Ասեղի վրա են նստեցրել, գյուղացին նոկդաունի մեջ է… ինչո՞ւ են սատկում անասունները. գնացե՛ք, տեսե՛ք՝ էդ ո՞ւմ պղպեղն են արտահանել. Աշոտ Հարությունյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղատնտես Աշոտ Հարությունյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Աստված մի՛ արասցե, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մտնի պատերազմի մեջ: Ռուսաստանն ամբողջությամբ չի մտել հակասությունների դաշտ, դեռևս «փափուկ ուժ» է կիրառում, այլապես հետևանքներն ավելի ծանր կլինեն: Տնտեսության շարժիչ ուժը՝ հացից մինչև ծաղիկ, գյուղատնտեսությունն է: Պարենային ապահովության, անվտանգության խնդիրները նույնպես լուծում է գյուղատնտեսությունը:
- Ռուսաստանում տարբեր ինստիտուտներ կան, որոնք վերլուծում են՝ ինչ քիմիկատներ, պարարտանյութեր են մտնում Հայաստան, ինչպիսի տեսչական վերահսկողություն կա, ինչ քաղաքականություն է վարվում: Այսօր ինչ չստուգված քիմիկատ ասես՝ մտնում է Հայաստան: Չկա վերահսկողություն: Եթե ռուսներն առաջ աչք էին փակում ֆիտոսանիտարական խնդիրների վրա, հիմա չեն փակում: Որ պահին ուզենան, որ բեռնատար ավտոմեքենան սահմանին կանգնեցնեն, հիմքեր ունեն, հանգիստ կարող են լուն ուղտ սարքել ու փակել:

- Բացի գների մատչելիությունից, նաև լոգիստիկ առումով է ռուսական շուկան ամենաշահավետը մեզ համար: Մեծ հմտություն չի պահանջվել մեր ապրանքը Հայաստանից Ռուսաստան հասցնելու հարցում:
- Վատ չէր լինի, որ մենք կարողանայինք ճիշտ ձևով նաև եվրոպական շուկայից օգտվել: Բայց դա հեշտ չէ: Շուկայի, լոգիստիկայի ու մրցակցության խնդիր է. ձեռնտու չէ: Ոչ մի եվրոպացի ֆերմեր գիշերը չի քնում-արթնանում, որ հայ արտադրողի ապրանքները դիմավորեն, իրացնեն իրենց շուկայում: Իրենք էլ իրենց խնդիրներն ունեն: Ոչ ոք խելքից պատուհաս չէ, որ վատ արժեքը, վատ ապրանքը տանի Գերմանիա, կամ եվրոպական երկիր: Թե չէ՝ հայկական ապրանքը, թեկուզև իր համի շնորհիվ, ուր էլ տանեք, ուտող, սպասող ու կարոտող կա, բայց խոսքը հազարավոր տոննաների մասին է:
- Սննդամթերքի անվտանգության տեսանկյունից մենք երկրում լուրջ խնդիրներ ունենք: Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ գյուղատնտեսության մեջ օգտագործվող որոշ դեղամիջոցներ չեն համապատասխանում որակին: Ինչքա՞ն է թույլատրելի սահմանը, ի՞նչ քանակությամբ պարարտանյութ են տալիս, օրինակ, Արարատյան դաշտի բույսերին, ոչ ոք չի հետևում, չի վերահսկում… Այսօր ագրոքիմիկատների արժեքներն այնքան բարձր են, որ շատ քիչ ֆերմերներ են կարողանում դրանցից օգտվել: Խորհրդատու ու հսկող չկա, բայց քանի որ արժեքը բարձր է, ֆերմերները գոնե քիչ են առնում ու կիրառում: Այս իմաստով՝ չկա չարիք, առանց բարիք:
- Հաշված կոնտեյներներով հայկական թարմ պտուղ-բանջարեղեն է գնում, հասնում Ամերիկա: Ապրանքաշրջանառությունը մեծ չէ: Բացարձակ համեմատելի չէ ապրանքաշրջանառության ծավալը Ռուսաստանի հետ:
- Անգամ պետության կողմից սուբսիդավորվող ծախսերի թվային ցուցանիշների վերլուծությունը հաշվի առնելով՝ մենք տեսնում ենք, որ հայկական գյուղմթերքի արտահանումը եվրոպական շուկա հրապուրիչ և ձեռնտու չէ:

- Ուկրաինայի նման երկրի հզոր գյուղատնտեսությունը դարձել է 2-3000 կմ ռազմաճակատ՝ իր բերրի հողերով, և Եվրոպան անընդհատ սնում է այս պատերազմը: Առնվազն կույր կամ խելքից պակաս պետք է լինենք, որ չմտածենք՝ ի՞նչ է Եվրամիությունը գտել այս փոքրիկ Հայաստանի մեջ, որ այդքան փողեր է խոստանում, ինչ նպատակով է դա անում…
- 2018թ. հեղափոխությունը հենց այդ օրը չորոշեցին անել: Երկրներ կան, որ 20-30 տարի դրանք ծրագրել են…
- Եկեղեցին մեր պետականության հենասյուներից մեկն է: Տարբեր հենասյուներ շարքից դուրս բերեցին, եկեղեցին դիմադրում է: Հայաստանում բազմաթիվ խմբեր կան, այլ կրոնական շարժումների, աղանդավորական կազմակերպությունների պատկանող, ուղղված են ոչ միայն մարդկանց խմբեր կենտրոնացնելով՝ անհրաժեշտ պահին գործի դնելու համար, այլև հենց Հայ Առաքելական եկեղեցին պառակտելու համար, որովհետև Հայ եկեղեցին է հազարամյակներ շարունակ հայ ազգին իր շուրջը համախմբելով՝ բերել-հասցրել այս օրվան:
- 2018-ից հետո և՛ գյուղատնտեսության, և՛ Էներգետիկայի, և՛ այլ գերատեսչական նախարարությունների փակումը կրկին տարիներ նախապատրաստած ծրագիր էր: Ես մեջն եմ եղել, տեսել եմ՝ ինչպես են տակից պլանավորում… Միլիոնավոր դոլարներ էին գալիս իբր խորհրդատվության համար, ծրագրեր էին անում, պայման էին դնում՝ իրենց երկրների կամ այստեղ յուրային փորձագետներին հրավիրել և վճարել՝ տված փողը հետ քաշելով… մեր գյուղատնտեսությանն օգուտ չէր տալիս: Արդյունքում, այդ փողը պտտում, հետ էին ուղարկում իրենց երկրներ: Իհարկե, կային որոշ ծրագրեր, որ օգնել են ոլորտի զարգացմանը:
- Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանն ասում էր՝ մեզ ցորեն պետք չի, բրինձ կուտենք: Հիմա կառավարությունում կրկին հավաքվել, կրկին ցորենի ցանքատարածքները ավելացնելու խնդիր են դրել իրենց առաջ: Հիմա մտածում եմ՝ որտեղ են ուզում մեզ գցել, ինչ խնդիր են հիմա ուզում լուծել: Մի՛ արեք, մի՛ խաբեք հերթական անգամ:
- Ես իմ խրամատն ունեմ ու փորձում եմ այդ խրամատը պահել մինչև վերջ: Իմ քաղաքական դիրքորոշումը պետականամետությունն է, ժամ առաջ այս իշխանությանը հեռացնելը, որ այս երկիրը մնա: Իմ խրամատը գյուղատնտեսությունն է:

- Երբ 1990-ականներին Թուրքիայից ցորեն եկավ, դա թուրքական ցորեն չէր, այն Սիրիայից էր գալիս՝ որպես օգնություն: Իսկ Թուրքիայից 1996-98թթ. միջակայքում կարտոֆիլի թուրքական տնկանյութ բերեցին, որը ցանվեց Արագածոտնի մարզում, և մինչև հիմա այդ հողերի վարակվածությունը մենք չենք կարողանում մաքրել, այդ հիվանդությունը չի անցնում հողից…
- Ադրբեջանից այսօր Հայաստան վագոններով գալիս է 99%-ով ռուսական արտադրության ցորեն: Գալիս է շատ քիչ քանակությամբ:
Երկիրը նստեցրել են ասեղի վրա, մազից կախված ենք… Սպանելը հո մենակ խփել-սպանելով չէ՞: Ցորենի, հացի պատերազմ է: Տա Աստված, Լարիս թունելը ժամանակին հանձնվի, և հայ-ռուսական լոգիստիկ խնդիրները կկարգավորվեն… Չեն կարող հայ-ռուսական հարաբերությունները երկար այս վիճակում մնալ, աղետալի կլինի:
- Ես էլ կուզեի ասել՝ հայ-թուրքական հարաբերությունները հեռանկար ունեն, կամ՝ ով չի ուզում խաղաղություն… բայց դարերի պատմություն կա, փաստեր կան, ու քանի պանթուրքիզմն իրենց պետական ծրագիրն է, դա չի կարող տեղի ունենալ:
- Մեր ամենահզոր ուժերից մեկը Սփյուռքն է, պիտի համախմբվենք, այլապես երկար չենք կարող միայնակ դիմադրել: Մեր թշնամիներն էլ դա գիտեն, որ Հայաստանում ապրող հայը մենակ չէ: Մեր հիմնական դիվանագիտությունը համախմբվածությունը պետք է լինի:
- Մեր գյուղերում հետհաշվարկը սկսված է: Գյուղերում մարդիկ նոկդաունի վիճակում են…մարդիկ գետնին ընկած են, հարցն այն է՝ կբարձրանա՞ն արդյոք, թե՞ ոչ: Ամեն ժամ արտահանման խնդիրները վիճակը բարդացնում են: Դեպի աշուն բերքը շատանում է, պիկն այդ ժամանակ է լինելու: Չգիտեմ՝ այդ ընթացքում արտահանումը կվերականգնվի՞, թե՞ ոչ:

Դեռ ժամանակին ես զարմանում էի՝ պետության տված աջակցությամբ ծրագրերից գյուղացիներն ի՜նչ էնտուզիազմով էին օգտվում…Ասել եմ, զգուշացրել եմ՝ ժողովուրդ, դա դուրս չի գալիս, պայթելու է: Ինքս, լինելով մասնագետ, երբեք չեմ գայթակղվել: Գերշահույթ ստացել են բանկերը, իսկ թե ջերմոցատերերը, գյուղացիներն ի՞նչ օգուտ են ստանալու, կտեսնենք: Ասում էի՝ ժողովո՛ւրդ, էդքան ծաղիկն ի՞նչ եք անելու, ծաղիկ ե՞նք ուտելու: Կառավարությանը քանի տարի շարունակ ասում էի՝ սուբսիդավորեք մեզ անհրաժեշտ մշակաբույսերը, չարեցին, իսկ ծաղիկդ տեսա՞ք ինչպես պայթեց:
- Օրերս իմացա՝ 700 տոննա պղպեղ են արտահանել ինչ-որ երկիր, կիլոգրամն էլ բավականին լավ գնով սուբսիդավորել են: Վստահ եմ՝ Արմավիրի մարզի պղպեղ արտադրող գյուղացիներից, ֆերմերներից ոչ մեկի պղպեղը դուրս չի գնացել: Գնացե՛ք, տեսե՛ք՝ էդ ո՞ւմ պղպեղն են արտահանել: Ու դա այն խոշոր տնտեսվարողն է, որը ժամանակին ռիսկ չէր անում ՀՀ գյուղնախարարություն մտնել, հիմա իր համար ծրագիր է գրում, բերում, հաստատել տալիս… Քաղցկեղի նման ճիրանները գցում են բոլոր օրգանների վրա… Որ համակարգը զարգանում է, մի բջիջ ուղարկում են, որ դա էլ քայքայի…
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասել էր, որ ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար առաջարկվում է 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ, պղպեղի 1 կգ-ի համար՝ 400 դրամ, և ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ։
- Ժողովուրդ, ճշմարտությունը դառն է… Դանակը ոսկորին մի՛ հասցրեք: Հանրապետությոնում դաբաղի վտանգ կա:
- Իշխանություններ, մի՛ թաքցրեք իրականությունը: Անցյալ տարի դաբաղի վարակվածությունը զրո եք ցույց տվել, երբ հարյուրավոր գլխաքանակով ոչխարի ու խոզերի անկում է եղել: Չփորձե՛ք հակառակն ասել: Ի՞նչ եղան, խոզերը ձեր էս քաղաքականությունի՞ց ինֆարկտ ստացան, սատկեցի՞ն: Անասնագլխաքանակը երկրում կտրուկ անկում է ապրում: Մինչև հիվանդությունների, վարակի դեմը չառնեք, որտեղից ուզում եք բարձր ցեղատեսակի կենդանիներ բերեք, հակառակ էֆեկտն եք ստանալու: Ընդ որում, որոշ հիվանդություններ՝ սիբիրախտը, դաբաղը, կապսուլավորվում ու հողի մեջ հարյուր տարով մնում են, դրա դեմը պետք է շուտ առնել… Սա զուլում է, կենսաբանական զենք: Սխալ տեղից մի՛ սկսեք: Մաքրե՛ք անասնագոմերը: Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք. Արդեն ոչ թե երկիր ենք կորցնում, այլ հասել են մեր տների խաչմերուկներին:
- Քամու բերածը քամին էլ տանելու է, ու սրանց աչքերը մի բուռ հողով են, ի վերջո, կշտանալու…
- Իմ տեղեկություններով՝ ոչ միայն խողովակով եկող գազը, այլև այդ խողովակաշարը և մնացած ողջ գույքը «Գազպրոմի»՝ ռուսական կողմի սեփականությունն է: Ասենք, դուք Ադրբեջանից գազ բերելու պայմանագիր կնքեցիք: Չեմ ասում, որ կախվածության մեջ կընկնեք, երբ կուզի, վինտիլը կփակի, ասենք, հունվար-փետրվարի ճքճքան ցրտին: Ընդունենք, ազնվորեն տվեց, ինչո՞վ եք բերելու, եթե ռուսական կողմը հրաժարվի իր ներքին ցանցը տրամադրել: Կամ ատոմակայանի լիցքավորո՞ւմն ինչպես ենք անելու:

- Ինչո՞ւ ենք խոսում ռուսական սանկցիաների մասին, երբ այսօր Հայաստանում կառավարում է մի իշխանություն, որը 20.000 մարդու մատնել է հարկադիր պարապուրդի: Խոսքս Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» աշխատակիցների մասին է: Այս իշխանությունը մարդու հետ խնդիր ունի, հարվածը հասցնում է աշխատողներին… Հայաստանի քաղաքացիների դեմ այս իշխանությունների կողմից կիրառված սանկցիաների մասին սկզբում մտածեք, ոչ թե Ռուսաստանի սանկցիաների…
- Ռոզա Ծառուկյանն՝ իր ավյունով, եռանդով ու պրպտուն մտքով, ում մայրը լիներ, իր որդին կրկնակի հարուստ կլիներ:
- Սրանք ոչ միայն դիտավորյալ են անում, այլև սուպեր անգրագետ են…
Մանրամասները՝ տեսանյութում:

