Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, ես էլ ձեզ ջարդեմ… Այո՛, չեմ թողնելու, կրակելու եմ, կարողանում եք՝ հաղթեք, եթե չէ՝ բոլորիդ կզզացնելու եմ. Ստեփան Դանիելյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Հարավայում Կովկասում և Հայաստանում Ռուսաստանի համար կարևորը կոմունիկացիաներն են: Եվ խոսքն այստեղ երկաթուղու մասին է: Ռուսաստանը կարող է երկաթուղով դուրս գալ Թուրքիա: Փաշինյանն ուզում էր ռուսական 102-րդ ռազմաբազան օգտագործել երկաթուղու հարցով հաջողության հասնելու համար: Պուտինն էլ ասաց՝ մեզ շանտաժի մի ենթարկեք, եթե չեք ուզում ռազմաբազան մնա, հենց վաղն էլ կհանենք: Երկաթուղին աշխարհաքաղաքական կարևորություն ունի:
Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը երկաթուղու հետ կապված հայտարարել է. «Մենք ուզում ենք բարեկամական լուծում, այսինքն՝ մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների»: Իսկ մինչ այդ նա անդրադարձել էր, որ հայկական երկաթուղու կառավարման փոփոխությունն այլընտրանք չունի, և դրան ռուսական կողմի արձագանքներին.
«Որո՞նք կարող են լինել բարեկամական լուծումները՝ որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ, օրինակ, այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցենսիոն իրավունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասամբ, այսինքն՝ ինչ-որ որոշակի, բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությունը չխոչընդոտի, և այլն, և այդպես շարունակ, և ես դա նկատի ունեմ»,- ասել է Փաշինյանը:
Մինչ այդ «Ռուսական երկաթուղիներ»-ը զգուշացրել է՝ եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի, բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվականից մինչ այսօր: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը կոնկրետ գումար է մատնանշել՝ շուրջ 400 միլիոն դոլար:
«Եթե հայկական կողմը դիտարկում է կոնցեսիոն պայմանագրի դադարեցման կամ փոփոխման հնարավորությունը, ապա մենք էլ իրավունք ունենք ակնկալել ներդրումների վերադարձ: Ռուսական կողմը 2008 թվականից սկսած ամբողջությամբ կատարում է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի՝ ազատելով այդ երկրի բյուջեն երկաթուղու վերականգնման և պահպանման համար նախատեսված ծախսերից, իսկ բաժնետերերին երբեք դիվիդենտներ չեն վճարվել»,- ասված էր Բելոզերովի հայտարարությունում:
Ռուսաստանյան խոշորագույն ընկերության ղեկավարին զարմացրել էր ոչ այնքան Փաշինյանի՝ կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու, որքան ռուսական կողմից 2 միլիարդ դոլարի վարձավճար ուզելու մասին հայտարարությունը: Ինչի՞ դիմաց:
Փաշինյանն ասել էր. «Հայաստանում էլ բաներ կան, որ անվճար է, կարող է պարզվի, որ թանկանում է: Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել: Ասել՝ կամ տարեկան 2 միլիարդ վարձավճար մուծեք, կամ էլ …»: Թե ինչի՞ դիմաց է Փաշինյանը ռուսական կողմից 2 միլիարդ դոլար ուզում, այդպես էլ հայտնի չի դարձել:

- Հետաքրքրիր մի հայտարարություն արեց Լավրովը, երբ ասաց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կան խնդիրներ: Հարավային Կովկասի սահմանները գծվել են Կարսի պայմանագրով: Կարսի պայմանագրի ժամանակ շատ երկար կոնֆերանս է եղել, եղել են շատ ծանր բանակցություններ: Հիշենք, որ մինչ այդ Հայաստանն Ալեքսանդրապոլի պայմանագրով 12 000 ք/կմ է եղել, որի մի հատվածն էլ չեզոք գոտի էր: Այսինքն՝ սա այն քարտեզն է, որը հիմա ադրբեջանցիները սիրում են տպագրել՝ Սևանի մի մասի վերահսկողությունն իրենց տակ, և այլն: Կարսի պայմանագրով կարողացան թուրքերին ստիպել, որ Հայաստանը դառնա մոտ 30 000 ք/կմ: Բանակցությունների ժամանակ մի քանի անգամ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ռուսները՝ այն ժամանակ կոմունիստները, ուզում էին դուրս գալ բանակցություններից, մի քանի անգամ էլ թուրքական կողմն է ուզել բանակցություններից դուրս գալ, և Հայաստանն այդ 30 000 ք/կմ-ն շատ մեծ դժվարությամբ է ստացել: Հարցականի տակ է եղել նաև Աջարիայի հարցը:
Շատ ծանր խնդիր էր, օրինակ՝ Ալեքսանդրապոլի դեպքի հարցը, որովհետև թուրքերը մտել էին, դեպոյի սարքավորումները տարել էին, պահանջում էին վերադարձնել, չվերադարձրեցին և այլն:
Այսինքն՝ այդ պայմանագիրը հնգակողմ է եղել, բայց ըստ էության Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի միջև է կնքվել: Եվ եթե ռուսական ռազմաբազան դուրս է գալիս Հայաստանից, և Ռուսաստանն էլ Հարավային Կովկասից է դուրս գալիս, ենթադրում եմ, որ առաջանալու են հարցեր: Օրինակ՝ Ամասիայի հարցը: Աջարիայի և Սուրմալուի տարածքի քանակ կար, որի պատճառով Ամասիան կցվեց Հայաստանին:
Հնարավոր է՝ սահմանը վերանա, և հետ գան Ալեքսանդրապոլի պայմանագրին: Շատերին սա անհավանական է թվում, բայց իրականությունը դա է:
- Էրդողանը պարբերաբար հայտարարում է՝ այսօրվա Հայաստանը մեր սրի ծայրին մնացած կտոր է: Սա նշանակում է՝ ցեղասպանությունը ես դեռ չեմ ավարտել:
- Լատվիայում հիմա սկանդալ է, որովհետև իրենք 70 միլիոն դոլարի հնդկական արկեր էին գնել Ուկրաինայի համար, և երբ դրանք մատակարարել են, տեսել են, որ դրանք խոտան են, ու այդ արկերը հնարավոր չէ օգտագործել: Մենք չգիտենք՝ Հայաստանին ինչ է մատակարարվել:

- Սխալ է որևէ երկրի մեղադրել. պետք է հասկանալ պատճառները: Ըստ որոշ տվյալների՝ ուկրաինական պատերազմը պետք է սկսվեր 2020թ., և միայն քովիդն է դրան խանգարել ու Արցախյան 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Բելառուսում գունավոր հեղափոխության փորձը: Ռուսաստանը, թերևս, խուսափեց 2-րդ ճակատը բացելուց: Ռուսաստանը զոհաբերեց Արցախը, որ 2-րդ ճակատ չբացվի: Մեզ համար դա ողբերգական էր, բայց իրենց պետական շահը դա էր պահանջում, և 2023թ. տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ռուսաստանը պետք է լքեր Հարավային Կովկասը, և լքելու համար պետք է Արցախը հանձնվեր, իսկ Հայաստանի գործող վարչապետն աջակցեց դրան՝ Պրահայում հայտարարելով, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում:
- Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Մեղրիի ճանապարհը պետք է աշխատեր ռուսական ФСБ-ի հսկողության տակ, ինչին Փաշինյանը դեմ գնաց, Ադրբեջանն էլ փակեց Լաչինի միջանցքը, ինչին հաջորդեց Արցախի հանձնումը… Քայլերի հաջորդականությունը հուշում է, որ այս անձնավորությունը (Փաշինյան,- Ս.Դ.) գիտակցված է գնացել Արցախի հանձնմանը:
- Ե՛վ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության պաշտոնյաներն ասում են, որ եթե Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսվեն, իրենք ոչինչ չեն անելու: Անգամ հայ-ամերիկյան փաստաթղթերում է գրված, որ սրանք իրավաբանորեն պարտադիր ուժ չունեն:
- Հարավային Կովկասում, ո՛չ Թուրքիային, ո՛չ Իրանին, ո՛չ Ռուսաստանին պետք չէ, որ այստեղ 4-րդ երկիր մտնի: Ռուսաստանի համար ավելի ցանկալի կլինի՝ Հարավային Կովկասը վերահսկի Թուրքիան, քան այստեղ հայտնվեն ամերիկացիները, և հակառակը: Հայաստանի իշխանությունը 4-րդ ուժ է բերում այստեղ, ինչը խախտում է ուժերի բալանսն ու պայմանավորվածությունները: Հայաստանն իր դեմ է հանում 3 երկրի: Ցանկացած պահի մենք կարող ենք հարվածի տակ հայտնվել:
- Երբ ուկրաինական կոնֆլիկտն ավարտվի, և ճշտվեն Իրան-ԱՄՆ հարաբերությունները, այդ ժամանակ իրենց ուշադրության կենտրոնում կհայտնվեն Հարավային Կովկասն ու Հայաստանը, և այսօրվա իշխանության որոշումների համար Հայաստանը՝ մենք ենք պատասխան տալու, ոչ թե այս իշխանությունը:
- Վաղն Անդրանիկ Թևանյանի գործով դատական նիստն է մեկնարկում: Նրան մեղադրում են ՌԴ-ի օգտին 622 հազար դոլարով լրտեսություն անելու մեջ: Հիմա մեղադրանքի մեջ էդ փողն այլևս չկա, հանվել է այդ մեղադրանքը, լրտեսությունն էլ է հանվել, մնացել է պետական գաղտնիք հայտնելը… Հարց է ծագում՝ ումի՞ց է ԱԺ նիստը գաղտնիք, եթե տարածքների հանձնումը Ռուսաստանի, Ադրբեջանի համար գաղտնիք չեն, բա ումի՞ց է եղել գաղտնիք, հայ ժողովրդի՞ց… Ավելին, Անդրանիկ Թևանյանի մեղադրանքում գրված է՝ «հնարավոր է՝ պետական գաղտնիք» է եղել: Անդրանիկ Թևանյանին նաև մեղադրել են, թե ռուսներին ինչ-որ քարտեզներ է փոխանցել, այն դեպքում, երբ դրանք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում արդեն վաղուց հրապարակված են եղել…
- Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ առհասարակ ոչ մի ապացույց չկա, բայց նա բանտում է, տևական ժամանակ նրան զրկել էին անչափահաս դստեր և 86-ամյա մոր հետ անգամ հեռախոսազանգով շփվելուց… Ինչի՞ համար Արեգնազ Մանուկյանին, նման պայմաններով մեկուսացնելով, կալանավորեցին… Որպեսզի ճնշեն, ու Արեգնազն ասի՝ իբրև թե ինչ-որ բան է տվել Անդրանիկ Թևանյանին: Հիմա մարդիկ բաց դատավարություն են պահանջում:

- 2019թ. Փարիզում տեղի է ունենում հանդիպում Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի մասնակցությամբ՝ ուկրաինական կարգավորման հարցով: Ըստ որոշ տեղեկությունների՝ Զելենսկին փակ այդ հանդիպման ժամանակ մասնակիցներին ասել է՝ եթե համաձայնի Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում, Դոնեցկն ու Լուգանսկն էլ ինքնավարություն ունենան, ՆԱՏՕ-ի անդամ էլ չդառնան, իրեն կսպանեն, ինքն Ուկրաինա չի կարողանա վերադառնալ, որովհետև արդեն իսկ եղել էր 70 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը, որով Զելենսկուն խստիվ արգելում էին համաձայնության գալ Ռուսաստանի հետ:
Նույն կերպ այստեղ՝ Հայաստանում, հասարակական կազմակերպությունները 2025թ. մարտին ԱԺ տարան ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Ես այդ հասարակական կազմակերպություններին չեմ մեղադրում, փողը ստացել են, հրահանգն էլ, արել են, բայց օրենքը ՔՊ-ի կողմից ընդունելն արդեն քաղաքական պատասխանատվության հարց է:
Հիշեցնենք. այդ օրենքին միակ դեմ քվեարկողն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր: Օրենքը խորհրդարանում ծայրից ծայր կարդացել էր ՔՊ-ական Արման Եղոյանը. դա Հայաստանի պատմության մեջ թերևս ամենակարճ օրինագիծն էր, այն բաղկացած է 25 բառից կազմված միայն մեկ նախադասությունից. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը»,- նշել էր Եղոյանը:
Նախագիծն Ազգային ժողով էր բերել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, մինչ այդ նրանք ստորագրություններ էին հավաքել, որ կարողանան օրենքը խորհրդարանի քննարկմանը դնել: Նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշել էր, որ ստորագրությունները հավաքվել են շատ արագ՝ սահմանված ժամկետի կեսում արդեն անհրաժեշտ ստորագրություններից կրկնակի շատ էին հավաքվել: Նաև նշել էր, որ իրենց անցկացրած հարցումներից ելնելով՝ կարող են պնդել՝ Հայաստանի քաղաքացիները ցանկանում են գնալ դեպի Եվրամիություն: Այնուամենայնիվ, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծից հանվել է «արտահայտելով ժողովրդի կամքը» արտահայտությունը, կառավարությունը նկատել էր՝ չեն կարող այս բառերը թողնել նախագծում, քանի որ այդ հարցով հանրաքվե չի անցկացվել:
- Գերմանիայում քննարկումներ կան եվրոզոնայից դուրս գալու մասին: ԵՄ-ում կան երկրներ՝ Չեխիա, Հունգարիա, որոնք եվրոզոնայում չեն, հիմա հարցը քննարկվում է նաև Գերմանիայում:
- Կան երկրներ, որոնք ձկնարդյունաբերության պատճառով չեն ուզում մտնել Եվրամիություն, օրինակ՝ Իսլանդիան, որի տնտեսության հիմքը ձկնորսությունն է. իսկ հիմա մենք, գազի խնդիր ունենալով, տնտեսական լուրջ մարտահրավերների առաջ կանգնած՝ Եվրամիություն ենք ուզում գնա՞լ: Առհասարակ ո՞վ են սրանք, ովքե՞ր են մեզ կառավարում:

- Հայաստանում իրականացվում է դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի ծրագիր, ինչն Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջն է: Սա Թուրքիայում դեռ 2020թ. պատերազմից առաջ է հրապարակվել: Սա արվել է Ճապոնիայում, հիմա անում են այստեղ: Այս ծրագրի բաղադրիչներ են նաև Եկեղեցու և ընտանիքի մոդելի քանդումը:
- ԵՄ մտնելու մեկնարկի մասին օրենքի իմաստն այն էր, որ Հարավային Կովկասը դառնար նոր կոնֆլիկտի առարկա գուցե Հայաստանի պետականության հաշվին:
- Փաշինյանն ասում է՝ ես հեղափոխություն եմ արել, հիմա անելու եմ՝ ինչ մտածում եմ, և եթե մեկը դեմ է, թող դուրս գա, հեղափոխություն անի: Ինձ հետ համաձայն չեք՝ հեղափոխություն արեք, ես էլ ձեզ ջարդեմ: Այո՛, չեմ թողնելու, կրակելու եմ ձեզ վրա, կարողանում եք՝ հաղթեք, չէ՝ բոլորիդ կզզացնելու եմ:
Մանրամասները՝ տեսանյութում:

