Խմբակային հանցագործություն հունիսի 7-ին

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում բովանդակային իմաստով հաղթեց ոչ թե որևէ ուժ, այլ քաղաքական աղմուկը, ոչ թե աղմուկը, այլ ղալմաղալը:

Այո, անվանապես հաղթեցին ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանը, որովհետև նրանք են այդ ղալմաղալի ամենասանձարձակ կրողները՝ որպես անգերազանցելի պոպուլիստներ ու որևէ արգելակ չունեցողներ: Բայց երևութական իմաստով, հաղթեց հենց քաղաքականության փոխարեն հասարակությանը հրամցվող ղալմաղալը, հայհոյախոսությունը, ատելության խոսքը, սպառնալիքը…

Իրավիճակի ողջ նրբությունն այն է, սակայն, որ սա տեխնիկական հաղթանակ էր: Այն պարզ պատճառով, որ ոչ թե ղալմաղալը հաղթեց քաղաքական մտքին՝ վերջինիս թուլության, նվազ լինելու, այլ տոտալ բացակայության պատճառով: Ինչպես սպորտային հանդիպումներում թիմերից մեկի օգտին է հաղթանակ գրանցվում՝ մրցակցի չներկայանալու բերումով:

Ահա այդպես էլ Հայաստանն ապրում էր ու նախընտրական շրջափուլ մտավ առանց քաղաքական մտքի, որը պիտի բերեր նաև քաղաքական դեբատի չգոյությանը, իսկ դա էլ իր հերթին՝ բանավեճի, զրույցի ու ճշմարտության որոնման հնարավորության բացակայությանը: Առանց թվարկվածների՝ չկա, չի կարող գոյություն ունենալ ժողովրդավարություն, եթե անգամ բոլոր 1.5 միլիոն ընտրողներն իրենց քվեն հանձնեին մերկության աստիճանի թափանցիկ ընտրական պրոցեսում: 

Կարդացեք նաև

Հայկական ողբերգության հիմքը միայն գործող իշխանության վերարտադրությունը չէ: Իրականում այդ վերարտադրությունը հիմք էլ չէ, այլ հետևանք: Հայկական ողբերգության ու հայկականության գահավիժման հիմքը, հիմնարար պատճառը քաղաքական մտքի բացակայությունն է, քաղաքականության իմիտացիան՝ առանց քաղաքական մտքի, ինչն էլ հանգեցնում է ժողովրդավարության բեմականացմանը՝ ավտորիտարիզմի պայմաններում, պետության չգոյությանը՝ անկախության ու ինքնիշխանության մասին բարձր աղաղակների ներքո:
Քարոզչությունը սպանել է քաղաքական միտքը, որին պետք է ծառայեր: Սպանվել է կազմակերպված, խմբակային սպանության միջոցով, հունիսի 7-ին ընդամենն արձանագրվել է տարիներ շարունակ կլինիկական մահվան վիճակում գտնվող քաղաքական մտքի մահ: Սպանված քաղաքական մտքի փոխարեն՝ մնացել է միայն չոր ու կեղտոտ քարոզչությունը, որն էլ անխուսափելիորեն պետք է հանգեցներ քաղաքական ղալմաղալի ներքո պետության թաղմանը կամ հանձնմանն այլ կառավարիչների:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930