«Եթե հասել ենք մի փուլի, երբ կարգավորման գաղափարական, սկզբունքային հարցերն են քննարկվում, գոնե ընդհանուր գծերով դրանք պետք է ներկայացվեն». Տիգրան Աբրահամյան

168.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

– Նկատելի է, որ, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքի», դրա ղեկավարի լեգիտիմացման, սուբյեկտայնության բարձրացման փորձեր են արվում, ինչի վկայությունն է, օրինակ, ՄամեդյարովՄնացականյան հանդիպմանը զուգահեռ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հանդիպումը «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ: Մինչդեռ հայ փախստական ասելով՝ ՀՀում ԱՄՆ դեսպանը միայն Բաքվի փախստականներին է պատկերացնում: Ի՞նչ պիտի անի Հայաստանը՝ միջազգային հարթակ հանելու Գետաշենի, Շահումյանի, Մարաղայի փախստականների խնդիրները:

– Նկատելի է, որ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնք» հասկացությունը վերջին շրջանում առավել ակտիվ է շրջանառվում, ինչը մեզ համար անթույլատրելի է, և դրանով միայն վնաս է հասցնում կողմերի միջև արդյունավետ երկխոսության հնարավորության ստեղծմանը: Միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ «ադրբեջանական համայնքի» արհեստական առաջմղումներն ու շրջանառումները մեծ վնաս կհասցնեն բանակցային գործընթացին՝ էականորեն փոքրացնելով կողմերին բանակցությունների սեղանին պահելու ջանքերը: Ինչ վերաբերում է Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի և Մարտունու մի շարք բնակավայրերին, ապա հարցը մնում է օրակարգում: Դրանք այս պահին գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, սակայն բանակցային գործընթացի կարևոր կետերից են:

ՄամեդյարովՄնացականյան հանդիպմանը հաջորդած հայտարարություններից պարզ դարձավ, որ վերադարձել ենք բանակցային փուլ: Ավելին, ԱԳ նախարարների և ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ խոսվում է ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքներից և տարրերից, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցից և օրակարգից: Ձեզ համար պա՞րզ է՝ ի՞նչ սկզբունքների և տարրերի մասին է խոսքը, երբ ՀՀ իշխանությունները, Արցախը մերժում են բանակցային սեղանին դրված մադրիդյան սկզբունքները: Այսինքն՝ այս տարրերի՞, թե՞ նոր փաստաթղթի շուրջ են 2020-ին և հետագայում բանակցությունները վարվելու:

– Անկեղծ ասած, բանակցությունների մանրամասներին ծանոթ չեմ, տեղյակ չեմ, թե ինչի շուրջ են ընթանում հանդիպում/բանակցությունները: Եթե առկա է փաստաթուղթ, ապա դրա որոշ մանրամասներ պետք է հրապարակվեն: Կամ՝ եթե հասել ենք մի փուլի, որտեղ գործընթացի գաղափարական, սկզբունքային հարցերն են արդեն քննարկվում, ապա նույնիսկ բանակցությունների կոնֆիդենցիալությունը հաշվի առնելով, եթե ոչ՝ ամբողջական, ապա՝ ընդհանուր գծերով դրանք պետք է ներկայացվեն: Բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի մասին հստակություն դեռ չկա, ուղիղ տեքստով չի խոսվում, սակայն Ադրբեջանն անուղղակի ձևով հղում է անում «սկզբունքներին և տարրերին», Հելսինկյան եզրափակիչ ակտին, և այլն, Հայաստանը՝ «ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքներին և տարրերին»:

Երբ կողմերն ուղիղ ձևով իրենց դիրքորոշումը ներկայացնեն՝ մերժելով կամ հաստատելով կողմերին նախկինում ներկայացված հին տարբերակները, որից հետո կներկայացնեն նորը, այդ ժամանակ առավել հստակ կարելի է խոսել գործընթացի ընթացքի, դրա կենսունակության կամ հետևանքների մասին:

ԼՂ խնդրին առնչվող Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված իր կոչով Նիկոլ Փաշինյանը փորձեց բացարձակ նույնականացնել պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումները, արդյոք սա չի՞ վտանգում Արցախի վերադարձը բանակցային սեղան, ականատեսը չե՞նք լինում պատմության կրկնության:

– Արցախի նախագահի թեկնածուները ներկայացրել են հարցի կարգավորման իրենց կամ իրենց քաղաքական ուժերի դիրքորոշումները, իսկ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը վերջին անգամ արտահայտվել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների դեկտեմբերյան նիստին՝ նախագահ Բակո Սահակյանի ելույթում: Նախագահը մասնավորապես նշել էր. առաջին՝ Արցախի համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով, երկրորդ՝ կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: Արցախի նախագահը շեշտեց՝ սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն, և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն:

Ինքս տարբեր առիթներով նշել եմ, ևս մեկ անգամ նշում եմ՝ առանց Արցախի՝ բանակցություններին ուղիղ մասնակցությամբ, անհնար է խոսել խնդրի կարգավորման հեռանկարների մասին: Հայաստանի և Արցախի գլխավոր անելիքն այս հարցում՝ Արցախի՝ բանակցությունների սեղան վերադարձն է:

Դուք քաջատեղյակ եք բանակում տիրող իրավիճակին, ըստ Ձեզ՝ որտե՞ղ ենք թերացել, ի՞նչ օրենսդրական, կանոնադրական, ներքին այլ փոփոխություններ են անհրաժեշտ, ավելին՝ համալիր ի՞նչ լուծումներ են պետք՝ նվազեցնելու սպանության, ինքնասպանության դեպքերը: Զինվորի մահվան վերջին դեպքն արձանագրվեց հունվարի 30-ին, այն էլ՝ ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում:

Կարծում եմ՝ մեծ ծավալի աշխատանքի և կոշտ որոշումների դեպքում հնարավոր է հասնել զինված ուժերում ոչ մարտական կորուստների նվազմանը: Կա քայլերի հաջորդականություն՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, որը հնարավորություն կտա նվազեցնել զինված ուժերում ոչ մարտական կորուստների թիվը: Դա զուտ մեկ որոշում կամ քայլ չի, միգուցե հասարակության որոշ շերտեր վերապահումներով կմոտենան, չեն ընդունի, սակայն, եթե խոսքը զինծառայողների մահվան դեպքերին է վերաբերում, ապա պետք է կոշտ, իսկ որոշ դեպքերում՝ ոչ պոպուլյար որոշումների գնալ:

Միշտ ամենահեշտն է այս կամ այն մարդուն մեղադրել միջադեպի համար՝ հրամանատար, սպաներ, ծառայակից ընկերներ և այլն, սակայն հարցին խորքային լուծում տալու համար մեկքայլանի գործողությունները բավարար չեն: Դրանք բավարար են կոնկրետ դեպքով արդարության հասնելու, բայց ոչ երբեք՝ հետագա դեպքերը կանխարգելելու համար: Թեմայի շուրջ, կարծում եմ, մասնագիտական՝ փակ, իսկ որոշ դեպքերում՝ միգուցե բաց ձևաչափով քննարկումներ պետք է լինեն: Պարզ է՝ ամեն ինչ չէ, որ հնարավոր է բաց հարթակում քննարկել՝ հաշվի առնելով թեմայի հիմքում ընկած որոշ ռիսկեր:

Տեսանյութեր

Լրահոս