Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիները՝ Երևանում
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական այցն է կազմակերպվել Հայաստան: Այս անգամ նրանք ՀՀ ինքնիշխան տարածք են մտել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով (Տավուշի մարզ, Կիրանց գյուղի մերձակա հատված):
Ավելին, այս անգամ ադրբեջանական պատվիրակությունը, ըստ «Արմենպրեսի» ներկայացրած անվանացանկի, 19 հոգուց է բաղկացած, որոնցից մի քանիսի, բնականաբար, առաջին այցը չէ Հայաստան: Իսկ պատվիրակության «բովանդակային» պատկերը հետևյալն է՝
Ֆարհադ Մամեդով- Համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն
Ռուսիֆ Հուսեյնով- «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն
Քամալա Մամեդովա- 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր
Ռամիլ Իսկանդարլի- ազգային ՀԿ ֆորումի խորհրդի նախագահ
Ֆուադ Աբդուլլաև- Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ
Քոնուլ Բադալովա- Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծական կենտրոնի գիտաշխատող
Զաուր Շիրիև- Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի կենտրոնի փորձագետ (Carnegie Russia and Eurasia Center)
Մուրադ Մուրադով- «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրեն
Այթեն Գահրաման- Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի խորհրդատու
Ռաուֆ Ագամիրզաև- տրանսպորտի փորձագետ, թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ
Գյուլբենիզ Գանբարովա- «Գյուղական համայնքների կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ
Նազրին Ալիևա- «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ
Էլդար Համզալի- հետազոտող, անկախ փորձագետ
Սանան Ռզաև- CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան
Գյուլշան Ախունդովա- «Կին, զարգացում, ապագա» ՀԿ նախագահ
Էմին Ալիև- TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր (եղել է նաև Day.az-ի գլխավոր խմբագիրը։ -Մ.Պ.)
Օրխան Բաբաև- Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի աշխատակից
Իլյաս Հուսեյնով- Սոցիալական հետազոտությունների կենտրոնի բաժնի պետ
Ֆուադ Ագամալիև- CBC հեռուստաալիքի ինժեներատեխնիկական բաժնի պետ
Փետրվարի 13-14-ը սպասվող քննարկումներին հայկական կողմի մասնակիցների թիվը ևս ավելացվել է նախորդ հանդիպումների համեմատ: Իսկ քննարկումների օրակարգում անդրադարձ է կատարվելու տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը, խաղաղության օգուտներին, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումներին, տնտեսական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերին:
Նշենք, որ Ադրբեջանի փորձագետների նախորդ այցը Հայաստան տեղի էր ունեցել 2025 թվականի հոկտեմբերին: Իսկ նույն տարվա նոյեմբերին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջան էին այցելել հայ «քաղհասարակության» ներկայացուցիչներն ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու իրենց հանդիպումները, քննարկումները, տպավորությունները:
Երկու այցերին էլ մենք մանրամասն անդրադարձել էինք, այդ թվում՝ այցելողներին ով լինելուն, մասնավորապես՝ ադրբեջանական պատվիրակության մեջ ընդգրկվածներին, որոնցից մի քանիսը նաև այս անգամ են այցելել մեր երկիր:
Եվ ինչպես այս թեմայով նախորդ հոդվածներում նշել ենք, Հայաստան այցելող ադրբեջանական պատվիրակության անդամները չեն ներկայացնում, ըստ էության, ադրբեջանական քաղհասարակությունը կամ առնվազն ամբողջությամբ չեն ներկայացնում, և նրանք առաջին հերթին ալիևյան ռեժիմի քարոզչամեքենայի վստահելի ներկայացուցիչներն են, որոնք, թերևս, անտարբեր են իրենց իսկ ընդդիմադիր լրագրողների, ակտիվիստների, փորձագետների դեմ բռնաճնշումների հարցում:

Գաղտնիք չէ, որ քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն ալիևյան ռեժիմի խոսափողներից է, նախորդ անգամ անդրադարձել ենք 1news.az-ի խմբագիր Քամալա Մամեդովայի հակահայ և հայատյաց հոդվածներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի դեմ հրապարակումներին։ Ավելին, նա շրջափակման ժամանակ կասկածի տակ էր դնում Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների հետ կապված խնդիրներն ու խանութների դատարկ լինելու փաստը և այլն: Այս անգամ ևս ընդգծված հակահայ փորձագետների պակաս չկա:
Եվ այսպես:
Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական պատվիրակության մեջ այս անգամ ընդգրկվել է CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան Սանան Ռզաևը: Ո՞վ է նա:
Այս անձնավորությունն ընդգծված հակահայ է, և իր հեղինակային հաղորդումների ժամանակ և վերլուծություններում հեգնանքով, ատելությամբ է խոսել հայերի, Հայաստանի մասին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության։ Նա պարբերաբար հայերին մեղադրել է ռևանշիզմի մեջ, ավելին՝ նա իր թիրախում միշտ պահել է ՀՀ զինված ուժերը, և երբ որևէ սպառազինության գնման մասին տեղեկություն է շրջանառվել նա իր հաղորդման ժամանակ փորձել է դրանում սպառնալիք տեսնել:
Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մշտապես հարցազրույց է տալիս Սանան Ռզաևին, և 2021 թվականին կազմակերպված հարցազրույցում Ռզաևն Ադրբեջանի պաշտպանության նախարարին մեծամասամբ ՀՀ զինված ուժերին վերաբերող հարցադրումներ էր արել, ընդ որում՝ խոսելով Սու-30-ների ձեռքբերման մասին, նա հեգնում էր՝ ասելով, թե այդպես էլ չտեսան 44-օրյա պատերազմում, թեև այն որոշակի մարտական խնդիր լուծել է: Ավելին, նա քննարկել էր 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմն օրերի ընթացքում կանգնեցնելու առաջարկը՝ փորձելով կասկածի տակ դնել գեներալի ստրատեգիական մտածողությունը, պատերազմի ելքը ճիշտ ժամանակին կանխատեսելու կարողությունները:
Հաջորդը, ում ցանկանում ենք անդրադառնալ TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էմին Ալիևն է (նա եղել է նաև Day.az-ի գլխավոր խմբագիրը։- Մ.Պ.): Նա 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին պարբերաբար փորձում էր ապացուցել, որ հայկական կողմը թիրախավորել է մարտական գործողությունների վայրից հեռու գտնվող ադրբեջանական խաղաղ բնակավայրերը, այսինքն՝ այն, ինչ փորձում էր ապացուցել Բաքվի «դատավարության» ժամանակ ալիևյան ռեժիմը՝ մեղադրական սլաքներ ուղղելով Հայաստանի զինված ուժերին և պատերազմի ժամանակահատվածում պաշտոմավարած ՀՀ ռազմական ղեկավարությանը:
Այս օրերին Երևանում է լինելու նաև Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի խորհրդատու Այթեն Գահրամանը:
Նա տարբեր առիթներով ՀՀ նախկին նախագահներին մեղադրել է «Խոջալուի ցեղասպանություն» իրականացնելու մեջ, ավելին՝ Հայաստանին մեղադրել է «էթնիկ զտումների» համար, ինչի պատճառով էլ Հայաստանն իբր մոնոէթնիկ պետություն է, թեև ՀՀ-ում ապրում են տարբեր ազգային փոքրամասնություններ, և նրանց նկատմամբ երբևէ ազգային խտրականություն չի դրսևորվել:
Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների ազգային խորհուրդը ներկայացնող Ռամիլ Իսկանդերլին եղել է նաև նախորդ պատվիրակության կազմում: Ինչո՞ւ ենք նրան հիշեցնում նորից: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից առաջ Ադրբեջանի հասարակական մի շարք կազմակերպություններ և քաղհասարակության ներկայացուցիչներ նրան նամակ էին հասցեագրել, որտեղ բարձրացվում էր «արևմտյան Ադրբեջանի» թեման և ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, և դա ներկայացվում էր մարդու իրավունքների համատեքստում: Եվ այս նամակի տակ ստորագրել է նաև Իսկանդերլին:
Գաղտնիք չէ, որ «արևմտյան Ադրբեջան» եզրույթը տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, սրա հետ կապված ռիսկերի մասին անգամ Արտաքին հետախուզական ծառայությունն է իր զեկույցում նշել, բայց արի ու տես ՀՀ-ում պատրաստ են այս վտանգավոր պահանջի տակ ստորագրողի հետ Երևանում տարածաշրջանում անվտանգային ճարտարապետություն քննարկել: Իսկ թե ինչ հարցեր են ադրբեջանական կողմից առաջ քաշվելու, կարելի է ենթադրել: Նույնքան կանխատեսելի է նաև, թե ինչպես են արձագանքելու հայկական պատվիրակության որոշ անդամներ՝ հաշվի առնելով նրանց ոգևորությունըԳյանջայում ծնված և ՀՀ իշխանություններին «Գյանջայի դեպքերը» հետաքննելու և մեղավորներին պատժելու պահանջ ներկայացրած Հիքմեթ Հաջիևի հետ Բաքվի հանդիպումից, և Ալիևին արդարացնելու փորձերը:








