«Ո՞վ չգիտի, որ ածուխով հացը տարբեր սուպերմարկետներում վաճառում են և անունը դնում են՝ դիետիկ հաց». Դավիթ Պիպոյան
ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, միջազգային փորձագետ Դավիթ Պիպոյանի խոսքով՝ նախորդ տարի խոշոր հայ ներդրողներից մեկը, որը ցանկանում էր Հայաստանում լաբորատոր բիզնեսի մեջ ներդրումներ կատարել, պատվիրել էր ոլորտի տնտեսական գնահատում:
«Այդ մարդը, որը պատրաստ էր շատ մեծ գումարներ ներդնել Հայաստանում, հասկացավ, որ տնտեսապես անարդյունավետ է լաբորատոր ոլորտում մասնավոր բիզնես ունենալը, ուստի այդ ներդրումը չարեց»,- այս մասին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Դ. Պիպոյանը:
Ըստ նրա, այսօր ոչ թե պետք է քննարկել մասնավոր կամ պետական լաբորատորիա ունենալու հարցը, այլ պետք է իրականացնել մասնավոր գործունեություն և պետական գործառույթ:
«Ամբողջ աշխարհում այսօր կա և՛ պետական, և՛ մասնավոր լաբորատորիա, պետությունը սահմանում է խաղի կանոններ: Ասում է՝ եթե լաբորատորիան գնալու է տնտեսվարողների և բիզնես օպերատորների ինքնագնահատում անելու, ապա պետական տենդերին մասնակցելու իրավունքից զրկվելու է՝ անկախ այն հանգամանքից՝ պետակա՞ն է, թե՞ մասնավոր: Օրինակ՝ լաբորատորիան չի կարող գնալ, հինգ տնտեսվարող ընկերության մոտ անալիզներ անել, հետո պետական մոնիտորինգի ժամանակ գնալ նույն ընկերությունների մոտ՝ նմուշառում անել. այստեղ շահերի բախում տեղի կունենա: Սննդի անվտանգության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք»,- շեշտեց նա:
Նրա դիտարկմամբ՝ այսօր այդ ոլորտում բազմաթիվ օրենսդրական բացեր կան: Օրինակ, կա հստակ մոնիտորինգի հաճախականություն, և անխտիր բոլոր սննդի բիզնես օպերատորները պետք է իրականացնեն անալիզներ, որը հայաստանյան լաբորատորիաների գներով կազմում է ամսական 120-150 հազար դրամ, որն էլ տարեկան կազմում է 1,5 միլիոնից մինչև 1,8 մլն դրամ:
«Եթե այսօր տեսչական ստուգումներով այս կամ այն օբյեկտը ստուգումների տակ չի ընկնում, բնական է, որ մենք նրա մոտ չենք գնում: Ինքս աուդիտոր եմ, բնականաբար, գնում-տեսնում եմ, որ մարդիկ կան, որ այդ անալիզը չեն արել, և նրանք որևէ պատասխանատվության չեն ենթարկվում: Եթե այդ ձևով երրորդ տարում նա ընկնի տեսչական ստուգումների տակ, ապա 300 հազար դրամով կտուգանեն: Դրա համար շատ կարևոր է, որ մենք այսօր՝ որպես պետություն, ոչ թե քննարկենք պետական կամ մասնավոր լաբորատորիայի հարցը, այլ պետք է պետական վերահսկողությունը լավ իրականացնենք»,- շեշտեց փորձագետը:
Ըստ նրա՝ այսօր առանց գրանցման, առանց լաբորատոր փորձաքննության՝ մարդիկ սննդի անունը դնում են դիետիկ և բիզնես գործունեություն են ծավալում: Ավելին, այսօր նույնիսկ թեյեր են արտադրում, հայտարարում են, թե կորոնավիրուսի համար լյուգոլ են արտադրում և այլն, որոնք որևէ գրանցում չեն ունենում:
«Այս խնդրի հետ կապված՝ անձամբ դիմել եմ պարետատուն, այդ էջը 15 օր հետո դեռ բաց էր, նաև լրատվամիջոցներին եմ խնդրել անդրադառնալ ոլորտի խնդիրներին: Ուստի, եթե այսօր ոլորտը թողնում ենք այս կանոնակարգման, այսինքն՝ եթե չենք գնում-պատժում այն տնտեսվարողին, որը հայտարարում է, թե իր ուտելիքը դիետիկ է՝ առանց լաբորատոր փորձաքննության, ապա պարզ է, որ խնդիրները չեն լուծվում: Հիմա պարզ ասեմ՝ ո՞վ չգիտի, որ ածուխով հացը տարբեր սուպերմարկետներում և իրացման կետերում վաճառում են և անունը դնում են՝ դիետիկ հաց: Եթե հերթը հասներ գրացմանը, ապա այդ ապրանքը որևէ մեկը չէր գրանցի»,- ընդգծեց Դավիթ Պիպոյանը: