկնաբանել՝ ոչինչ չի ստացվում։ Այստեղ ասվել էայն, ինչ պետք է լինի»,- ասում է երգիչ, երգահան, «Արձագանք» խմբի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանը:
Նրա հետ զրուցել ենք երգարվեստ մուտք գործելու, շոու-բիզնեսիև այլ հարցերի շուրջ։
-Երբ ուսումնասիրում էի Ձեր կենսագրությունը՝ տպավորություն ստացա, որ շատ աշխույժ պատանի եք եղել․մասնակցել եք մի շարք դասընթացների՝ քանդակագործություն, նկարչություն, անգամ կինոռեժիսուրայի դպրոց եք հաճախել, հասցրել եք նաև «Ամառային արկածներ» ֆիլմի սցենարը գրել։ Չէի՞ք կողմնորոշվում, թե ինչ մասնագիտություն եք ընտրելու, թե՞ ուղղակի հետաքրքրասեր էիք։
-Ե՛վ հետաքրքրասեր էի, և՛ զբաղվում էի այն ամենով, ինչն ինձ դուր էր գալիս։ Սիրում էի՝ որպես հոբբի, բայց երաժշտությունը կարծես ավելի ծանրակշիռ եղավ ու ինձ գրավեց՝ տանելով իր կողմ։ Բայց այն ամենը, ինչ սիրել եմ, դրանցով մինչ օրս զբաղվում եմ։ Իսկ երաժշտության դեպքում ստեղծագործական պրոցեսն էր շատ հետաքրքրում։ Կինո նկարելն եմ շատ սիրում և պատկերացնում եմայն որպես գեղարվեստական միջոց՝ փոխանցելու տրամադրություն։ Իմ պատկերացումներն ավելի փաստագրական են․նման ֆիլմերն ավելի շատ եմ սիրում, քան գեղարվեստականը։ Այս միտքն ինձ մոտ առաջացավ, երբ առաջին անգամ «Մոսկվա» կինոթատրոնում դիտեցի Փարաջանովի «Նռան գույնը»։ Երբ նայեցի՝ զարմացած մնացի, մտածելով՝ ո՞նց, ֆիլմ էլ կարելի է այս ձևով նկարե՞լ։ Ինձ թվում էր՝ ֆիլմը պետք է սյուժե ունենա, խոսք։ Գույներն էին ինձ շատ գրավում, որովհետև իմ երիտասարդության տարիներին գերակշռում էին սև-սպիտակ ֆիլմերը։Կարևոր է նաև երաժշտությունը։ Կարծում եմ, ֆիլմը հաջողէլինում, երբ երաժշտությունը ևս ճիշտ են ընտրում։
– Ի՞նչն է խանգարել, որ այդ նպատակը չեք իրականացրել։
-Կյանքում ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես կանխատեսում կամ ուզում ես։ Այնպես ստացվեց, որ մտածում էի՝ կինոն ինձ համար ընտրված է, հետո 18 տարեկանում մտածեցի, որ ավելի լավ է՝ գնամ բանակ ու ծառայեմ։ Պոլիտեխնիկում այդ ժամանակ քննություն էի հանձնում, բայց թողեցի ու գնացի՝ հասկանալով, որ դա իմը չէ։ Բանակը բավականին հասունացրեց, ահագին բաներ հասկացա և վերադարձա՝ հասկանալով, որ՝ այո՛, այդ ամենը սիրում էի, բայց երաժշտությունն ավելի ազդեցիկ է։ Ի դեպ, դպրոցական տարիներին ընկերներով հիմնել էինք «Արձագանք» խումբը և ինչ-որ երգեր էինք հորինում, զվարճանում, հետո ավելի լրջացավ։Այնպես ստացվեց, որ մեր երգերի տեքստերը ես էի գրում։ Ինքնազարգացումը բերում է հետաքրքիր արդյունքների․երբեմն ավելի հաստատուն, քան ինչ-որ մի տեղ նստես ու սովորես։
-Ձեր առաջին երգերն ինչի՞ մասին են եղել։
-Առաջին երգը, որդասընկերոջս՝ Վահանի հետ գրեցինք, չինարի ծառի մասին էր։ Երևի 15 տարեկան էինք այդ ժամանակ։Զգացինք, որ ասելիքն ու երաժշտությունն այդպես պետք է լինի։
-Ինչ-որ մի բան պետք է ազդի, որսկսեք ստեղծագործել․այդ ժամանակ ո՞ր երգչի կամերաժշտությանազդեցության ներքո էիք ստեղծագործում։
-Պարզ ասած՝ հատկապես փոփ երաժշտության, էլ չեմ ասում՝ ռոքի դաշտը փակ էր։
Շատ դժվարությամբ էր ինչ-որ մի բան Սովետական Միության ժամանակ հասնում այստեղ։ Լինում էր, որ գնումարտասահման, ձայնասկավառակ էին բերում, նստում լսում էինք, զարմանում և հիանում։Ինձ թվում է՝ լավ երաժշտությունն ազդեցություն ունեցավ։
Չեմ ուզում անվանական ասել, որովհետև շատ հավանում էի ով ինչ անում էր, բայց ավելի շատ սիրում էի այն, ինչ ես եմ անում։Ինձ դուր էր գալիս այն, որ կարող է շատ վատ տրամադրություն ունենամ, բայց նստեմ ստեղծագործելու, և միանգամիցդաշտը փոխվի։Կարող է սիրո անհաջողություն ունենամ, բայցնստեմ, ստեղծագործեմ ու պարզվի, որ՝ ո՛չ, ամեն ինչ շատ լավ է, գեղեցիկ, քան ես պատկերացնում եմ։
-Առաջինն ո՞ւմ էիք ցույց տալիս ստեղծագործությունը։
-Ընկերներիս։ Մենք նույն դասարանում էինք սովորում և գաղտնիքներ էլ չունեինք։ Գնահատականը լինում էր անկեղծ ու առանց որևէ չափազանցության կամ նվաստացնելու։ Կամ լավ էր, կամ՝ ոչ։Սա օգնում էր, որ անընդհատ զարգանաս, գնաս առաջ, նոր բան ստեղծես։
-Այդ նույն ստեղծագործական ջիղը հիմա նկատո՞ւմ եք երիտասարդ սերնդի մոտ։
-Ավելի շատ ցուցադրական բաներ եմ տեսնում՝ շահի հետապնդում, ձևականություն։
Մենք ինչպես ապրում, այնպես էլ ստեղծագործում էինք։ Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ հիմա այս երգը կերգի ու կգնա լիքը փող կաշխատի։ Ստեղծագործելու պրոցեսը ոնց որ ազատ լիներ բոլոր տեսակի կոմերցիոն գաղափարներից։Միակ ճնշող բանն այն էր, որ ամեն ինչի մասին չէիր կարող բեմից երգել։ Այն ժամանակ ուսանողական ակումբներ կային, հաճախ ելույթ էինք ունենում տարբեր առիթներով։ Հեռուստատեսությունը շատ պասիվ էր, երբեք չէին ասի՝ գանք, նկարենք, միայն այն դեպքում, երբ ուսանողական կյանքը պետք էր նկարագրել՝ նկարում էին։ 1981թ․ համամիութենական մրցույթ հայտարարվեց, հենց «Չինար»-ը երգեցինք, ուղարկեցինք, մեզ հրավիրեցին ու «Ոսկե կամերտոն» մրցույթում ելույթ ունեցանք։ Երգում էինք հայերեն՝ առանց մտածելու, որ այդ մեծ երկրում ռուսերեն պետքէ կատարեինք։Դրանից հետո մի քանի անգամ մեզ հրավիրեցին Մոսկվա, մասնակցեցինք տարբեր ծրագրերի։
