Թուրք-ամերիկյան փորձագետները գծագրում են «նոր» Հարավային Կովկասի քարտեզը
Թուրք-արևմտյան մեծ փորձառություն ունեցող երկու հմուտ փորձագետներ «Կարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի» կայքում հանդես են գալիս «Հաջորդ քայլերը դեպի խաղաղություն Հայաստանում կայացած ընտրություններից հետո» խորագրով ծրագրային հոդվածով։ Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան և ՄԱԿ-ում ներկայացուցիչ Իսմայիլ Ալփեր Ջոշքունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին պատգամավոր Կարո Փայլանն առաջարկում են առանց հապաղելու «նոր թափ հաղորդել գործընթացին», ընդ որում՝ Անկարան, որը հուլիսի սկզբին հյուրընկալում է ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, «կարող է հարթակ դառնալ հաջորդ կարևոր դիվանագիտական հնարավորությունների պատուհանի համար»։
Հեղինակների կարծիքով՝ «Նիկոլ Փաշինյանը հաղթանակ է տարել քվեարկության արդյունքում, որը կարող է որոշել Հարավային Կովկասի ապագան», և «նրա հաղթանակը պահպանում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Հայաստանի աստիճանական ինտեգրման հեռանկարը ավելի լայն տարածաշրջանային և արևմտյան տնտեսական ցանցերում»:
Միևնույն ժամանակ, քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել բավարար ձայներ՝ առաջ մղելու Ադրբեջանի կողմից պահանջվող սահմանադրական փոփոխությունները, ինչը պահանջում է Ադրբեջանը՝ մինչև Բաքվի և Երևանի միջև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վերջնական կնքումը։ Սակայն դա «չպետք է որևէ կողմի համար գործընթացի ձգձգման պատճառ դառնա»,- գրում են Ջոշքունը և Փայլանը: -Ընդհակառակը, ավելի սահմանափակ մանդատը ավելի է կարևորում Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությամբ աշխարհի տեսանելի դիվիդենտների ստեղծումը: Եթե խաղաղ գործընթացը կանգ առնի, կուժեղանան այն տապալելու մեջ շահագրգռված ուժերը, իսկ հայ հասարակությունն ավելի հաճախ կընկալի կարգավորումը՝ որպես միակողմանի զիջում։ Իսկ եթե խաղաղությունը կոնկրետ առավելություններ բերի՝ բաց սահմաններ, առևտուր, ներդրումներ, էներգետիկ կապեր և նոր տնտեսական հնարավորություններ, դա կօգնի ներքին աջակցություն ձևավորել ցանկացած երկարաժամկետ կարգավորման համար»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է հուլիսի 5-7-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը որպես հարմար պահ օգտագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քառակողմ հանդիպում կազմակերպելու համար, որի նպատակը «պետք է լինի խաղաղ գործընթացի լճացումը կանխելը և դրա հետագա առաջխաղացման համար քաղաքական և տնտեսական բազայի ստեղծման համատեղ պարտավորությունների մշակումը»: Նկատենք՝ նման հանդիպումներ դեռ չեն եղել, և ամենևին էլ փաստ չէ, որ մնացած առաջիկա շաբաթների ընթացքում այն կհաջողվի պատշաճ կերպով նախապատրաստել։
«Առաջին քայլը կարող է լինել թուրք-հայկական սահմանի բացումը, Ադրբեջանի աջակցությամբ և ըմբռնումով, երրորդ երկրների քաղաքացիների ուղղակի առևտրի և տեղաշարժի համար։ Անհրաժեշտ է մեկնարկ տալ առևտրին և մարդկանց ազատ տեղաշարժին։ Տարածաշրջանի բնակիչները, առաջին հերթին՝ հայերը, պետք է տեսնեն, որ նորմալացումն իրական օգուտներ է բերում։ Ադրբեջանը կարող է ցույց տալ, որ ռազմական հաղթանակն ի զորու է առաջնորդության հիմք դառնալ խաղաղ գործընթացում։ Թուրքիան, իր հերթին, կկարողանա ցույց տալ, որ իր աջակցությունը տարածաշրջանային փոխկապակցվածությանը ներառում է նաև Հայաստանը, իսկ Ադրբեջանի հետ հատուկ հարաբերություններն օգտագործվում են ի շահ ընդհանուր բարօրության»,- շարունակում են հոդվածագիրները՝ դրանով իսկ առաջարկելով Բաքվի վերոհիշյալ պահանջի մեղմ վերանայումը, որը կոշտ կերպով կապում է Հայաստանի սահմանադրական հանրաքվեն՝ որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման: Ըստ երևույթին, ենթադրվում է, որ Թրամփը պետք է համապատասխան ազդեցություն ունենա Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի վրա, ինչը հեռու է ակնհայտ լինելուց։
