Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին էական ու բազմազան է եղել. Դավիթ Տոնոյան
Սամվել Կարապետյանի աջակցությունը զինված ուժերին էական և բազմակողմանի է եղել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նշենք, որ մայիսի 7-ին «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե չկա աշխարհում մի հայ, որն ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար, քան ինքը։ Նա հավելել էր, թե այդ հարցի պատասխանը տվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իր նկատմաբ միջազգային հետախուզում հայտարարելով։
«Եղել է մինչև 2018թ․, եղել է 2018թ․-ից մինչև ռազմական գործողություններ, և հուսով եմ՝ հիմա էլ կա։ Բազմակողմանի և էական է եղել, և կարծում եմ՝ բոլորդ հասկանում եք` իր կարողությունների շրջանակում կարելի է գնահատել բավականին օգտակար»,- ասաց Տոնոյանը։
Թե ինչ աջակցության մասին է խոսքը, Տոնոյանը չցանկացավ մանրամասնել, քանի որ, ըստ նախկին նախարարի, դա բավականին զգայուն տեղեկատվություն է, որը կա՛մ պետական, կա՛մ ծառայողական գաղտնիք է պարունակում։
Նա հավելեց՝ գնահատանքի է արժանի ցանկացած բարեգործություն և աջակցություն զինված ուժերին, որոնք իրականացվել են, մասնավորապես, 44-օրյայի ժամանակ՝ կազմակերպությունների և անհատների կողմից։ Ընդգծեց՝ դա հավաքական մի ներուժ էր, որը ՀՀ պաշտպանության նախարարության ու զինված ուժերի համար օգտակար է եղել։
Փաշինյանը ճիշտ է ասում. Սամվել Կարապետյանն արձագանքել է սպառնալիքներին
Դավիթ Տոնոյանը նշեց, որ պատերազմի ժամանակ, ըստ տարբեր հաշվարկների, բանակն օրական 3-30 միլիոն դոլար ծախս է ունեցել։ Սամվել Կարապետյանի, այլ անհատների և կազմակերպությունների նվիրատվություններն ուղղվել են բանակի տարբեր կարիքների։ Տոնոյանը հավելեց՝ որոշ բանակցություններ Սամվել Կարապետյանի հետ անձամբ է վարել։



