Պատերազմի հետաձգո՞ւմ, թե՞ իրական խաղաղություն. կհաջողվի՞ Ուիթքոֆ-Արաղչի հանդիպմանը կանխել Մերձավոր Արևելքի պայթյունը

Վերջին շաբաթներին միջազգային համակարգը մտել է աշխարհաքաղաքական ակտիվ փուլ, որտեղ միաժամանակ բացվել են մի քանի բանակցային ճակատներ։ ՌԴ-Ուկրաինա-ԱՄՆ բանակցային վերջին փուլը տեղի ունեցավ հունվարի 23-24-ն ԱՄԷ մայրաքաղաքում։

Հաջորդը ևս կկայանա ԱՄԷ մայրաքաղաք Աբու-Դաբիում փետրվարի 4-5-ին, որտեղ արդեն իսկ հանդիպել ու բանակցություններ են վարել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Այս ֆոնին աշխարհը տագնապով հետևում է Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես, Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Տևական դիրքավորումից ու սպառնալիքներից հետո նախապատրաստվում են ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ Ուիթքոֆ-Արաղչի ձևաչափով:

Նախնական տեղեկատվության համաձայն, բանագնացները պետք է հանդիպեին Թուրքիայում, սակայն, ըստ արևմտյան մամուլի, իրանական կողմի խնդրանքով հանդիպման վայրը տեղափոխվել է Օման, որտեղ կողմերը փորձել էին բանակցել նաև ամիսներ առաջ՝ 12-օրյա պատերազմին ընդառաջ: Ըստ ամերիկյան Axios-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ ուրբաթ օրն Օմանում: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու վերաբերյալ: Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը պահանջել է, որ այս շաբաթ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի ունենան Օմանում, այլ ոչ թե Թուրքիայում, և, որ միայն միջուկային հարցերի շուրջ երկկողմանի բանակցություններ լինեն, մինչդեռ ԱՄՆ-ը ցանկանում է ներառել այլ թեմաներ, ինչպիսիք են բալիստիկ հրթիռները և Իրանի պրոքսիների գործունեությունը տարածաշրջանում։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպման վայրն ու օրակարգը փոխելու Թեհրանի որոշումը տեղի է ունենում ԱՄՆ սպառնալիքների ֆոնին, որ Իրանը պետք է բանակցությունների նստի միջուկային ծրագրի շուրջ։ Տարածաշրջանի երկրներն էլ, մտավախություն ունենալով, որ լարվածությունը կարող է ավելի լայն պատերազմի վերածվել, կոչ են անում խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծել և ջանքեր են գործադրում, որպեսզի կողմերը բանակցեն:

Այս ամենի ֆոնին երեկ անհասկանալի ու տագնապալի լուր հայտնվեց արևմտյան մամուլում: Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որը մոտեցել էր «Աբրահամ Լինքոլն» ավիակրին: Հրապարակումների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դիվանագետները փորձում էին միջուկային բանակցություններ կազմակերպել Իրանի և Միացյալ Նահանգների միջև, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ, եթե հնարավոր չլինի գործարք կնքել, ապա «վատ բաներ կարող են տեղի ունենալ»։ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքն «անհասկանալի մտադրությամբ» թռչում էր ավիակրի ուղղությամբ և խոցվել է ամերիկյան F-35 կործանիչի կողմից։

Կարդացեք նաև

Աշխարհը փաստացի գտնվում է բազմաբևեռ բանակցային փուլում, որտեղ մեկ բանակցային սեղանի շուրջ կայացված որոշումները կարող են շղթայական ազդեցություն ունենալ գլոբալ կայունության վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ով Իրանին ըստ էության սպառնում է և առաջարկում բանակցային սեղանի շուրջ ընդունել ամերիկյան պայմանները, կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված գործերը շատ լավ են ընթանում։ «Ես առաջին անգամ եմ այդ մասին ասում։ Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ակնկալել»,- ասել է Թրամփը: Միևնույն ժամանակ նա կրկին նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը բարդ է։ Սակայն Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ բանակցությունները բացառիկ կարևոր նշանակություն են ունեցել ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծման համար։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նշեց, որ ԱՄՆ-Իրան սպասվող բանակցությունները տեղի են ունենում բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, երբ Վաշինգտոնը միաժամանակ ներգրավված է Ուկրաինայի պատերազմի կարգավորման փորձերում, Մերձավոր Արևելքում ուժերի վերաբաշխման գործընթացում և Չինաստանի հետ ռազմավարական մրցակցության խորացման մեջ։ Ուստի, նրա խոսքով, Իրանի հարցը ներկայումս դիտարկվում է ոչ թե՝ որպես առանձին խնդիր, այլ՝ որպես բազմաշերտ բանակցային փաթեթի կարևոր բաղադրիչ։

«Կարծում եմ՝ Վաշինգտոնի նպատակն Իրանի միջուկային ծրագրի վերահսկումն է, լավագույն դեպքում՝ այն, որ Իրանը դրանից հրաժարվի առանց լայնամասշտաբ ռազմական սցենարի։ Լավագույն սցենարն այն է, որ ԱՄՆ-ը փորձի հասնել սահմանափակ համաձայնության, Իրանը կարող է զսպել ուրանի հարստացման մակարդակը, իսկ փոխարենը կստանա որոշակի ֆինանսական կամ նավթային մեղմացումներ՝ առանց բոլոր պատժամիջոցների վերացման: Իսկ վատագույն սցենարը ռազմական սրացումն է: Թեհրանի համար ներկայումս սա ամենաառանցքային ուղղությունն է, որտեղ նա ձգտում է ամրագրել իր դերը՝ որպես տարածաշրջանային անփոխարինելի խաղացող՝ օգտագործելով իր ազդեցությունն Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և Եմենում։ Իրանն այսօր գտնվում է երկակի դիրքում․ մի կողմից՝ տնտեսական ճնշումը և պատժամիջոցները, սպառնալիքները ստիպում են գնալ բանակցությունների, մյուս կողմից՝ միջուկային առաջընթացը դարձել է նաև լծակ։ ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումն անխուսափելիորեն կհանգեցնի լարվածության սրման Մերձավոր Արևելքում։ Այդ դեպքում կմեծանա Իսրայելի կողմից հարվածների հավանականությունը, ինչպես նաև Իրանի վերահսկողության տակ գտնվող ուժերի ակտիվացումը տարածաշրջանում»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։

Ըստ նրա՝ դա կնշանակի լայնածավալ սրացում, և այդ սցենարից Վաշինգտոնում խուսափում են:

Նրա խոսքով, թեև որոշակի համաձայնությունը կարող է ժամանակավորապես նվազեցնել ռազմական էսկալացիայի ռիսկը, սակայն չի լուծի հակամարտության խորքային պատճառները։

«ԱՄՆ-Իրան բանակցությունները, անկախ արդյունքից, ցույց են տալիս, որ աշխարհը մտել է երկարատև լարվածության փուլ, որտեղ դիվանագիտությունը հաճախ ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ պատերազմի հետաձգմանը»,- նշեց Սիմոնովը:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցով բանակցություններին, ապա նա գտնում է, որ իրավիճակը բարդ է՝ պայմանավորվելու հնարավորություն կա, սակայն դրա հավանականությունն ըստ ամենայնի ցածր է:

«Այս բանակցային գործընթացի ակտիվացումն առավելապես նպատակ ունի կառավարել պատերազմը, ոչ թե կանգնեցնել այն, քանի որ կանգնեցնելու համար հարկավոր են զիջումներ: Այս փուլում բանակցությունները դիտարկվում են՝ որպես պատերազմի ինտենսիվության նվազեցման գործիք, ես այդպես եմ տեսնում, գուցե սխալվում եմ։ ԱՄն-ը ևս ցանկանում է հաջողություն գրանցել՝ որպես միջնորդ, սակայն ինչպես գիտենք, գործընթացում էական ազդեցություն ունի Եվրոպան»,- նկատեց նա:

Անդրադառնալով զարգացումներին Հարավային Կովկասում՝ նա նշեց, որ այդ ռեգիոնն արդեն աշխարհաքաղաքական վերադասավորումների փուլում է: «Գործընթացը շարունակվում է, և այո, շատ բան նաև Հարավային Կովկասում կախված է այն բանակցություններից, որոնք ծավալվում են այլ ճակատներում»,- նկատեց Սիմոնովը:

Տեսանյութեր

Լրահոս