«Հարավային Կովկասն ավելի քան երբևէ մոտ է պատերազմը, մասնատումը և պատմական անվստահությունը փոխարինելու փոխկապակցվածության, փոխկախվածությամբ և համատեղ տնտեսական շահով։ Այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել։ Տարածաշրջանին հարկավոր չէ ևս մեկ սառեցված դիվանագիտական գործընթաց։ Նրան խաղաղության տնտեսություն է պետք»,- գրում են Ջոշքունն ու Փայլանը՝ հետագայում քննարկելով «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) առանցքային դերը։ Նեղ աշխարհագրական իմաստով խոսքը Հայաստանի Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային միջանցքի մասին է, որը Ադրբեջանի հիմնական տարածքը կմիացնի Նախիջևանին և Թուրքիային։
Ռազմավարական առումով այս երթուղին կարող է դառնալ Կասպյան տարածաշրջանի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային, էներգետիկ, թվային և առևտրային կապերի ավելի լայն ցանցի մաս: «Ճիշտ իրականացման դեպքում TRIPP-ը չպետք է վերածվի միջանցքի, որը մի կողմին ձեռնտու է մյուսի հաշվին։ Այն կարող է դառնալ նոր Համակովկասյան տնտեսական համաձայնագրի սկիզբը, որը հիմնված է ինքնիշխանության, փոխադարձության և ընդհանուր շահի սկզբունքների վրա… Թուրք-հայկական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների առևտրի և տեղաշարժի համար չի լինի զիջում Հայաստանին։ Դա ներդրում կլինի տարածաշրջանային կայունության, միջին միջանցքի զարգացման և հենց Թուրքիայի ռազմավարական ազդեցության ամրապնդման գործում։ Բացի այդ, դա թույլ կտա Ադրբեջանին աջակցել խաղաղ գործընթացն ամրապնդող քայլին՝ առանց հրաժարվելու իր առանցքային բանակցային դիրքերից, – գրում են Կարնեգի հիմնադրամի Եվրոպական ծրագրի աշխատակիցները՝ կոչ անելով մտածել պայծառ ապագայի մասին: -Հարավային Կովկասը գտնվում է Սև ծովից մինչև Կենտրոնական Ասիա և Մերձավոր Արևելք ձգվող աշխարհաքաղաքական տարածքի կենտրոնում։ Այն պայմաններում, երբ պատերազմները, պատժամիջոցները և ճգնաժամերը ցույց են տվել մատակարարման համաշխարհային շղթաների խոցելիությունը, տարածաշրջանի աշխարհագրական դիրքը կարող է առավելություն լինել, այլ ոչ թե խնդիրների աղբյուր:
Խաղաղ և փոխկապակցված Հարավային Կովկասը կարող է ամրապնդել միջին միջանցքը, բարձրացնել Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի կայունությունը, ստեղծել առևտրի, էներգետիկայի և թվային հաղորդակցության նոր ուղիներ, ինչպես նաև ԱՄՆ-ին և Եվրոպային ապահովել ավելի կայուն ելք դեպի Կենտրոնական Ասիա:
Ադրբեջանի համար սա հնարավորություն է ռազմական հաղթանակը վերածել քաղաքական հաջողության և ամրապնդել Իլհամ Ալիևի ժառանգությունը։ Բաքուն կարող է մասնակցել տարածաշրջանային նոր կարգի ձևավորմանը, որտեղ երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունը և տնտեսական շահերը կամրապնդվեն խաղաղության, այլ ոչ թե մշտական առճակատման միջոցով»:
Փաշինյանի «Չորրորդ հանրապետության» համար «անհրաժեշտ են բաց սահմաններ, ներդրումներ, առևտուր, ենթակառուցվածքային զարգացում և բնակչության կենսամակարդակի բարձրացում։ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նույնպես բխում է նրա երկարաժամկետ շահերից։ Այն թույլ կտա ամրապնդել Թուրքիայի դերը՝ որպես տարածաշրջանային կապող կենտրոն, աջակցել Կենտրոնական Ասիա միջնաժամկետ միջանցքի զարգացմանը, ընդլայնել Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասում և դրական օրակարգ ձևավորել Վաշինգտոնի և Բրյուսելի հետ հարաբերություններում»։
Ընդունելով, որ «փոխկապակցվածությունը չպետք է սահմանափակվի ճանապարհներով», հեղինակները համարձակ միտք են հայտնում այն մասին, որ Հարավային Կովկասում եվրոպական ածխի և պողպատի համաձայնագրի «անալոգը կարող են խաղալ էներգետիկան և թվային տնտեսությունը. Ադրբեջանը լուրջ էներգետիկ ռեսուրսներ ունի և ձգտում է դառնալ արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների տարածաշրջանային կենտրոն: Թուրքիան ունի հզոր արդյունաբերական բազա և մուտք դեպի եվրոպական շուկաներ։
