Ո՞նց է բանակն ավերակների վրա եղել, համաձայն չեմ այդ գնահատականի հետ. Դավիթ Տոնոյան

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի թիրախում պահում է բանակը, այդ թվում՝ նախկինների: Եվ նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ նա հայտարարել է.

«Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ կառուցել, այն, ինչ ստացել էինք՝ եղել է բանակի ավերակ»:

Այսօր «անպիտան հրթիռների» գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից լրագրողները փորձել ենք պարզել՝ արդյո՞ք ավերակների վրա նոր բանակ է կառուցվել, ինչին նա արձագանքեց.

«Ավերակների՞, ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, ես եմ ղեկավարել զինված ուժերի այդ համակարգը, ո՞նց է ավերակների վրա եղել։ Բա այսօրվա զինծառայողները, որոնք գեներալական պաշտոններ են ստացել, կրթվել են և վերապատրաստվել են իմ պաշտոնավարման ժամանակ, այդ մարդկանց ո՞նց կարող եմ որպես ավերակ գնահատեմ: Բա այն երիտասարդները, որոնք որ իրենց կյանքը նվիրել են, այդքան քաջություն են ունեցել ու մահվան դեմ են կանգնել, ո՞նց կարող եմ իրենց ավերակի գնահատական տամ»:

Կարդացեք նաև

Այս համատեքստում Դավիթ Տոնոյանը նկատեց, որ, առհասարակ, քարոզարշավի խոսույթն անցնում է բոլոր կարմիր գծերը՝ և՛ բարոյական, և՛ պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերում, և հորդորել է լրագրողներին իրեն չմտցնել այդ բառապաշարի մեջ:

Ինչ վերաբերում է մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին և դրա ժամանակ ներկայացված սպառազինությանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ ինքն ուրախ է ցանկացած նոր ձեռքբերման համար: Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բացի նոր ձեռքբերումներից, զորահանդեսին եղել է սպառազինություն, որը ձեռք է բերվել իր պաշտոնավարման ժամանակ և ներկրվել է բավականին մեծ դժվարություններով, շատ բաներ էլ ներկայացված չէին:

«Բայց գնահատական տալ, թե ինչքան է պատրաստված այդ սպառազինությունը կիրառման համար, չեմ կարող ասել, որովհետև ինձ համար նոր տիպի սպառազինություն է: Ուրախացնում է անօդաչու թռչող սարքերի բազմազանությունը, և այստեղ ևս գնահատական հնարավոր կլինի տալ, երբ դրանք կիրառելիության մեջ տեսնենք»,- շարունակեց նա:

Հակադարձմանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ասել է, որ զորահանդեսին ցուցադրված զենքերի մեջ անհամապասխանություններ կան, որոնք մեզ համար վաղը լուրջ խնդիր են դառնալու, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.

«Այդ գնահատականները մասնագիտական մակարդակ չունեն, ուստի դրանք չեմ ուզում ոչ մի ձևով մեկնաբանել: Ես չգիտեմ, թե իրենց ով է խորհուրդ տալիս, կամ՝ ով է ասում, որ լավ է կամ վատ, ինչ խնդիրներ կլինեն: Շատ բաներ ես չէի անի, շատ բաներ առավել կանեի, առավել, քան կա»:

Այս համատեքստում լրագրողները հարցեր ուղղեցին 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար եղած Դավիթ Տոնոյանին նաև՝ կապված բանակին Սամվել Կարապետյանի ցուցաբերած օգնության հետ, դա եղել է էական, բազմազան և բավական օգտակար:

«Ես լսել եմ Նարեկ Կարապետյանին, նաև Սամվել Կարապետյանն է այդ հարցը բարձրացրել, թե հարցրեք պաշտպանության նախկին նախարարին: Ես միշտ զսպվածություն եմ ցուցաբերում սենսիտիվ հարցերի վերաբերյալ պատասխաններ տալուց, ինչը վերաբերում է պաշտպանության նախարարությանը, պաշտպանական համակարգին կամ նույն ռազմական գործողություններին, որոնք 44-օրյային են տեղի ունեցել: Զինված ուժերին աջակցությունը սենսիտիվ տեղեկատվություն է՝ կամ պետական գաղտնիք է պարունակում, կամ՝ ծառայողական գաղտնիք, դրա համար չեմ խախտի իմ պահվածքն՝ արտահայտելու կոնկրետություն որևիցե աջակցության վերաբերյալ: Միաժամանակ կարծում եմ, որ գնահատանքի է արժանի ցանկացած բարեգործություն ու աջակցություն զինված ուժերին, որոնք իրականացվել է մասնավորապես 44-օրյայի ժամանակ: Դա հավաքական մի ներուժ էր, որը պաշտպանության նախարարությանը, զինված ուժերին օգուտ է եղել։ Մասնավորապես նաև Սամվել Կարապետյանի աջակցությունը, որը բավականին էական, բազմազան է եղել: Եվ եղել է մինչև 2018 թիվը, եղել է 2018 թվականից մինչև ռազմական գործողությունները, հուսով եմ, որ հիմա էլ կա: Դա բազմակողմանի և էական է եղել, կարծում եմ, որ բոլորդ հասկանում եք, որ իր կարողությունների շրջանակում կարելի է գնահատել բավականին օգտակար: Այդ ամեն ինչը գրանցված է եղել պաշտպանության նախարարությունում»,- մանրամասնեց նա:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև Արշակ Կարապետյանի՝ նրա և Նիկոլ Փաշինյանի նամակագրության հրապարակմանը, որտեղ նաև իր անունն է շոշափվում:

«Դա իրենց գրագրությունն է եղել, որը չգիտես հիմա հրապարակվում է, իրենք են իրար հետ խոսել: Եվ այդ խոսակցության վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել, բայց արդեն հարցեր ունեմ երկուսին էլ»,-շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930