«Գլխներիս ճարն ինքներս պետք է տեսնենք. գոնե այս տարի ծիրան չունեցանք, թե չէ ծիրանի վրա էլ կլացեինք». Սարգոն Թամրազով
Նախորդ շաբաթվա վերջին Վերին Դվինի մի խումբ բնակիչների իրենց մշակած լոլիկներով բեռնված մեքենաները կանգնեցրել էին միջպետական ճանապարհին ու բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք բողոքում էին բերքի իրացման համար առաջացած խնդիրներից, քանի որ ռուսական կողմից կիրառված սանկցիաներից հետո բերքը չի վաճառվում ներքին շուկայում, իսկ ԵՄ երկրներ չեն կարողանում արտահանել, քանի որ այդ շուկան բաց է միայն շատ խոշոր արտադրողների համար։
Նրանք բողոքում էին, որ իրենց մշակած լոլիկը վաճառվում է 40 դրամով, իսկ վերավաճառողները շուկայում նույն ապրանքն իրացնում են 480 դրամով։
Լոլիկի մշակմամբ զբաղվող Սարգոն Թամրազովի խոսքով՝ այս Կառավարությունն առհասարակ գյուղացու մասին չի մտածում, մտածում է միայն խոշոր արտադրողների մասին։
«Մենք լոլիկը նախ չենք կարողանում արտահանել, իսկ ներքին շուկայում էլ հազիվ մի մասը 40 դրամով իրացնում ենք։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե 40 դրամը լավ գին է։
Մենք ամեն օր վնասներ ենք կրում, պատկերացրեք՝ օրը 70 հազար դրամ դաշտում աշխատող բանվորներին փող ենք տալիս, բայց ապրանքը չի վաճառվում, պարտքով, վարկով հող ենք մշակում։ Հենց հիմա գնացեք «Մեյմանդարի» շուկա, մի արկղ լոլիկը՝ 22 կիլոգրամով 1500-2000 դրամով է վաճառվում։ Վարկ եմ վերցրել, ելակ եմ վաճառել ու ամբողջ գումարը դրել եմ հողի մեջ, արդյունք չի տալիս, չգիտեմ՝ վերջն ինչ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սարգոն Թամրազովը՝ խոսելով բողոքի ակցիայից հետո Էկոնոմիկայի նախարարի արձագանքից և բերքի իրացման խնդիրներից։
Ըստ նրա, եթե իշխանությունը խոսում է այն մասին, որ լոլիկ է արտահանվում ԵՄ շուկա, ապա ինչպե՞ս է ստացվում, որ ինքն ու իր շրջապատից որևէ արտադրող չի կարողանում բերքն իրացնել։
«Եթե ԵՄ շուկա լոլիկ արտահանվեր, ապա գոնե ներքին շուկան մեզ համար բաց կլիներ։ Նախորդ տարի մեր ապրանքը և՛ արտահանում էինք, և՛ ներքին շուկայում էինք վաճառում, սուպերմարկետները մեզ հետ լավ աշխատում էին, բայց այս տարի խոշորների հետ են աշխատում, դրա համար այսքան ծանր վիճակում ենք։
Մենք երբեք նման խնդիր չենք ունեցել, ռուսական շուկան մեզ համար բաց է եղել, մենք կարողացել ենք արտահանում անել։ Ծիրան ու այլ ապրանք էլ ենք արտահանել, լավ է, գոնե այս տարի ծիրան չունեցանք, թե չէ ծիրանի վրա էլ կլացեինք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Սարգոն Թամրազովի խոսքով՝ այս անտարբերությամբ Կառավարությունն ուղղակի գյուղացիներին ասում է՝ ձեր հողը մի մշակեք, կամ եթե մշակում եք, ուրեմն ինքնուրույն մտածեք իրացման մասին։
«Մեր երկիրն այսօր Գյուղատնտեսության նախարարություն չունի, Էկոնոմիկայի նախարարն ի՞նչ գործ ունի գյուղատնտեսության հետ։ Նախկինում գյուղանախարարություն ունեինք, մարդիկ էլի «բոլի մենեե» մեր խնդիրներով ու հարցերով զբաղվում էին։ Այսօր Էկոնոմիկայի նախարարն ի՞նչ գիտի, թե գյուղացին ինչ դարդ ունի, ինչով է զբաղվում։
Մեր համար այսօր շատ շուկաներ են փակ, մենք մի երկու շուկայի հույսին ենք մնացել, որտեղ շատ էժան որոշ մասն իրացնում ենք։ Սուբսիդավորումն էլ կտրեցին։ Շուկան մեր համար չբացվեց, մենք հող չենք կարողանալու մշակենք։ Կառավարությունը պետք է մտածի, թե ինչ անի, որ մեզ այս կրիզիսից դուրս բերի, բայց ինչպես տեսնում ենք, նպատակ էլ չունի մտածելու, ու հիմա մենք պետք է գլխներիս ճարը տեսնենք»,- ընդգծեց Սարգոն Թամրազովը։