Ամենահետաքրքիրն այն էր, որ գնում, մասնակցում էինք, բայց Երևանում բացարձակ անտեսված էինք։Ոչ մի տեղ չէին հրավիրում։ Մի անգամ Նոր տարվա միջոցառման նկարահանմանը հրավիրեցին․ոնց նկարեցին, այնպես էլ ջնջեցին։ Կային մարդիկ, որոնք անպայման պետք է երևային, կային մարդիկ, որոնց ստեղծագործություններն անպայման պետք է հնչեին, իսկ մեզ նման ազատ ուսանողները ոչ մեկի չէին հետաքրքրում, չնայած Մոսկվայում հետաքրքրեցինք։ Բազմիցս առաջարկեցին մնալ այնտեղ. նույնիսկ բանաստեղծի բերեցին՝ ասելով, որ մի քանի երգ կթարգմանի։ Երգերը ձայնագրեցինք, բայցմեր սիրտը չէր կպնում։ Կարելի էր մնալ ու շատ ազդեցիկ, հարուստ դառնալ, բայց վերադարձանք Հայաստան, շատ էինք սիրում։Չենք մտածել՝ գնանք այնպես երգենք, որ վաղը-մյուս օրը փախչենք այստեղից։ Հիմա մարդիկ երգում են, որ գնան ուրիշ տեղ ապրեն։ Ես չեմ հասկանում սա։ Երգում են հայրենիքի սիրո մասին, բայց ուրիշ տեղ են ապրում։ Դե եկեք այստեղ ապրեք ու երգեք, այդ ի՞նչ բան է։ Պարզ ասած՝ կեղծավորություն։ Ինչ էասեն՝ Հայաստանի մասին երգ է երգում, երգում է՝ մե՞ջն ինչ։
-Մեր օրերում դժվար է արտերկրում կայանալը․մեծ շուկա է,չես հասկանում՝ ի՞նչ նպատակներով են գնում, ինչպե՞ս են կայանալու։
-Դե, ամերիկահայերը հայկական միջավայրում են լինում։ Ֆրանսահայերն ավելի շատ լեզուն փոխում են, սկսում ֆրանսերեն երգել, որ ճանաչվեն, ՌԴ-ում գտնվող հայերն անցնում են ռուսերենին, զարգացնում են նրանց մշակույթը։ Ամերիկահայերը խնջույքային ոճն են զարգացնում, հիմնականում կոմերցիոն բաներ են անում, որ հրավիրեն մի տեղ՝ երգի։ Բացարձակ չեմ մեղադրում, դա էլ է ապրելու ձև։ Բայց ես մարդու մեջ գնահատում եմ հավատարմությունը։
Գիտեք, եթե նյութի համար Մենդելեևը ստեղծել է աղյուսակ՝ ոսկու, պլատինի, ամեն ինչի համար, ինձ մոտ պատկերացում կա, որ երևի մարդու հոգու համար էլ պետք է լինի նման աղյուսակ, ուր կլինեն ազնվությունը, ճշմարտությունը, անկեղծությունը․․. Առանց դրա ո՞ւմ էպետք այս կյանքը։ Եթե ամեն ինչ պետք է վերածվի արհամարհանքի ու իսպառ վերանա բարոյական վերաբերմունքը, դա արդենմարդուն պետք չէ։Աղյուսակում ոսկին կարող էր լինել որպես սեր, արծաթը կարող էր ընկերությունը լինել։Շատ ուրախ եմ, որ մեկ նվեր տվել եմ մեր ժողովրդին․ «Ծնունդդ շնորհավոր»-ը շատ են սիրում, թող երգեն։ Երևի ամեն ինչ ասվում է երգում։ Լսել եմ շատ ծննդյան երգեր, որ ուզում ես մեկնաբանել՝ ոչինչ չի ստացվում։ Այստեղ ասվել էայն, ինչ պետք է լինի։ «Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ» երգն էլ են սիրում, «Իմ ընկերը» երգն է շատ մեղմ, ճշմարիտ լավ երգ՝ ընկերության մասին։
-Երգ ունեք՝ «Աննկատ անցան», որտեղ ասում եք, որ անփոփոխ է ամեն բան, և կարծես մեզ միավորում է այն, որ բոլորս փող չունենք։
-Իրականում այդպես էր։Երգում ասվում է՝ աննկատ անցան ժամանակները, մեզ թվում էր, որ ամեն բան կայուն է, երևի պատճառն այն էր, որ փող չունեինք, խանգարող բան չկար։ Նույնիսկ շատ կազմակերպված, խելացի մարդկանցդժվարէդիմանալ նյութի առջև, այն կլանելու հատկություն ունի։ Միայն իմաստուն մարդիկ են, որ կարողանում են նյութը դնել այնտեղ, որտեղ պետք է լինի։
-Հաճախ ենք լսում, որ ասում են՝ նախկինում մարդիկ բարի էին, դաստիարակված, կամեցող․արդյո՞ք սա ժամանակահատվածի հետ կապ ունի։
-Ինձ թվում է՝չափազանցություն է։ Ինչ կյանք էլ ապրես՝ միևնույն է, երբ հիշում ես մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը, ասում ես՝ վա՜յ, ինչ լավ էր։ Կարծում եմ՝ մարդու ներքին վիճակն է։ Ուսման հնարավորություն կար, աշխատանքի խնդիր չկար, անգամ նրան, ով չէր աշխատում, կարողէ պատժեին։ Նաև քիչ էին ինֆորմացված, քիչ էին պատկերացնում, թե աշխարհն ինչ է իրենից ներկայացնում։ Չէի ասի, որ լավն ու բարի էին, բայց միանշանակ ուրիշ էին։
Շատ լավ գործում էր գաղափարական դաստիարակությունը, և դա հնարավորություն չէր տալիս, որ ամեն մեկնիրեն ուրիշ ձևով ցույց տա։ Հիմնականում բոլորը հավասարվում էին։Նախկինում հետաքրքիր բան կար՝ կրթությունը համատեղում էին դաստիարակության հետ։ Օրինակ՝ բարձր չխոսել, տարիքով մարդը գալիս է՝ ոտքի կանգնել, և այլն։ Հիմա թեստը տալիս են,ասում՝ այս 20 հարցին պատասխանիր «այո» կամ «ոչ», ուդու արդեն խելոք մարդ ես։ Ոչ մի դաստիարակություն չկա, ու այստեղ կորչումէբարոյական հիմքը։ Գիտելիք ունեցող մարդիկ կան՝ շատ վատ խոսքի պաշարով, գռեհիկ արտասանաձևով։ Ինքն իրեն հարգող մարդը չի կարող ինչ-որ մեկին վիրավորել։
-Ամեն դեպքում, եթե հետ գնայիք անցյալ՝ ի՞նչը կբերեիք մեր օրեր։
-Չեմ կարող ասել։ Ինձ թվում է, որ լավ է՝ կյանքը գնում էառաջ, և անցյալիցինչ-որ բան վերցնել պետք չէ։ Կարելի է դասեր քաղել՝ ասենք, պատմական անցյալից, անձնական կարգավիճակից, առողջական, կրթական վիճակից։ Ոչինչ չես կարող բերել, ամեն ինչիր ժամանակին պետք է լինի։ Հետ նայելը լավ բան չէ։ Օրինակ, ես չեմ սիրում լուսանկարներ նայել։ Անցյալն անցյալ է։
-Ինձ որ հարցնեք՝ ես անցյալից հետ կբերեի «Արձագանք» ռադիոկայանը։ Ինչքան էլ չեք սիրում խոսել փակման պատճառների մասին, կխնդրեիանդրադառնալ․այսօր ռադիոկայանի բացը չե՞ք նկատում։
-Փակման մասին ասեմ, որ ստացվեց այնպես, որ ֆինանսապես ի վիճակի չէինք այն պահել։ Շատ բարդ էր։ Կոմերցիոն ռադիոկայան է, պետք է գովազդ լիներ և գովազդից ստացված գումարն էլ այնքան չէր, որ բոլոր մուծումները կատարեիր, աշխատողներ պահեիր։Կարևոր պատճառներից մեկը, որ ռադիոկայանի աշխատանքը դադարեցվեց՝ դա էր։ Մնացածը հարակից հարցեր են եղել։
Մենք արկղերով նամակներ էինք ստանում ամեն օր։ Ընդգծեմ՝ երբ բացեցինք ռադիոն, չգիտեի, թե ոնց պետք է աշխատի, ու որոշեցինք հավաքել երիտասարդների, ովքեր պետք է անպայման լինեին ուսանողներ։ Շատերը սկսեցին աշխատել, սիրվեցին լսարանի կողմից։ Լավ ծրագրեր ունեինք։ Եզակի դեպք էր՝ մենք 24 ժամ ուղիղ եթերում էինք։
Անմիջական շփումը կար։ Ցանկացած պահի կարող էիր ռադիոն միացնել, ու ինչ-որ մեկը կար, որ քեզ հետ խոսում էր։
Այդպիսի պայմաններում բարդ էր ռադիոն պահելը, քանի որ ֆինանսապես ապահովված պետք է լինես։ Միդեպքում կարող ես ֆինանսապես ապահովված լինել ու ազատություն չունենալ, մյուս դեպքում էլ՝ ֆինանսապես ապահովված չլինել, բայց ազատ լինել։
Ռադիոն իմ կյանքի լավագույն փորձերից էր։ Հաճախ են ունկնդիրները զանգում, ասում, որ ջերմություն կար, որը կորավ․․․
-Հիմա որֆինանսավորող հայտնվի, ռադիոկայանը կաշխատի՞։
-Հա, ի՞նչ կա որ։Գիտեք, ֆինանսավորողը պայմաններ է դնում, ու դու կամ համաձայնում ես, կամ՝ ոչ։Փող ունեցողը միշտ մտածում է՝ ի՞նչ գործի մեջ դնի,ու նպատակներ ունի՝ եկամտի, դաշտ ունենալու, իրեն փառաբանելու, մտերիմներին ցույց տալու ևայլն։ Միայն այն դեպքում կլիներ այդպես, եթե ինքս մեծ միջոցներ ունենայի ու ասեի՝ ինչ ուզեմ, կանեմ։
-«Արձագանք» ստուդիայի միջոցով փոխեցիք հայկական էստրադան․ունեցանք շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր տարբերվում էին շատերից։ Ինչպե՞ս էիք ընտրություն կատարում, չնայած ասեկոսեներ կային, որդաժան փուլերով էին անցնում մասնակիցները։
-Չէի ասի, որ շատ դաժան փուլեր էին։Ֆանտաստիկ բան էր․դուռը բացել ու մարդկանց ասում էինք՝ եթե դու ինչ-որ մի շնորհք ունես՝ արի ցույց տուր։ Շեշտադրությունը հիմնականում ստեղծագործող մարդկանց վրա էր, ոչ թե, ասենք, շատ լավ ձայն ունեցողի։ Մեկը շատ լավ ձայն ուներ՝ բեմում իրեն պահել չէր կարողանում, մյուսի տեսքն այսպես էր, հաջորդինը՝ այնպես։ Աշխատեցինք, որոշ բաներ կարողացանք ստեղծել, ու եսամենայն պատասխանատվությամբ ասումեմ՝ հարյուրավոր մարդիկ են եկել մեզ մոտ ու ոչ մի անգամ չենք ասել՝ եկեք, 100 դրամ մուծեք։ Ամեն ինչ բացարձակ անվճար ենք արել։ Ձայնագրություններ էինք անում, գործիքավորումներ, ալբոմներ։ Ես համարում եմ, որ շատ լավ բան ենք արել։ Հնչյունային ռեժիսորների շատ լավ դպրոց ստեղծեցինք։
-Այն ժամանակ ի՞նչ չափանիշներ կային․ո՞վ կարող էր բեմ դուրս գալ ու երգել։
-1990-ականների սկզբից դաշտն ավերվեց, մաքրվեց ու ոչ մի բան չկար։ Դատարկություն էր։ Լույս չկար, որ տեխնիկան կարողանայինք աշխատեցնել։ Գեներատոր էինք բերել, որ կարողանանք միացնել ու գործ անել։ Ավելին, հեռուստատեսությանը մեծ օգնություն էինք ցուցաբերում․ Նոր տարվա ծրագրերն ամբողջությամբ մեզ մոտ էին ձայնագրվում, ու ոչ մեկը չէր ասում, թե՝ այս ի՞նչ ենք անում։ Մերն է, պետք է անենք, ինչո՞ւ ոչ։ Բայց մարդիկ կային, միանգամից ասում էին՝ անենք՝ ի՞նչ օգուտ կունենանք դրանից։
-Հիմա անգամ 10 տարեկան երեխան է այդ «ի՞նչ օգուտ կունենամ»-ն ասում։
-Հա։ Ես ասում եմ այն, ինչ իրականում եղել է։ Էլի չեմ փոշմանում։ Ուզում էինք, որ ժողովուրդն ուրախանա, որովհետև շատ մռայլ, անդուր տարիներ էին։ Եվ ինչ-որ տեղաշարժ եղավ, ու շատերը շնորհակալ եղան՝ անկախ, թե որակի ինչ փոփոխություններ կային։ Երբ որ այնպիսի վիճակ է, որ ոչինչ չկա, դու պետք է քայլեր անես ու չմտածես դրա որակի մասին։ Այ, երբ շարժվեց՝ նոր կարելի է խոսել որակի մասին։
-Հիմա շոու-բիզնես կա՞։
-Կա։ Ամեն մարդ իր միջավայրն ունի, որտեղ սիրված ու ճանաչված է։ Ուղղակի չէի ասի, որ լավ մտածված, դասակարգված է․ մի քիչ քաոսային բնույթ է կրում։ Կան անհատներ, որոնցից ինչ-որ մի բան է կախված, և նրանք կարող են որոշել՝ այս մարդը երգի՞, թե՞ չերգի։ Կարծում եմ՝ դրանից լավ բան դուրս չի գալիս։ Ամեն ինչ կարելի է անել, բայց պետք է հասկանանք՝ մեր երկրի համար ո՞րն է առաջնահերթ, շահեկան։Տաղանդավոր մարդիկ կան, ու շատերը գնում են այլ երկրներ, քանի որ այստեղ շատ գումար չեն կարող վաստակել։ Իսկ ՌԴ-ի, ԱՄՆ-ի նման մեծ երկրներում պարզ է, որ կվաստակեն, սակայն, բացի դա, կարող են լավ գործի համար ներդրում կատարել։
-Բացի երգերի համար խոսքեր գրելը, նաև պատմվածքներ եք գրում։ Առաջին պատմվածքը գրել եք դպրոցական տարիներին, ինչի՞ մասին էր։
-Առաջին պատմվածքս պապիկիս պատմածի հիման վրա եմ գրել։Պապիկս պատմում էր, որ շուն էր գտել ու պահում էր, հետո շունը կորել է։ Ընթացքում իմացել է, որ գայլի ձագ է եղել, ոչ թե շուն։ Շան անունն էլ գայլուկ էր դրել։ Հետո գրեցի «Գիրք ցնցուղը»։
-«Գիրք ցնցուղ»-ում մի տող կա, որտեղ ասում եք՝ պետք չէ նմանվել որևէ մեկին, պետք է տարբերվել։ Դուք ինչո՞վ եք տարբերվում մյուսներից և հասկացե՞լ եք, թե ինչի համար եք ծնվել։
-Տարբերվելը գիտե՞ք՝ ինչպես է։ Ինքդ քեզնից չպետք է փախչես։ Ինքդ քո խոսքից չհրաժարվես։ Ոչ մի դեպքում պետք չէ՝ ինչ անում ես, անպայման բոլորին դուր գա։ Դա անհեթեթություն է։ Եվ նմանվել պետք չէ ոչ ոքի։ Ամեն մեկն անհատականություն է, որը մեր հարստությունն է, բայց այն կորցնում ենք՝ նմանվելով ուրիշներին։Սկսած դիմագծերից։ Պլաստիկ վիրահատությունը բիզնես է։ Բոլորը նույն դեմքով, քթով ու շրթունքներով, մազի նույն ձևով են։ Մարդու մոգությունն իր անհատականությունն է։
Ես երևի մյուսներից տարբերվում եմ նրանով, որ ոչ մի անգամ չեմ ձգտել ինչ-որ մեկին նմանվել։ Կարելի էր ցուցադրական ձևերով ինչ-որ բաների հասնել, բայց դա իմը չէ։ Ես սիրում եմ բարի, անկեղծ մարդկանց։
Անի Կարապետյան
Արտավազդ Բայաթյան, «Արձագանք» ստուդիա, «Արձագանք» խումբ, երաժշտություն, երիտասարդություն, կինո, շոու-բիզնես, ռադիո