Բաքվի դատարանում նշել են Քարվաճառի ազատագրմամբ հայկական կողմի տարածքային և դիրքային առավելությունները՝ հիշելով, որ ԱՄՆ-ը դեմ էր դրան

Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով Բաքվում մայիսի 16-ին կայացած հերթական «դատավարության» ժամանակ քննության է առնվել Քարվաճառի ազատագրման օպերացիան:

Մասնավորապես, արտասահմանյան լրատվամիջոցներում տպագրված ինչ-որ հոդվածների հղում անելով՝ Ադրբեջանի դատարանը պնդել է, թե հայկական բանակը վերցրել է Քարվաճառը, «ինչի արդյունքում հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք, երեխաներ, ստիպված են եղել փախուստի դիմել», և, որ դրա հետևանքով անգամ «ճգնաժամային իրավիճակ» է ստեղծվել:

Մինչդեռ իրականությունն այս դեպքում ևս այլ է եղել, և պաշտոնական, պատմական իրական փաստերի համաձայն՝ «1993 թվականի մարտի 31-ին արցախյան ուժերի վերահսկողության տակ ընկավ նաև Չապլի-Կամըշլը-Ջոմարտ-Ալըմալըկ-Զուլֆուգարլու-Չորանքերախմեդ ռազմաբնակավայրերն իրար կապող ռազմավարական նշանակության ճանապարհը, որի արդյունքում լայն հնարավորություն ստեղծվեց Քարվաճառ շրջկենտրոնի ուղղությամբ գրոհը զարգացնելու համար:

Բայց նախքան քաղաքի ուղղությամբ հարձակման անցնելը, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության որոշմամբ ռազմաճակատի այդ հատվածում մարտական գործողություններն առժամանակ դադարեցվեցին՝ նպատակ ունենալով Քարվաճառի և Լաչինի շրջաններում հավանաբար դեռևս մնացած խաղաղ բնակչությանը հնարավորություն տալ անվտանգ հեռանալ մարտական գործողությունների գոտուց»:

Կարդացեք նաև

Ավելին, կա արխիվային տեսանյութ, որտեղ Մոնթե Մելքոնյանը 1993 թվականի ապրիլի 1-ին Քարվաճառի ճանապարհի վրա կանգնած՝ պատմում է Քարվաճառ-Օմար ռազմագործողության ընթացքի մասին, որը սկսվել է մարտի վերջին, և, մասնավորապես, նշում.

«…Առաջ եկանք մինչև այստեղ, հիմա կանգնած ենք, խաչմերուկ կա այնտեղ՝ Կիրովաբադի խաչմերուկը: Այս մասում կանգնած ենք, որ իրենք իրենց ժողովուրդը հանեն»:

Թաթուլ Հակոբյանը իր «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքում էլ հղում է անում ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին:

«Ղարաբաղյան ուժերը հնարավորություն ունեին շրջապատել ողջ շրջանը, կտրել բոլոր ճանապարհները և շրջափակման մեջ թողնել՝ ինչպես Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները, այնպես էլ՝ քաղաքական բնակչությանը: Սակայն չարեցինք, քանի որ նպատակ չունեինք վնասելու խաղաղ բնակչությանը: Մենք արեցինք ամեն հնարավորը, որպեսզի խաղաղ բնակչությունը նորմալ կերպով տարհանվեր: Մենք նույնիսկ չէինք հրետակոծում այդ շրջանի տարածքում գտնվող ուղղաթիռները, որովհետև գիտեինք, որ դրանք խաղաղ բնակիչներ են փոխադրում: Թույլ տրվեց նաև լեռնանցքով անցնել մոտ 300 կանանց ու երեխաների այն ժամանակ, երբ մեր զինվորներն արդեն փակել էին լեռնանցքը»:

«Դատավարության» ժամանակ ադրբեջանական կողմը, հղում անելով արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների՝ շեշտել է, թե հայկական ուժերի կողմից Քարվաճառի ազատագրումը կամ, ռազմական լեզվով ասած՝ գրավումը, հնարավորություն է տվել վերահսկել Արցախը Հայաստանին կապող մեծ տարածք՝ հյուսիսից հարավ:

Այնուհետև փորձ է արվել ապացուցել, թե ոչ միայն Ադրբեջանի կառավարությունը, այլև՝ Քելբաջարի «օկուպացիային» բոլոր ականատեսները հայտարարել են, որ «հարձակումն իրականացվել է միանշանակ ՀՀ տարածքից», և, որ «Ղարաբաղում բացված նոր «հյուսիսային» միջանցքն ավելի քան 100 կմ է, ինչը փաստացի նշանակում է՝ Քելբաջարի շրջանի լիակատար անեքսիա»:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքվի դատարանում այս համատեքստում պնդել են, թե ԱՄՆ-ը դատապարտել է Հայաստանի այս «հարձակումները», որից հետո հիշեցրել են ՄԱԿ-ի բանաձևերը:

Հավելենք, որ Քարվաճառի ազատագրման գործողություններին առաջին կոշտ արձագանքը եղավ Թուրքիայից, բայց այս գործողությունները նաև Թեհրանի սրտով չէին:

Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքում նշվում է, որ «Թեհրանը պահանջեց, որ «հայկական զինված ուժերն ազատեն գրավված ադրբեջանական տարածքները», և, որ դեսպան Վահան Բայբուրդյանը Քելբաջարի լուրը ստանում է Իրանի ԱԳՆ-ում:

Ի դեպ, Թաթուլ Հակոբյանը նույն գրքում գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Քրիստոֆերն ապրիլի 6-ին հայկական ուժերից պահանջել է «անհապաղ և ամբողջապես հեռանալ Քելբաջարի տարածքից» (ինչի մասին էլ ակնարկել են Ադրբեջանի դատարանում): Իսկ Մոսկվայի արձագանքը շատ ավելի զուսպ էր, բայց տպավորություն կար, որ Ռուսաստանը ևս ձգտում էր ղարաբաղյան ուժերի դուրսբերմանը Քելբաջարից:

Բայց փաստ է, որ 30 տարի Քարվաճառը մնացել է հայկական հսկողության տակ, այսինքն՝ չնայած տարբեր միջազգային և ներքին ճնշումներին, այն չի հանձնվել ադրբեջանցիներին, քանի որ անվտանգային լուրջ նշանակություն ուներ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի համար:

Ավելին, 2020 թվականի 44-օրյա պատերազմում բուն ռազմական գործողությունների ժամանակ ոչ մի սանտիմետր չենք կորցրել այս տարածքից, և այն հանձնվել է 44-օրյա պատերազմի արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ:

Ի դեպ, ժամանակին տեղեկություններ էին շրջանառվել, որ Փաշինյանին առանց Քարվաճառը և Քաշաթաղը հանձնելու փաստաթուղթ է առաջարկվշրջանառվել, ել:

Քարվաճառին առնչվող պատմական փաստերին բազմիցս անդրադարձել ենք, չենք անտեսել անգամ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Քարվաճառյան սկզբունքներից» մինչև Խաղաղության պայմանագիր գաղափարական ռևոլյուցիան:

Իսկ դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 19-ին:

Տեսանյութեր

Լրահոս