Հայաստանի հանրային պահանջը Վաշինգտոնին ու Վենսին․ գերիների ազատ արձակման պահանջը դարձավ գլխավոր թեմա

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։ Օրերս այս մասին հայտնեց Associated Press գործակալությունը։ Ժամեր առաջ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը գլխավորեց ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։

«Իտալիայից հետո Վենսը կուղևորվի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է զարգացնելու համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնելու երկու երկրների միջև չորս տասնամյակ տևած հակամարտությանը»,- գրել էր AP-ն:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի մասին տեղեկություններն ի հայտ եկան հայաստանյան փորձագիտական հանրության շրջանում։ Ապա այցի մասին հունվարի վերջին հայտնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները, և ավելին»,- Truth Social-ում գրել էր ԱՄՆ նախագահը:

Կարդացեք նաև

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան տեղի կունենա փետրվարի 9-ին: Սակայն ուշագրավն այն է, որ այցի բուն օրակարգի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Վենսի այցին ընդառաջ ուշագրավ ոչ պաշտոնական օրակարգ-պահանջ է ձևավորվել։ Միտքն առաջինը հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հունվարի վերջին նա գրել էր, որ պետք է մաքսիմալ լարել հայկական ներուժը և հարց բարձրացնել այդ այցի ընթացքում Բաքվում պահվող մեր ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման մասին։ «ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին ամիսներ առաջ հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը։ Նույն սցենարը հնարավոր է՝ ինչպես Ալիևի, այնպես էլ՝ Փաշինյանի դեպքում։

Ադրբեջանում՝ քրիստոնյա հայերի, իսկ Հայաստանում՝ առնվազն հոգևոր սպասավորների իրավունքների պաշտպանությունը տեղավորվում է թե Վենսի անձնական, թե Թրամփի վարչակազմի աշխարհայացքի մեջ։ Մնում է մենք՝ Հայաստանում և Սփյուռքում, նպատակային աշխատենք այս ուղղությամբ։ Վստահ եմ՝ կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով»,- գրել էր Աշոտյանը։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն օրերս ուղերձ հղեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին։ Ուղերձում մասնավորապես ասված էր, որ Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Վենսին գուցե շատ բան պատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրների մասին, որոնք հուզում են մեր հասարակությանն իրապես։ Թաթոյանն իր ուղերձում շեշտել էր խնդիրների 3 ուղղություն․

«Մեծ հարգանքով Ձեր նկատմամբ՝ ուզում եմ հիշեցնել՝

  • Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների և պատանդների, նրանց խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ «հանցանքը» նրանց հավատն ու ազգային ծագումն է։
  • Ադրբեջանը 2021 թվականից նաև օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառ․ կմ տարածք, որի պատճառով մեր սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, իսկ անվտանգությունը՝ խաթարված։
  • Մեր թիմն ունի նաև ապացույցներ՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, որի հետևանքով ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվեց 120,000 մարդ»։

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից առաջ Արամ Ա կաթողիկոսը ևս պաշտոնական գրությամբ դիմել է նրան՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը և խնդրելով ԱՄՆ միջնորդությունը։ Նամակում Արամ Ա–ն հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակ սահմանում է ռազմագերիների ազատ արձակման պարտավորությունը, ինչպես նաև ընդգծել է հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանության կարևորությունը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս բաց նամակով դիմել է ԱՄՆ փոխանախագահին, ներառելով երեք պահանջ․

«1. Հստակ փոխանցել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Հայ Առաքելական Եկեղեցու շարունակական հալածանքները,

2. Կոչ անել երկու առաջնորդներին` ազատ արձակել իրենց քաղաքական բանտարկյալներին, հատկապես Բաքվում որպես պատանդ պահվող 20 հայերին և Հայաստանում ազատազրկված չորս հոգևորականներին ու Եկեղեցու աջակիցներին,

3. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում որպես երկխոսության կողմ ներառել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) զանգվածային արշավ է իրականացնում, օրերս հայտարարվեց, որ հանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա։ Մասնավորապես ամերիկահայությանն առաջարկվել է Վենսի գրասենյակ ուղարկել նամակ, որում մասնավորապես ասված է․

«Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝

  • Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել վերջերս ազատ արձակված հայ գերիներին, նրանց իրավական ներկայացուցիչներին և դեռևս կալանքի տակ գտնվողների ընտանիքներին։
  • Հանդիպել Հայաստանում տեղահանված արցախահայության ներկայացուցիչների հետ և հրապարակայնորեն աջակցել արցախահայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքին։
  • Կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահ դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։
  • Կոչ անել Ադրբեջանին դադարեցնել Արցախի հազարամյակների հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության և քաղաքացիական սեփականության պղծումն ու ոչնչացումը։

Ձեր ձայնը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ»։ Ակնկալվում է, որ այս համակարգով փոխնախագահ Վենսի գրասենյակը կարող է ամերիկահայերի մի քանի տասնյակ հազար նամակներ ստանել։

20 իրավապաշտպան կազմակերպություն ևս դիմել է ԱՄՆ փոխնախագահին, համոզմունք հայդնելով, որ մարդասիրական հարցերի լուծումն առանցքային է երկու երկրների միջև վստահություն կառուցելու համար, առանց նման վստահության անհնար է հասնել տևական խաղաղության: «Ուստի մեր խնդրանքն ու կոչն է Ձեզ ու ԱՄՆ վարչակազմին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան միանալ իրենց ընտանիքներին: Մենք հավատացած ենք, որ դուք իսկապես կարող եք լուծել այս մարդասիրական խնդիրը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին»,-ասված էր տարածված հայտարարության եզրափակիչ հատվածում։ Վենսին է դիմել նաև Բաքվում բանտարկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ «Սա եզակի հնարավորություն է կրկին աշխարհին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահն իրենց խոսքի տերն են,- ասել է Վարդանյանը։

Ըստ նրա, փոխնախագահը, որը հրապարակայնորեն խոսել է քրիստոնյաների նկատմամբ համաշխարհային հալածանքների մասին, կարող է օգնել բանտարկյալների ազատ արձակմանը տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփման միջոցով։ «Սա փոքր ջանքով մեծ արդյունքի հասնելու հնարավորություն է։ Կարծում եմ, որ փոխնախագահի աջակցությամբ նրանց կարելի է վերադարձնել տուն»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

Տասից ավելի հայկական բարեգործական և մարդասիրական կազմակերպություններ ևս բաց նամակ են հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Հայաստան այցի նախաշեմին կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանում պահվող հայերի ճակատագրին։ «Կայուն խաղաղությունն անհնար է առանց հետևողական մարդասիրական քայլերի։ Պահվող անձանց խնդրի առկայությունը հակամարտության չավարտվածության զգացում է ստեղծում և խաթարում հասարակական վստահությունն իրական և երկարաժամկետ խաղաղ կարգավորման հնարավորության նկատմամբ»,- ասվում է նամակում։

Փաստորեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ին նախատեսվող այցը Հայաստան տեղի է ունենում ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացման կամ տարածաշրջանային տնտեսական նոր նախաձեռնությունների համատեքստում, այլև ձևավորվող հասարակական-քաղաքական հստակ ակնկալիքների ֆոնին։

Այս գործընթացը յուրօրինակ նախադեպ է․ առաջին անգամ նման բարձր մակարդակի միջազգային այցի նախաշեմին Հայաստանի ներսում ձևավորվում է ոչ պաշտոնական, բայց բավական հստակ ձևակերպված հանրային օրակարգ։ Դա ցույց է տալիս, որ հայաստանյան հասարակությունը փորձում է արտաքին քաղաքական բարձր մակարդակի այցերը վերածել ոչ միայն խորհրդանշական, այլ նաև կոնկրետ արդյունքի ուղղված քաղաքական հնարավորության։

Վենսի այցը տեղի է ունենում այն փուլում, երբ ԱՄՆ-ը փորձում է ակտիվացնել իր դերակատարությունը Հարավային Կովկասում՝ հատկապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում և տնտեսական նախագծերում, ինչն անում է մասնավորապես ԹՐԻՓՓ նախագծով՝ ձգտելով ռազմավարական ազդեցության ընդլայնման։ Ավելորդ է նույնիսկ նշել, որ Վենսի այցը Երևան ու Բաքու դասական արարողակարգային չէ, այլ ունի կոնկրետ քաղաքական բովանդակություն։ Իսկ հայաստանյան քաղաքական, հոգևոր, հասարակական գործիչների բաց նամակները Վենսին ցույց են տալիս, որ հասարակությունը փորձում է ԱՄՆ քաղաքական ազդեցությունն օգտագործել հումանիտար հարցերի լուծման համար, մասնավորապես՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար

Սա ցույց է տալիս նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքական նոր մշակույթ է ձևավորվում, երբ հասարակությունը լայն մոբիլիզացիայի միջոցով փորձում է ձևավորել արտաքին քաղաքական օրակարգ, պահանջ, փորձելով ազդել, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների քաղաքականության վրա։

Սա սովորաբար պատահում է իրավիճակում, երբ կա անվստահություն պետական օրակարգի նկատմամբ, երբ հասարակությունը զգում է, որ պետությունը բավարար ակտիվ չէ մի շարք կարևոր ուղղություններով կամ չի կարողանում արդյունավետ աշխատել։ Նման պարագաներում հասարակական մոբիլիզացիան կարող է «լրացնել վակուումը»։

Վենսի այցը կարող է դառնալ ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության հերթական դրվագ, այլ նաև փորձաքար՝ ցույց տալու համար, թե որքան արդյունավետ կարող է լինել ԱՄՆ միջնորդությունը ոչ միայն ռազմավարական, այլ նաև հումանիտար հարցերում։ Իսկ հայաստանյան հանրության կողմից ձևավորված ոչ պաշտոնական օրակարգը փաստում է, որ իշխանության նկատմամբ անվստահությունը հասարակությանը մղում է մոբիլիզացիայի ոլորտներում, որոնք մինչ այս պատկերացնելը բարդ է կլիներ։

Տեսանյութեր

Լրահոս