«Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրը բացված է, Ալիևը շարունակում է պատասխանատվություն պահանջել Հայաստանից և Ռուսաստանից, իսկ ի՞նչ են անում ԱՄՆ-ն ու Եվրոպան

1992 թվականի այս օրը՝ փետրվարի 26 ին,  Արցախի ինքնապաշտպանական ուժերը փայլուն օպերացիայի շնորհիվ ազատագրել էին թշնամու` Շուշիից  հետո Արցախում իր նշանակությամբ 2-րդ ռազմական հենակետը` Խոջալուն (Իվանյանը):

Ռազմական գործողությունն իրականացվել էր Խոջալու (Իվանյան) գյուղի մոտ գտնվող Ստեփանակերտի օդանավակայանն  ապաշրջափակելու և գյուղում  տեղակայված ադրբեջանական կրակակետերը վնասազերծելու նպատակով։

Իսկ մինչ ռազմական գործողությունը տեղի բնակչությանն անվտանգ հեռացնելու նպատակով հայերը բարձրախոսներով տեղեկացրել են ոչ միայն սպասվող գործողություններից, այլ նաև   խաղաղ բնակչությունը տեղյակ է պահվել  այն միջանցքի մասին, որտեղով Կարկառ գետի հովտով կարող էր և պետք է դուրս գար դեպի Աղդամ, որը վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից: Այսինքն, այդ հատվածում ադրբեջանցիների սպանությունների պատասխանատուն ադրբեջանական կողմն է, ինչը  ժամանակին խոստովանել  էր հենց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, ով հետո ստիպված էր հրաժական տալ:

Կարդացեք նաև

Դեռ մի կողմ ենք դնում  ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի (մահացել է 1992-ին) հետաքննությունը՝ կապված Խոջալուի դեպքերի հետ:

Մի առիթով  նշել ենք, որ ադրբեջանական կողմը Խոջալուի դեպքերի մասին խոսելիս  հիշում է Թոմաս Դը Վաալի «Սև այգի» գրքի մասին և հատկապես անդրադառնում «Խոջալուի դեպքերին»՝ հղում անելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մի հայտարարությանը, որն ադրբեջանական կողմը մեջբերել էր նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ «դատական» նիստերից մեկի ժամանակ:

Մասնավորապես,  որպես «ապացույց»՝ ներկայացվել էր 2000 թվականի դեկտեմբերին նրա՝ Թոմաս Վաալին տված հարցազրույցից մի հատված, որը, ինչպես նշեցինք, տեղ էր գտել նաև Վաալի «Սև այգի» գրքում, և որն ադրբեջանական քարոզչության համար «համեղ պատառ» է դարձել, քանի որ այն աղավաղված է ներկայացվել: Այսինքն, Խոջալուի մասին Սերժ Սարգսյանի խոսքերը Թոմաս դե Վաալը ենթատեքստից դուրս է մեջբերել, և այս մոտեցումը հետագայում չի վերանայել: Իսկ ի՞նչ էր ասել Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում:

«Բայց այնտեղ խաղաղ  բնակչության հետ մեկտեղ՝ նաև զինվորներ կային: Եվ երբ արկ է թռչում, այն չի տարբերակում քաղաքացիական անձանց զինվորներից,  աչքեր չունի։ Եթե խաղաղ բնակչությունը մնում է  այնտեղ՝ չնայած հեռանալու հրաշալի  հնարավորությանը, նշանակում է՝ նույնպես մասնակցում է մարտական գործողություններին… Եվ  միջանցքը նրա համար չէր թողնվել, որպեսզի նրանք  ինչ-որ տեղում  գնդակահարվեին, դա կարելի էր անել  Խոջալուում, այլ ոչ թե Աղդամի մատույցներում»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Սումգայիթի ջարդերին «հավասարազոր» բան գտնելու առիթ էր պետք Ադրբեջանին, մինչդեռ այդ դեպքերը  չի կարելի համեմատության մեջ դնել:

Հարկ ենք համարում  հիշեցնել  մեկ այլ դրվագ: Կա արխիվային տեսանյութ, որտեղ Մոնթե Մելքոնյանը 1993 թվականի ապրիլի 1-ին Քարվաճառի ճանապարհի վրա կանգնած՝ պատմում է Քարվաճառ-Օմար ռազմագործողության ընթացքի մասին, որը սկսվել էր մարտի վերջին, և, մասնավորապես, նշում.

«…Առաջ եկանք մինչև այստեղ, հիմա կանգնած ենք, խաչմերուկ կա այնտեղ՝ Կիրովաբադի խաչմերուկը: Այս մասում կանգնած ենք, որ իրենք իրենց ժողովուրդը հանեն»:

Թաթուլ Հակոբյանը իր «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքում էլ հղում է անում ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին:

«Ղարաբաղյան ուժերը հնարավորություն ունեին շրջապատել ողջ շրջանը, կտրել բոլոր ճանապարհները և շրջափակման մեջ թողնել՝ ինչպես Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները, այնպես էլ՝ քաղաքական բնակչությանը: Սակայն չարեցինք, քանի որ նպատակ չունեինք վնասելու խաղաղ բնակչությանը: Մենք արեցինք ամեն հնարավորը, որպեսզի խաղաղ բնակչությունը նորմալ կերպով տարհանվեր: Մենք նույնիսկ չէինք հրետակոծում այդ շրջանի տարածքում գտնվող ուղղաթիռները, որովհետև գիտեինք, որ դրանք խաղաղ բնակիչներ են փոխադրում: Թույլ տրվեց նաև լեռնանցքով անցնել մոտ 300 կանանց ու երեխաների այն ժամանակ, երբ մեր զինվորներն արդեն փակել էին լեռնանցքը»:

Բայց այս ամենով հանդերձ,  Բաքուն՝ ալիևյան ռեժիմը, շարունակում է շահարկել Խոջալուի իրադարձությունները։  Ավելին, և՛ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ կայացած և ավարտված «դատավարության» շրջանակում, և՛ դրանից դուրս Բաքվի քարոզչամեքենան ոչ մեկ անգամ ակնարկել է, թե  «հնարավոր է՝ իրավական պատասխանատվություն կրելու ընտրության առաջ» Հայաստանը չկանգնի, բայց բարոյական և քաղաքական պատասխանատվություն «Խոջալուի ցեղասպանության» համար պիտի կրի, դրանից չի փախչի: Թեև, ինչպես այսօր հայտարարել է Բաքուն, «Խոջալուի ցեղասպանությանն» առնչվող հինգ  հոգու արդեն դատապարտել են, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներին:

Իսկ 168.am-ը հայտնել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ 2025 թվականի փետրվարին,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել «Խոջալուի ցեղասպանության»  զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման մասին, որտեղ հետագայում երկիր այցելած բարձրաստիճան հյուրերին  տանեն և նպաստեն  ադրբեջանական թեզի միջազգային տարածմանը, որի պակասը, ըստ էության, չկա:

Եվ այսօր արդեն Ալիևը մասնակցել է հուշահամալիրի բացման արարողությանը:

Ավելին, Ալիևը Խոջալուի շրջանում կատարած այցի ժամանակ հայտարարել է.

«Մենք երբեք չպետք է մոռանանք «Խոջալուի ցեղասպանությունը»: Երբեք չպետք է մոռանանք հայկական պետության «գազանությունը»: Չպետք է երբեք մոռանանք մեր պատմությունը, պետք է միշտ լինենք զգոն, ուժեղ, թշնամին միշտ պետք է վախենա մեզանից, ինչպես այսօր է վախենում»:

Այսինքն, Հայաստանի հետ խաղաղության գնացող Ալիևը չի պատրաստվում  հրաժարվել 30 տարիներին իր որդեգրած քաղաքականությունից՝ Հայաստանին «ցեղասպան» և «ռազմական հանցագործ» ճանաչելու և թշնամի համարելու,  չի պատրաստվում «մաքրել» ադրբեջանցի ժողովրդի հիշողությունը և շարունակում է խեղաթյուրել ակնհայտ փաստերը: Եվ ոչինչ, որ  Խոջալուի դեպքերի հետ կապված՝ ճշգրիտ և իրական բավարար ապացույցներ կան և՛ հայկական, և՛ ադրբեջանական, և՛ օտարերկրյա աղբյուրներից:

Բայց սա չի խանգարում, որ ԱՄՆ-ը, եվրոպական երկրներն ընդունեն Բաքվի մատուցած «Խոջալուի ցեղասպանության» փաստը: Օրինակ, այսօր իրենց ցավակցություններն են հղել Ադրբեջանին Հայաստանի բարեկամ Ֆրանսիան, եվրոպական այլ երկրներ:

Իսկ այն, որ Թուրքիան պաշտոնական տարբեր մակարդակներում պիտի հիշեր և  դատապարտեր «Խոջալուի ցեղասպանությունը», ավելին, հայտարարեր, որ  այն  երբեք չպետք է մոռանալ, այլապես կարող է կրկնվել, և՛ օրինաչափ է, և՛ աբսուրդային, հաշվի առնելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը:

Ավելին,  Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ  Ֆուաթ  Օքթայը նույնիսկ հայտարարել է, «ցանկանում են վերջ դնել հայկական սփյուռքի մասին շոուին»։ Իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Սփյուռքի դերը մեծ է, ի՞նչ է սա, եթե ոչ՝ Հայաստանին իրավաքաղաքական և պատմաքաղաքական զինաթափում:  Իսկ ինչ վերաբերում է Խոջալուի դեպքերին, ապա հայկական կողմը գուցե միջազգային հարթակում բավարար աշխատանք չի տարել, բավարար պահանջատեր չի եղել: Այսինքն, այն, ինչ անում է Ադրբեջանը:

Արդյո՞ք սա ռազմական պատերազմից պակաս վտանգավոր չի, եթե չասենք՝ ինչ-որ առումով առավել վտանգավոր: Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանը 2026 թվականի համար ավելացրել է ոչ միայն ռազմական, այլև միջազգային հարաբերություններին և դիվանագիտությանը տրամադրվող բյուջեն:

Բացի այս, ինչպես գրել ենք ավելի վաղ, 2025 թվականի  նոյեմբերի 3-ին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանն Իլհամ Ալիևը պատմաքաղաքական խնդիրներ էր դրել գիտնականների և ակադեմիկոսների առաջ: Եվ երեկ արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ազգային ակադեմիայում օկուպացված Արցախի վերաբերյալ գիտական բաժին է բացվելու: Ակադեմիայի նախագահի խորհրդական Յաղուբ Մահմուդովը հայտարարել է, որ քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացված չեն, անհրաժեշտ է երկրի պատմության խոր ուսումնասիրման աշխատանքները շարունակել։

Իսկ Հայաստանում գրկաբաց ընդունում են մեր երկրին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրող ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի համար վստահելի քաղաքագետներին և փորձագետներին, որոնք (այդ թվում՝ քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը)  Ադրբեջանի տարածքում և ոչ պատերազմական գործողությունների ժամանակ իրականացված Բաքվի և Սումգայիթի ջարդերը նույն հարթության մեջ են դնում Խոջալուի դեպքերի հետ:

Վերադառնանք այսօր Բաքվին ցավակցություն հայտնած երկրներին  և  հավելենք, որ 2025 թվականին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը պահանջել էր  ռուսական կողմից «արդար գնահատական» տալ Խոջալուի իրադարձություններին: Եվ, թերևս, չհասնելով ցանկալի արդյունքի, այսօր արդեն Բաքվի քարոզչամեքենան փորձել է նաև ռուսական հետք գտնել «Խոջալուի ցեղասպանության» մեջ:

Ի դեպ, հետաքրքիր է՝ Խոջալուի դեպքերը տանում են դեպի Արցախյան առաջին պատերազմ, բայց Բաքուն հուշահամալիր բացեց միայն 44-օրյա պատերազմից հետո:

Իսկ վաղը Սումգայիթի ջարդերի տարելիցն է, սպասենք ՀՀ իշխանությունների գործողություններին և շեշտադրումներին:

Տեսանյութեր

Լրահոս