Հունգարիայի վարչապետը խոստացել է օրենսդրական պայքար սկսել երկրի նախագահին պաշտոնից հեռացնելու համար
Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հունիսի 1-ին՝ նախագահ Տամաշ Սուլյոկի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ եթե նախագահը հրաժարական չտա, կառավարությունը դատական գործընթաց կսկսի նրան պաշտոնից ազատելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մագյարի կենտրոնամետ «Տիշա» կուսակցությունը ապրիլին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ երկար տարիներ պաշտոնավարած վարչապետ Վիկտոր Օրբանի նկատմամբ և խոստացավ պաշտոնանկ անել որոշ գործիչների, որոնք Օրբանը նշանակել էր վերջին 16 տարիների ընթացքում։
Մագյարը կոչ է արել Սուլյոկին, որը նախագահի պաշտոնաում ընտրվել էր 2024 թվականի սկզբին Օրբանի «Ֆիդես» կուսակցության օրենսդիրների կողմից, հրաժարական տալ՝ մեղադրելով նրան ազգային միասնությունը կարևոր հարցերում չներկայացնելու և Օրբանի ու նրա կառավարության շահերը սպասարկելու մեջ։ Սուլյոկը, սակայն, հրաժարվում է թողնել պաշտոնը։
«Ես ասել եմ նախագահին, որ եթե նա պահպանի իր դիրքորոշումը և հրաժարական չտա, ես այսօր կտեղեկացնեմ մեր կուսակցության օրենսդիրներին մեր օրենսդրական առաջարկների մասին, և մենք անմիջապես կսկսենք անհրաժեշտ ընթացակարգերը», – ասել է Մագյարը։ Նրա գնահատմամբ՝ օրենսդրական գործընթացը կտևի մոտ մեկ ամիս և կհանգեցնի «բոլոր խամաճիկների հեռացմանը», որոնք մասնակցել են «օրենքի գերակայության և ժողովրդավարության քանդմանը»։
Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը մեղադրել է Մագյարին «անօրինական վերջնագիր» ներկայացնելու մեջ և նշել, որ Սուլյոկը կատարում է իր օրինական լիազորությունները, որոնք ուժի մեջ են մինչև 2029 թվականը։
Սուլյոկը նախկինում զբաղեցրել է Հունգարիայի բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը։
Հունգարիայում նախագահական պաշտոնը հիմնականում արարողակարգային է, բայց Սուլյոկը կարող է օրենքները հետ ուղարկել խորհրդարան՝ վերանայման կամ ուղարկել Սահմանադրական դատարան, ինչը հնարավոր է դանդաղեցնի կամ խոչընդոտի Մագյարի բարեփոխումների օրակարգը։
Մագյարը հայտարարել է, որ կօգտագործի իր կուսակցության երկու երրորդի խորհրդարանական մեծամասնությունը՝ սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտերը փոփոխելու և Սուլյոկին պաշտոնից հեռացնելու համար։
Հունգարիայի նախագահ Տամաշ Սուլյոկն արդեն դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝խնդրելով իրավական գնահատական տալ ստեղծված իրադրության վերաբերյալ:



