Համաշխարհային դավադրություն անողները նրանք են, ովքեր ուզում են, որ մարդիկ մահանան կորոնավիրուսից ու սխալ տեղեկատվություն են տարածում, որ մարդիկ չպաշտպանվեն, վիրուսն ավելի շատ տարածվի․ Հոգեբույժ
ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են կորոնավիրուսի առկայության և մարդու հոգեկան առողջության, իրավիճակի արդյունքում՝ սթրեսը հաղթահարելու մասին։
Հոգեբան Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ համաճարակն իսկապես լուրջ իրավիճակ է, բայց ոչ պակաս կարևոր են հոգեկան առողջության խնդիրները, հատկապես տագնապային դրսևորումները, մարդկանց մոտ անօգնականության զգացողությունը, որն առաջանում է հնարավոր կանխատեսվող վարակի, սիրելի մարդկանց օգնել չկարողանալու վախի հետ։ Երկրորդ շերտն այն է, որ դեռևս անորոշություն կա։ Ոչ ոք չգիտի, թե սա քանի՞ շաբաթ, քանի՞ ամիս է տևելու։ Չկա պատվաստանյութ, բուժման միջոց։ Այս բոլոր անորոշությունները սրում են մարդկանց հոգեվիճակը և տագնապային խնդիրներ են հարուցում։
«Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը պանդեմիա հայտարարելու հաջորդ օրն ամբողջ աշխարհի մասնագիտական հանրության ուշադրությունը հրավիրեց հոգեկան առողջության խնդիրների վրա։ Կա մի պատմություն, երբ հոգևորականը հանդիպում է վարակակրի՝ ասելով, թե՝ դու հիվանդություն տարածող ես, ո՞ւր ես գնում, նա պատասխանում է, թե՝ գնում եմ քո հայրենիք։ Հարցնում է՝ այնտեղ ի՞նչ է սպասվում, արձագանքում է, թե՝ գնում եմ 1000 մարդու կյանք խլելու։ Տարիներ անց կրկին հանդիպում են, հոգևորականն ասում է՝ դուք ինձ ասացիք՝ 1000, բայց 5000 մարդ զոհվեց, ի՞նչն է պատճառը, սատանան պատասխանում է, թե՝ 1000 մարդու կյանք ես վերցրի, մնացած 4000-ը մահացան վախից»,- նշեց հոգեբանը։
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, լրացնելով գործընկերջ խոսքը՝ հայտնեց, որ համաշխարհային առողջապահական բոլոր կազմակերպությունները դիմել են բոլոր երկրների ղեկավարներին, որպեսզի կարողանան միջոցներ ձեռնարկել՝ առաջին գծում գտնվող և ամենաշատը վտանգի ենթարկվող բուժաշխատողներին ապահովելու համար։
Բացի այդ՝ հոգեկան առողջության հետ կապված՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ Հայկական հոգեբուժական և Բժշկական ասոցիացիաներն իրականացնում են բուժաշխատողների անվճար հոգեբանական խորհրդատվություն։ Նրանք կարող են զանգահարել 010 54-40-77 հեռախոսահամարով, գրանցվել և անվճար ստանալ հոգեբանական խորհրդատվություն։
«Կուզեի, որ մարդիկ հստակ տարբերակեին՝ գոյություն ունի կորոնավիրուս և դրա մասին մարդկանց պատկերացումը։ Եվ գոյություն ունեն մարդիկ կամ խմբեր, որոնք ուզում են օգտվել այդ պատկերացումների և վիրուսի արդյունքում ստեղծված իրավիճակից։ Բոլորն էլ ստացած կլինեն տարբեր տեսակի լուրեր, թե սա համաշխարհային դավադրություն է, չգիտեմ՝ ինչ է, սա են անում, նա են անում, իսկ միգուցե համաշխարհային դավադրություն անողները ոչ թե նրանք են, որոնց անունները տրվում է, այլ նրանք են, ովքեր իսկապես ուզում են, որ մարդիկ մահանան կորոնավիրուսից, ու նման սխալ տեղեկատվություն են տարածում, որպեսզի ներշնչող մարդիկ չպաշտպանվեն, խախտեն կարգ ու կանոնը, ու վիրուսը ավելի շատ տարածվի։ Յուրաքանչյուր քաղաքացու կոչ ենք անում՝ մտածե՛ք ինքներդ ձեր ու մերձավորների պաշտպանության մասին։ Մի՛ լսեք որևէ մեկին, ով ձեզ խորհուրդ է տալիս չպահպանել անհրաժեշտ նորմերը։ Եթե ձեր հարազատների մոտ դեռևս չի եղել նման խնդիր, փառք տանք Աստծուն, բայց շատերի մոտ եղել է։ 53-ամյա իմ ընկերը Մոսկվայում մահացավ կորոնավիրուսից։ Նաև ազգականների մեջ կան արդեն հիվանդներ»,- նշեց Արմեն Սողոյանը։
Խաչատուր Գասպարյանն էլ նկատեց՝ կորոնավիրուսից վախը կա, բայց պետք չէ թշնամանալ տագնապի հետ, քանի որ այն օգնում է պաշտպանվել, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, զգուշանալ բազմաթիվ կայքերում հայտնվող չճշտված ինֆորմացիայից։
«Եթե հետաքրքրված եք, թե ի՞նչ է կատարվում աշխարհում, ապա խորհուրդ է տրվում ամեն օր միայն երկու անգամ օգտվել համացանցում առկա տեղեկությունից՝ կորոնավիրուսի մասին»,- հորդորեց հոգեբանը։
Խաչատուր Գասպարյանի կարծիքով՝ մարդիկ ամբողջովին չեն հասկանում խնդրի հրատապությունը, դժվարությունը և ստեղծված անհրաժեշտությունները, ու այս առումով անելիք ունի թե՛ ԱՆ-ն, թե՛ քաղաքացիական հասարակությունը, թե՛ լրատվամիջոցները։
Մասնագետները հորդորեցին միայն դրական տեղեկատվություն տարածել ու հետևել, ակտիվ կյանքով շարունակել ապրել, օրինակ՝ տանը մարմնամարզություն կատարել, զբոսնել մենակ կամ մեկ ուրիշի հետ՝ պահելով սոցիալական հեռավորություն։ Քանի դեռ չկա դեղորայք՝ մեր հույսն իմունային համակարգն է, դրա համար սթրեսները չպետք է աճեն, քանի որ դրա արդյունքում վարակվելու հավանականությունն ավելի է մեծանում։ Եթե քնելուց առաջ կամ երեկոյան առաջանում է տագնապ, փոփոխված է ուտելու սովորությունը՝ կամ շատ եք ուտում, կամ քիչ, եթե դյուրագրգռություն, բարկություն է նկատվում, կարող եք դիմել հոգեբանի։