Ընդհանուր առմամբ, այս առավելությունները կարող են ապահովել տարածաշրջանային նոր սերնդի նախագծերի իրականացումը՝ տվյալների կենտրոններ, թվային միջանցքներ Կասպից ծովով, էներգետիկ և լոգիստիկ ցանցեր, ինչպես նաև արտադրական շղթաներ, որոնք կապում են Կենտրոնական Ասիան և Եվրոպան ավելի կայուն Հարավային Կովկասի միջոցով»: Հայաստանում արհեստական բանականության և տվյալների մշակման կենտրոնների ոլորտում վերջին ներդրումային ծրագրերը, ներառյալ՝ NVIDIA ընկերության մասնակցությամբ նախաձեռնությունները, վկայում են տարածաշրջանի պետությունների՝ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին ներգրավելու ունակության մասին:
Հեղինակների կարծիքով՝ «խաղաղությունն իսկապես կայուն կդառնա միայն այն ժամանակ, երբ նրան կաջակցեն ոչ միայն քաղաքական գործիչներն ու դիվանագետները, այլև ձեռնարկատերերը, ներդրողները, աշխատողները, տեղական համայնքները և հասարակ քաղաքացիները, որոնք շահագրգռված են բաց սահմանների պահպանմամբ և փոխշահավետ համագործակցությամբ»: Հարավային Կովկասը չպետք է վերածվի համաշխարհային տերությունների մրցակցության թատերաբեմի՝ կարիք ունենալով առևտրի, փոխկապակցվածության և զարգացման վրա հիմնված փոխգործակցության բաց և ներառական համակարգի:
Վերջում հեղինակները նշում են, որ հայերը, ադրբեջանցիներն ու թուրքերն արժանի են ապագայի՝ առանց հակամարտությունների, փոխադարձ թշնամանքի և մշտական մրցակցության: Չնայած բարդ պատմական ժառանգությանը, նրանք տեսնում են կովկասյան պետությունների՝ համակեցության, փոխանակման, առևտրի և խաղաղ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների նոր մոդելի անցնելու հնարավորությունը։
Ջոշքունի և Փայլանի պաթոսը հասկանալի է, այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով են իրատեսական նրանց հնչեցրած առաջարկները։ Նույնիսկ, եթե չորս երկրների առաջնորդները հավաքվեն Անկարայում, ամենևին էլ փաստ չէ, որ նրանց հանդիպումը գործնական արդյունքների կհանգեցնի. բավական է հիշել Դոնալդ Թրամփի անվան տխրահռչակ «Խաղաղության խորհրդի» մասին, որն այժմ մեծ մասամբ մոռացվել է։ Կարնեգի հիմնադրամի փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և շահագրգիռ միջազգային ֆինանսական ինստիտուտների մասնակցությամբ ինչ-որ «մշտական համակարգող մեխանիզմ կարող է օգնել հետևել առաջընթացին, բացահայտել նեղ տեղերը, ներդրումներ ներգրավել և թույլ չտալ շեղումներ խաղաղ օրակարգից», լինելով «գործնական, նպատակաուղղված և ուղղված նախագծերի իրականացմանը, որոնք կարող են շոշափելի օգուտ բերել՝ մաքսային ծառայության արդիականացում, սահմանային ենթակառուցվածքների զարգացում, տրանսպորտային կապեր, էներգետիկ համագործակցություն, թվային ներդրումներ և աջակցություն ՓՄՁ-ներին, որոնք կարող են օգտվել նոր առևտրային ուղիներից»:
Այս գաղափարը, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում ռուսական դիվանագիտության առաջ քաշած «երեք գումարած երեք» ձևաչափին՝ բացառելով Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանային փոխգործակցության ձևաչափերից։ Պակաս ակնհայտ չէ Հայաստանի ստորադասական դիրքը Ջոշքունի և Փայլանի առաջարկած աշխարհաքաղաքական կառուցվածքում։ Հունիսի 14-ին Դիլիջանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև «խաղաղության օրակարգի» հարցերը, կարևորել երկկողմ երկխոսության շարունակումը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության խթանման շրջանակներում: Զրուցակիցները հաստատել են աշխատանքային շփումները պահպանելու մտադրությունը և համաձայնեցրել հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում:
Ալեքսանդր Գրիգորև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

