
Ալիևն Արցախի նախկին նախագահներին «օգտագործում է» ընդդեմ ՀՀ նախկին նախագահների. «Խոջալուի ցեղասպանության» թեման փակված չէ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է շրջանառության մեջ դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախագիծ՝ ի պատասխան Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և գործող իշխանությունների՝ դրան ենթարկվելու փաստին։
Թե ինչպիսին է լինելու Փաշինյանի իշխանության արձագանքը, կամ՝ ինչ ճակատագիր է սպասվում այս օրենսդրական նախաձեռնությանը, ավելորդ է ասել, թեպետ փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում նման օրենք ունենալու անհրաժեշտություն է առաջացել, ինքնին խոսուն է: Մյուս կողմից, ՀՀ քրեական օրենսգրքում Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն, արդարացնելուն, դրանք քարոզելուն կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելուն ուղղված հոդված կա: Իսկ սրան զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է «Խոջալուի ցեղասպանության» ճանաչմանը և դատապարտմանն ուղղված արտաքին քաղաքականությունը, և այս թեմայի համատեքստում՝ նաև ներքին քաղաքականությունը:
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» ժամանակ չի շրջանցվում «Խոջալուի դեպքերի» թեման:
168.am-ը գրել է, որ, մասնավորապես, ապրիլի 18-ին կայացած «դատական» նիստի ժամանակ թիրախում եղել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, և որպես «ապացույց»՝ ներկայացվել է 2000 թվականի դեկտեմբերին նրա՝ Թոմաս դե Վաալին տված հարցազրույցից մի հատված, որը տեղ էր գտել նաև Վաալի «Սև այգի» գրքում, և որն ադրբեջանական քարոզչության համար «համեղ պատառ» էր դարձել, քանի որ, ինչպես պարզվել էր՝ Խոջալուի մասին Սերժ Սարգսյանի խոսքերը Թոմաս դե Վաալը ենթատեքստից դուրս է մեջբերել, և այս մոտեցումը հետագայում չի վերանայել:
Եվ ապրիլի 21-ին «դատավարությունը» շարունակվել է այս տրամաբանության մեջ և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը տրված հիմնական հարցերը վերաբերել են «Խոջալուի ցեղասպանությանը»:
Ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանում վստահեցրել է, թե «1992 թվականի փետրվարին Խոջալուում տեղի ունեցածի մասին առաջին անգամ իմացել է պաշտոնական տեղեկատվությունից»:
«Մենք տեղեկացանք, որ Խոջալուից Ստեփանակերտ հարյուրավոր ադրբեջանցիներ են տեղափոխվել, և ավելի ուշ նրանք հանձնվել են հակառակ կողմին»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ղուկասյանը, և իբր դատապարտել «խաղաղ բնակչության սպանությունները», համարել անընդունելի և «պատերազմի ամենաարյունոտ էջերից մեկը»:
Բացի այս, ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հիշեցրել է, որ այդ դեպքերի ժամանակ Ղարաբաղի նախագահն Արթուր Մկրտչյանն էր, ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, և, որ ինքը դեմ է պատերազմներին, իսկ Արկադի Տեր-Թադևոսյանն էլ ռազմական գործողություններն էր ղեկավարում:
«Բայց եթե, ամեն դեպքում, պատերազմն անխուսափելի է, պետք է հետևել պատերազմի օրենքներին»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, շեշտել է Արկադի Ղուկասյանը:
Ադրբեջանի պետական քարոզչամեքենան Արցախի նախկին նախագահի խոսքերը դարձրել է դրոշակ, թե՝ «Արկադի Ղուկասյանը տվել է «Խոջալուի ցեղասպանության» կազմակերպիչների անունները՝ Սերժ Սարգսյան, Արկադի Տեր-Թադևոսյան», ինչը, իհարկե, ծիծաղելի է: Իսկ պատերազմի օրենքները հենց ինքը՝ Ադրբեջանը, երբեք չի հարգել, և դրա համար բավարար է 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը, 2022 թվականի սեպտեմբերյան մարտերը, դեռ չենք խոսում Մարաղայի ցեղասպանության մասին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ:
Արցախի նախկին նախագահներից Բակո Սահակյանին ևս հարցեր են տրվել Խոջալուի թեմայի շուրջ, ինչին ի պատասխան՝ նա ասել է, որ այդ իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետել, և դարձյալ դատապարտել է նմանօրինակ դեպքերը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բակո Սահակյանը, սակայն, նշել է, որ լսել է՝ «Խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի մասնակցության մասին այդ իրադարձություններին, և, որ Սեյրան Օհանյանը հենց այդտեղ է ծառայության եղել, ու ավելի ուշ դարձել է ՀՀ պաշտպանության նախարար»:
Ադրբեջանի քարոզչամեքենան գրում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարել է, թե՝ ««Խոջալուի դեպքերը» համարում է Առաջին Ղարաբաղյան պատերազմի ամենամեծ ողբերգությունը», և, որ Արցախում «Խոջալուի օպերացիայի» մասին որևէ քննարկում չի եղել։
«Օրինակ, Շուշիի գործողության մասին մի քանի գրքեր են գրվել։ Հետևաբար, մենք գիտենք, թե ովքեր են մասնակցել դրան և ինչպես է դա տեղի ունեցել։ Խոջալուի օպերացիայի մասին որևէ քննարկում չի եղել։ Այդ ժամանակ գլխավոր զորահրամանատարն Արկադի Տեր-Թադևոսյանն էր։ Հավանաբար, Խոջալուի ռազմական գործողություններն իրականացվել են նրա հանձնարարությամբ և նրա համաձայնությամբ»,- ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, ասել է Հարությունյանը։
Եվ ոչինչ, որ հայկական տեղեկատվական տիրույթում կարելի է բավարար տեղեկություն ստանալ Խոջալուի իրադարձությունների մասին, ավելին՝ ոչ հայերի կողմից իրականացված հետաքննությունները, այդ թվում՝ հիշատակվել է ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի (մահացել է 1992-ին) հետաքննությունը Խոջալուի դեպքերի հետ կապված:
Բայց այստեղ էականն այն չէ, թե որքանով է Ադրբեջանը Խոջալուի դեպքերի հետ կապված ճշգրիտ և իրական տեղեկություն տարածում, այլ այն, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում Հայաստանին «ցեղասպան», «ռազմական հանցագործ», «օկուպանտ» ճանաչելու և ներկայացնելու իր քաղաքականությունից, ավելին՝ անհրաժեշտության դեպքում նրանք չեն խուսափում հիշել նաև Ռուսաստանին:
Ի դեպ, փետրվարին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը պահանջել էր ռուսական կողմից «արդար գնահատական» տալ Խոջալուի իրադարձություններին:
Չանտեսենք փաստը, որ Ադրբեջանը որոշել է Խոջալուում՝ Իվանյան, կառուցել «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր, որտեղ հետագայում երկիր այցելած բարձրաստիճան հյուրերին են տանելու և նպաստելու ադրբեջանական թեզի տարածմանը: Իսկ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցն արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարց չի համարում, և հետո այս կամ այն առիթի դեպքում սկսում են նեղանալ ամբողջ աշխարհից, թե մեզ հետ անարդար են վարվում:
Հարկ է նկատել, որ վերը նշվածում իր հատուկ դերակատարումն ունի Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան: Իսկ Աննա Հակոբյանը Խորենացու «Ողբը» ձեռքին շարունակում է քարոզել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը պատմական փաստերի ուրացում է, և ոչ ավելին:
Ի դեպ, իրականում այն, ինչ Աննա Հակոբյանն անվանում է Խորենացու «Ողբը», կոչվում է՝ «Ողբ՝ Հայոց թագավորության Արշակունյաց ցեղից դադարելու և եպիսկոպոսապետության՝ Սուրբ Գրիգորի տոհմից»:
Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը» կշարունակվի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: